Skip to content

Տղամարդն ավելի լավ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցկացնում. Նարեկ Ջհանգիրյան

Նարեկին արդեն 3 տարի է՝ ճանաչում եմ. Վրաստան ուղևորվելիս ավտոբուսում կողքիս ուղևորն էր, այդպես ծանոթացանք ու դարձանք իրական ու «ֆեյսբուքյան» ընկերներԻսկ երբ նրա առաջին գործերը տեսա՝ հասկացա, որ 15 տարեկան պատանու անունը տարիներ հետո բոլորն են լսելու, ես էլ հիշելու եմ իրենից վերցրած այս հարցազրույցը

Նարեկին արդեն 3 տարի է՝ ճանաչում եմ. Վրաստան ուղևորվելիս ավտոբուսում կողքիս ուղևորն էր, այդպես ծանոթացանք ու դարձանք իրական ու «ֆեյսբուքյան» ընկերներԻսկ երբ նրա առաջին գործերը տեսա՝ հասկացա, որ 15 տարեկան պատանու անունը տարիներ հետո բոլորն են լսելու, ես էլ հիշելու եմ իրենից վերցրած այս հարցազրույցըԵրբ նոր էի ծանոթացել Նարեկի հետ դեռ միայն էսքիզներ էր անում, դրանից մեկ տարի անց իր առաջին նկարների ցուցադրությանը հրավիրեց: Այս տարիների ընթացքում նաև Նարեկի կարած զգեստները տեսա, իմացա, որ արդեն հաճախորդներ ունի, որոնց մեծ մասը Հայաստանից չեն: Վերջերս էլ Նարեկի ֆեյսբուքի էջից իմացա, որ զգեստների ցուցադրությանը ներկայացրել է իր աշխատանքները ու հասկացա, որ ոճաբան Նարեկ Ջհանգիրյանի հետ հարցազրույցի օրը եկել է

Որպես կանանց հագուստի մոդելավորող կամ ավելի կարճ ու «հայերեն» ասած դիզայներ, կարծում ես՝ կանանց հագուստի ընտրությունը տղամարդո՞ւ գործ է:

-Այո, դա հենց տղամարդկանց գործն է, որովհետև կին դիզայներներն ստեղծում են այնպիսի բաներ, որոնք իրենք են կրելու, իսկ տղամարդիկ հիմնականում անում են այդ ամենը, որ կողքից նայեն և հիանան: Տղամարդն ավելի ճիշտ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցիկ ցույց տալիս, ինչն է կնոջ ճիշտ կողմերն ընդգծում:

Քո մասնագիտությունը մեր երկրում պատկերացնո՞ւմ ես:

-Շատերն են ասում`այստեղ դա չկա, կկորես, կամ գուցե գնաս ուրիշ երկիր, բայց՝ չէ….Ես պատկերացնում եմ, որ կարո՛ղ է լինել, ու միշտ պատասխանում եմ՝ չէ, ուզում եմ մնալ ու այստեղ դա զարգացնել: Ուրիշ երկրներում դիզայներությունը շատ զարգացած է, մենք էլ գոնե այստեղ դա զարգացնենք:

[[wysiwyg_imageupload:146:]]

Իսկ դու հենց այդպես համարձակորեն ասո՞ւմ ես, որ չկա դիզայներություն մեր երկրում:

-Որպես արդյունաբերություն չկա, որովհետև այդ հասկացողությունը շատ լայն է, օրինակ, պիտի կտորի գործարաններ լինեն, որ կարողանաս հանգիստ գնալ ու քո ուզած կտորը պատվիրել, իսկ մենք չունենք այդ հնարավորությունը: Մեր հայ դիզայներները գնում են խանութ ու ինչ գտնում են, ստիպված դրանով են կարում, կամ ուրիշ երկրից են բերում կտորը, որն, իհարկե, ավելի թանկ է լինում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են հայ մոդելավորողների առաջարկած զգեստներն այդպես թանկ:

Մեր հայ ոճաբաններից ո՞ւմ գործերն ես հավանում:

-Արամ Նիկոլյանի ոճն է ինձ դուր գալիս, Վահան Խաչատրյանինը՝ նույնպես, իսկ մնացածն այդքան էլ չեմ հավանում:

Նարեկ, կրկին տղամարդ ոճաբանների առանձնացրիր. կանանց այս գործն անելիս չե՞ս պատկերացնում:


-Կանա՞նց, օրինակ, Դոնաթելա Վերսաչիին շատ լավ եմ պատկերացնում…

Կանանց հագուստ մոդելավորելու համար պե՞տք է հաճախ կանանց նման մտածել ու նաև որոշ պարագաներում նրանց հոգեբանությունն ունենալ:

-Կարծում եմ` պետք է շատ շփվել կանանց հետ, որ հասկանաս, թե ի՞նչ է ուզում կինը: Պետք է հասկանաս նաև, թե կինն ի՞նչ է ուզում իրենից ներկայացնել: Ինչ վերաբերվում է իմ հաճախորդներին՝ ես սկզբում ուզում եմ իրենց հետ շփվել ու հասկանալ, թե ինչ են ուզում, որ իրենց զգեստն արտահայտի, որովհետև, ըստ իս, զգեստը մարդու անհատականությունը ցույց տալու համար է:

Դժվար չէ՞ կանանց հետ աշխատել:

-Չէ, շատ եմ լսել, որ ասում են՝ դժվար է, բայց ինձ համար դեռ դժվար չի եղել, նույնիսկ շատ հետաքրքիր է: Հետաքրքիր է այն փոփոխությունը, որ, կարող է լինել, օրինակ, կինը կարող է գալ ու ասել՝ մի շատ ճոխ, վարդագույն զգեստ եմ ուզում, ու դու կարող ես նրան համոզել, որ հագնի մի շատ հասարակ զգեստ՝ լրիվ ուրիշ գույնի, ու նա համաձայնվում է: Կնոջ այ էտ միանգամից փոփոխությունը ինձ համար շատ հետաքրքիր է:

Նարեկ, վերջերս ցուցադրության ես մասնակցել, կպատմե՞ս այդ մասին:

[[wysiwyg_imageupload:147:]]

-Այն ամենամյա 2 օրանոց ցուցադրություն է, որը կազմակերպում է Գեղարվեստի պետական ակադեմիան, կոչվում է «Մի կտոր կրակ»: Մասնակցում էին 15-ը, միայն ես էի տղա և ամենաերիտասարդն էի, յուրաքանչյուրը ներկայացնում է ամենաքիչը 3 զգեստ: Այդ ցուցադրությունից հետո ճանաչվել եմ որպես ամենաերիտասարդ դիզայները, որը ցուցադրություն է ունեցել Հայաստանում:

Գրեթե բոլոր տղաների ծնողներն իրենց զավակներին պատկերացնում են իրավաբանի, ճարտարապետի, վիրաբույժի, տնտեսագետի կամ ծրագրավորողի դերում, բայց կանանց հագուստի ոճաբան, ըստ իս, քչերը կպատկերացնեն: Ծնողներիդ չզարմացրե՞ց քո ընտրությունը:

-Հա, իսկապես, չէին սպասում, այն էլ իմ ընտանիքը, որտեղ բոլորը կամ իրավաբան են, կամ տնտեսագետ, ուրիշ «շեղում» չկա իմ ընտանիքում: Մեկ էլ մի օր գալիս եմ ու ասում՝ ուզում եմ դառնալ դիզայներ: Իրենց համար իրոք շոկ էր, բայց լավ իմաստով էր շոկ: Սկզբում, ճիշտ է, մաման ասում էր՝ դե, դա ապագա չի, չէր ուզում, տատիկս էր միայն միշտ ոգևորում ինձ: Դպրոցական տարիներին մտածում էի դառնալ բժիշկ, ու սա էլ կողքից անել, ավարտական տարիներին բժշկականի համար կենսաբանություն ու քիմիա էի պարապում: Հետո չուզեցի՝ ավելի լավ է դիզայնն ընտրեմ ու կարդարացնեմ բոլորի սպասելիքները: Երբ ասում էի՝ առանց դիպլոմի էլ կարող եմ աշխատել, տատիկս ու պապիկս հիմնականում պնդում էին, որ առանց դիպլոմի չի ստացվի երբեք: Ես էլ ինքս իմ մեջ այդ նպատակն էի դրել, որ այս գործով կարելի է առաջ գնալ, այն էլ՝ մեր երկրում:

Հետո ես 8 տարեկանից էի նկարում, բայց թաքուն, ընտանիքս չգիտեր դրա մասին ու ընթացքում, որ նկատեցին, չէին մտածում, որ հենց այդ ուղով կգնամ: Հետո ամեն տարի ես ինքս ինձ զարգացնում էի, YouTube-ով հայտնի դիզայներներին էի հետևում, մեր տանն էլ միշտ Fashion TV-ին կար ու ենթագիտակցությանս մեջ միշտ նստած էր այդ ամենը:

[[wysiwyg_imageupload:148:]]- Ինչո՞ւ հենց կանանց զգեստներ:

-Կանանց դիզայնի առումով ես ավելի ազատ եմ, հետո կանայք տղամարդկանցից ավելի համաձակ են: Նրանք ամեն ինչ կարող են կրել. կինը պետք է աշխատանքի գնա, կհագնի տաբատ, պետք է խնջույքի գնա, կհագնի երեկոյան զգեստ, իսկ տղամարդու մոտ գործնականն ու երեկոյանն իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում: Հիմա, օրինակ, երբ եկավ Unisex-ը, զգում եմ, որ կարողանում եմ տղաների համար էլ զգեստներ մոդելավորել, մի քանիսն արել եմ ինձ համար, բայց կանանց մոդելի վրա եմ նկարել. տղամարդ նկարել դեռ չի ստացվում:

Մոդելավորելուց բացի՝ զգեստներն ինքդ ես կարում, չէ՞:

-Հա, անցած տարվա ամռային արձակուրդների ընթացքում գնացի դասընթացների ու 2 տարվա համար նախատեսված նյութը սովորեցի: Հիմնականում փորձում եմ ժամանակ չկորցնել, հասցնել ամեն ինչ անել, նույնիսկ երբ հանգստանալու եմ գնում, մասնագիտական գրքերս հետս եմ վերցնում, ֆիլմերս եմ վերցնում ու նաև գործս եմ միշտ հետս վերցնում ու շարունակում եմ կարել:

Այն տպավորությունն ստացա, որ դեռ վաղ տարիքից ես այդպիսին եղել. եղբայրներդ ու ընկերներդ խաղում են բակում, գոռգոռում, վազվզում, իսկ դու, մի կողմ քաշված, քո աշխարհում ես ապրում:

-Հա, ես այդպիսինն եմ եղել, որովհետև իմ նպատակը միշտ եղել է դառնալ ամենաերիտասարդ դիզայները, ու միշտ ուզել եմ ապացուցել, որ այս մասնագիտության համար դիպլոմ հարկավոր չէ:

[[wysiwyg_imageupload:149:]]-«Դիպլոմ հարկավոր չէ», բայց Գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսում ես սովորում: Ի՞նչ է քեզ տալիս համալսարանը:

-Դե, ամեն ինչից էլ կարելի է սովորել, մտածում եմ, որ պետք է ամեն պահն օգտագործել: Կան առարկաներ, որ ասում ես՝ սա ինձ ի՞նչ պետք է տա, բայց անցնելուց հետո հասկանում ես, որ շատ բան տվեց: Երբեմն այն դասախոսների հետ եմ կոնֆլիկտ ունենում, որոնց առարկաներից գաղափար ունեմ, դրանք կոնստրուկտավորումն ու կարն են: Երբ հասկանում եմ, որ ճիշտ չեն բացատրում, չեմ զսպում ինձ ու ասում եմ, իսկ դասախոսներն էլ չեն սիրում, որ իրենց սխալն ասում ես, հասկանում եմ…. Վերջերս էլ մի դասախոս երեխաներին ասել էր՝ թե ինչ-որ մի բան չեք հասկանում՝ դիմեք Նարեկին, կբացատրի…

Ուրիշ հոբի ունե՞ս, թե՞ միայն ու միայն նկարչություն:

-Միայն նկարչություն: Կարծում եմ՝ իմ բախտը բերել է, որ իմ աշխատանքն իմ հոբին է. դա ամենալավ բանն է, երբ կարողանում ես աշխատանքն ու հոբին համատեղել, դրանով գումար վաստակել ու բավականություն ստանալ…

Նարեկ, դու դեռ նույնիսկ չափահաս չես, չե՞ս կարծում, որ տարիներ հետո կարող ես հիասթափվել այս ամենից, համարել պատանեկան նախասիրություն:

-Դժվա՜ր… Այս ամենի մեջ փոքրուց եմ եղել, սա դարձել է իմ աշխարհը, մտածում եմ՝ եթե չանեմ, ինչո՞վ պետք է ապրեմ… Այս ամենն արդեն շատ խորն է իմ մեջ…

Լուսանկարները` Նարեկ Ջհանգիրյանի անձնական արխիվից

Սույն հարցազրույցը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում