Հարցազրույց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի հետ
– Դուք մասնագիտությամբ երաժիշտ եք, «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիրներից մեկը: Կպատմե՞ք երգչախմբի կայացման և ձեռքբերումների մասին:
Հարցազրույց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի հետ
– Դուք մասնագիտությամբ երաժիշտ եք, «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիրներից մեկը: Կպատմե՞ք երգչախմբի կայացման և ձեռքբերումների մասին:
– Մեր երգչախումբը քսան տարուց ավել բուռն գործունեություն է ծավալում: Այն սկսվել է որպես ռեաբիլիտացիայի միջոց Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, հետո գրավել բավական մեծ բեմեր: Հաջողությամբ մասնակցել ենք տարբեր մրցույթների, շեշտեմ՝ ոչ թե հաշմանդամության հետ կապված մրցույթների, այլ ընդհանրապես արվեստին, երաժշտությանն առընչվող մրցույթների: Մեր վերջին ձեռքբերումը եղել է մասնակցությունը 2014-ին Ռիգայում կայացած համաշխարհային երգչախմբային խաղերին, որտեղից եկանք երկու արծաթե մեդալով: Մյուս տարի Սոչիում կայանալու են հերթական համաշխարհային խաղերը, որոնք նաև կոչվում են երգչախմբերի օլիմպիական խաղեր և արդեն հույսեր ունենք, որ հնարավոր է ոսկե մեդալով վերադառնանք:
– Վերջերս «Փարոսը» նոր գեղարվեստական ղեկավար ունի: Ինչպե՞ս է ընթանում ձեր համագործակցությունը, չէ՞ որ ինքներդ էլ երաժիշտ եք:
– Արժե, մեր անցած ուղին հիշելով, խոսել մեր հիմնադիր մաեստրոյի՝ Վաչագան Նավասարդյանի մասին, որը տարիներ շարունակ ղեկավարեց երգչախումբը: Այնուհետև նրան փոխարինեց երիտասարդ խմբավար Րաֆֆի Միքայէլեանը, որն ահագին զարգացրեց երգչախումբը, և մենք միջազգային ասպարեզում ձեռքբերումներ ունեցանք հենց նրա՛ շնորհիվ: Բրատիսլավայում կայացած հերթական մրցույթից վերադարձանք երկու բրոնզե մեդալով և հատուկ մրցանակով: Րաֆֆին մեկնեց ԱՄՆ ուսումը շարունակելու նպատակով, ուստի մենք ստիպված էինք նոր գեղարվեստական ղեկավար նշանակել: Հիմա «Փարոսի» խմբավարն է Մանուէլ Օհանյանը: Դեռ կայացման փուլում է նոր խմբավարի և երգչախմբի համագործակցությունը, կան որոշ անելիքներ, որպեսզի նույն՝ բարձր մակարդակի փոխըմբռնում լինի և ստեղծագործական աճ: Պրոֆեսիոնալ դիրիժոր է, շատ մոտիվացված երիտասարդ, համոզված եմ, որ մենք առաջ կգնանք՝ ավելի լավ արդյունքներ գրանցելով: Երգացանկի, երաժիշտների ընդունման հարցերում որոշակի դեր ունեմ, բայց իմ հիմնական անելիքը կազմակերպչական է:
– Ի՞նչ դեր ունի արվեստը Ձեր կյանքում:
[[wysiwyg_imageupload:152:]]- Ես արվեստագետ եմ, բնականաբար, արվեստը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Ցավոք սրտի՝ հնարավորություն չունեցա շարունակելու ջութակահարի իմ կարիերան: Միգուցե, եթե ավելի երիտասարդ լինեի, կունենայի այդ հնարավորությունը, որովհետև դա ինձ ամենահոգեհարազատ ոլորտն է: 90-ական թվականներին մենք, կարելի է ասել, հարյուր տոկոսանոց անմատչելիություն ունեինք մեր քաղաքում և մեր մշակութային վայրերում: Խանգարում էր ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման անմատչելիությունը, այլև կարծրատիպային մտածելակերպը, որ հոգեբանական ճնշվածության էր հանգեցնում: Ես ստիպված էի չշարունակել իմ կարիերան որպես երաժիշտ:
– Հայտնի է, որ Դուք մեծ պոտենցիալ ունեցող ջութակահար եք եղել: Հետ նայելով՝ չե՞ք զղջում:
– Իհարկե զղջում եմ և երբևէ դա չեմ թաքցրել: Երևի իմ առաքելությունը հենց դա կարող էր լինել, ուղղակի այդպես դասավորվեց: Ես մենակատարի կարիերա էի պատկերացնում, համերգային ծրագրերով, իսկ Հայաստանում դա, զուտ տեխնիկական պատճառներով, հնարավոր չէր… Կարծում եմ՝ ամեն ինչ ունի իր իմաստը: «Չկա չարիք՝ առանց բարիք» ասվածն այս ոլորտում էլ որոշակի դրսևորում ունի: Այնուամենայնիվ արվեստից շատ չեմ հեռացել, քանի որ «Փարոս» երգչախումբն իմ գործունեության կարևորագույն մասն է:
– Դուք ուժեղ անհատականություն եք. քսաներկու տարեկանում ձեռք բերելով հաշմանդամություն՝ կարողացանք առաջ գնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ամենակարևորը, ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված անձանց:
– Խորհուրդ կտամ լինել լավատես, թևաթափ չլինել, անպայման գտնել այն ուղիները, որտեղ անձը կարող է իրականացնել իր ներուժը, նպատակները և երազանքները: Սրանք միգուցե ամպագորգոռ խոսքեր թվան, բայց իրականությունը դա է: Աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն տվյալներ, մոտիվացիա, կարող են առաջ գնալ: Օրինակ՝ եթե լսում ես ինչ-որ երաժշտի կատարում, դու մոռանում ես նրա հաշմանդամության մասին, որովհետև մարդը ուղղակի հաճույք է ստանում իր գործից: Բոլոր դեպքերում, նույնիսկ մեր երկրում, որտեղ դեռ շատ անելիքներ կան, անպայման մի ոլորտ կգտնվի, որտեղ մարդը կկարողանա իրեն դրսևորել և ընտանիք պահել: Մի խոսքով՝ թող չլինեն պասիվ, այլ լինեն սովորական, ակտիվ քաղաքացի:
– Կպատմե՞ք Ձեր պատանեկության մասին: Ինչպե՞ս կարողացաք հաղթահերել Ձեզ հետ կատարվածը:
– Մեղմ ասած՝ շատ մեծ սթրես էր: Քսաներկու տարեկանում ոչ մի խնդիր չունեցող երիտասարդը՝ լի նպատակներով և խոստումնալից ապագայի հույսերով, հանկարծ կես ժամվա ընթացքում կորցնում է քայլելու ընդունակությունը: Պետք էր գիտակցել, որ դա ժամանակավոր ինչ-որ գործընթաց չէր, այլ մշտական վիճակ, չնայած մեր կյանքում ոչինչ մշտական չէ: Դա շատ կարևոր փուլ է ցանկացած մարդու համար, այն է՝ հասկանալ, ըմբռնել իրականությունը և ըստ այդմ պլանավորել հետագա կյանքը: Մեզ մոտ հիմա շատ տարածված երևույթ է դրամահավաքներ կազմակերպելն ու ասելը (չակերտների մեջ եմ նշում, որովհետև չեմ սիրում այս արտահայտությունը), «այդ երիտասարդը գամվեց սայլակին, եկեք օգնենք»: Թվում է՝ ինչ լավ, վեհ գաղափար է, եկեք համախմբվենք, օգնենք, բայց արդյո՞ք նրանք ոտքի կկանգնեն: Եթե փոխաբերական իմաստով ասենք՝ հնարավոր է կարիերա, ընտանիք ստեղծել և այլն, բայց կան իրավիճակներ, որտեղ բժշկությունն անզոր է փոփոխություններ կատարել: Այստեղ շատ կարևոր է, որ տվյալ անհատը հասկանա իրավիճակը և, փրփուրներից կախվելու փոխարեն, իր առջև դնի հասանելի նպատակ, այն է՝ լինել ակտիվ, սովորել, կրթվել և չկենտրոնանալ հաշմանդամության վրա:
[[wysiwyg_imageupload:150:]]
– Երբևէ մտածե՞լ ենք այլ երկրում ապրելու մասին:
– Ոչ: Կասեի հակառակը՝ երբ արտասահմանում եմ լինում, հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի չընդհատեմ ուղևորությունը: Սա ուղղակի հայրենասիորություն չէ: Ես սիրում եմ իմ երկիրը, և ինձ համար խորթ են այլ բարքերը: Այդտեղ չկա շրջապատ, շփվելու հնարավորություն, քեզ լիարժեք մարդ զգալու հնարավորություն՝ ինչքան էլ տարօրինակ հնչի: Պետք է ապրես այնտեղ, որտեղ կարող ես ինչ-որ բանի հասնել:
– Ձեր մանկության ամենավառ հիշողությո՞ւնը:
– Կոնկրետ այդպիսին չունեմ: Եթե անկեղծ լինեմ՝ կյանքս կարծես բաժանված է երկու մասի: Ինձ ուրիշ մարդ եմ զգում մինչև քսաներկու տարեկանը և քսաներկուսից հետո: Երբ ինչ-որ բաներ վերհիշում եմ, թվում է, թե դրանք ուրիշի հետ են կատարվել: Շատ վառ հիշում եմ ջութակահարների մրցույթին իմ առաջին մասնակցությունը: Ես ընդամենը երրորդ դասարանցի էի և առաջին կարգի մրցանակ ստացա, բայց չդարձա մրցույթի հաղթող: Դա ինձ համար և՛ հիասթափություն էր, և՛ մոտիվացիա:
– Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը:
– Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում: Աշխատանքային օրս ավարտելուց հետո տուն եմ գնում և, հիասթափեցնելով ընտանիքիս անդամներին, նորից սլանում դեպի համակարգիչը: Բնականաբար ինձ համար ամենաթանկ ժամանակն իմ ընտանիքի, երեխայիս հետ անցկացրած ժամանակն է:
– Գիտեմ, որ Դուք հիանալի ընտանիք ունենք, սակայն հաշմանդամություն ունեցող անձանցից ոչ բոլորին է հաջողվում ընտանիք կազմել: Կարծում եք դա ավելի շատ սոցիալակա՞ն, թե՞ հոգեբանական խնդիր է:
– Կարծում եմ՝ երկուսն էլ: Կան մարդիկ, որոնք հոգեբանորեն այնպիսին են, որ ընտանիք կազմելու քիչ շանսեր ունեն ոչ թե հաշմանդամության, այլ բնավորության մռայլ գծերի պատճառով: Կան, ընդհակառակը, լավատես, պայծառ, պոզիտիվ մարդիկ, որոնց հաշմանդամութունը չի էլ զգացվում, մարդ կարող է սիրահարվել այդպիսի անձի:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
– Կնոջս հետ ծանոթացել եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա աշխատում էր որպես բուժքույր: Շփվելով գտանք շատ նմանություններ: Զգացմունքը, կարծում եմ, և՛ տարբեր է, և՛ նույնը, կապ չունի՝ մարդը հաշմանդա՞մ է, թե՞ ոչ: Իսկական ընտանիքը փոխադարձ սիրո և հարգանքի վրա է հիմնված:
Կինս ավարտել է կոնսերվատորիան որպես երաժշտագետ, այժմ նաև լուսանկարչությամբ է զբաղվում, և մենք միասին շատ նախագծեր ենք իրականացնում: Փորձում ենք գտնել հետաքրքիր, լավատեսական կադրեր և անմիջապես ֆիքսում ենք: Օրինակ՝ հղի կին՝ անվասայլակի վրա: Չենք կենտրոնանում ստանդարտ, մռայլ նկարների վրա, որտեղ մեծ պլանով երևում է մարդու հաշմանդամությունը: Երեխաս նույնպես երաժշտություն շատ է սիրում, հանդես է գալիս «Արևներ» մանկական համույթում, հաճախում է Սայաթ-Նովա դպրոց: Շատ է ծանրաբեռնվածությունը, արդեն պետք է ընտրություն կատարի, բայց մենք փոքր տարիքից փորձել ենք նրան հնարավորինս ազատություն տալ որոշումներ կայացնելու հարցում:
– Կյանքում հուսահատության պահեր ունենո՞ւմ եք, ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:
– Բոլորն էլ այդպիսի պահեր ունենում են: Միգուցե աշխատանքս ինձ օգնում է, որպեսզի շատ չկենտրոնանամ այդ պահերի վրա և հաղթահարեմ հենց զբաղվածությանս շնորհիվ: Ընտանիքս էլ ինձ շատ է օգնում և ուժ տալիս: Մայրս և տատս ինձ միշտ աջակցել են: Կարելի է ասել՝ այն, որ ես հաշմանդամություն ձեռք բերելուց հետո շարունակեցի ապրել՝ հենց իմ ընտանիքի շնորհիվ էր: Ամեն ինչ արվեց, որպեսզի հնարավորինս վերականգնվեմ՝ սկսած առողջականից մինչև հոգեբանական… Հիմա կինս է միշտ ինձ հետ ամեն հարցում, միասին ենք աշխատում, շարունակում ենք լինել ոչ միայն ամուսիններ, այլև գործընկերներ: Որդիս էլ չափազանց զգայուն է այդ հարցում: Նկատել եմ, որ հատկապես անվասայլակից օգտվողների երեխաները չափազանց ուշադիր են: Օրինակ երեկ, երբ գնացել էի հանրաքվեի, երեխաս նկատել էր, որ ավելի հարմար մուտք կա և փորձում էր ինձ օգնել:
Արմեն Ալավերդյանը, լավատեսական նոտայով զրույցն ավարտելով, նշեց, որ իր ամենամեծ երազանքը մեր երկրում վառ անհատականություններ տեսնելն է: «Երազում եմ այն օրվա մասին, երբ մարդիկ, փոխանակ ֆիքսվելու մռայլ, անհետաքրքիր, գորշ երևույթների վրա, կփորձեն ամեն ինչում տեսնել լավն ու պայծառը»:
Լուսանկարները անձնական արխիվից
Սույն հարցազրույցը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում