Skip to content

«Ձեզ էլ նույնն եմ մաղթում». Լիլիթ Բլեյան

– Լիլիթ, ինչպե՞ս եք սիրում ներկայանալ՝ լրագրո՞ղ, երգչուհի՞, հեղինակ-կատարո՞ղ:

 – Լրագրող՝ արդեն միանշանակ՝ ոչ: 2012 թվականից հետո ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ ոլորտի հետ: «Ա1+» կայքի համար պրոյեկտ էի անում, հետո վերջացավ: Շատ սիրուն ամփոփվեց, կարիք չեղավ երկար մտածելու: Հետո մի քանի առաջարկ եղավ, բայց որոշեցի, որ՝ չէ: Զգում էի, որ կոնֆլիկտ կա իմ մեջ, չէի ուզում շարունակել: Լավ նոտայի վրա փակել էի այդ էջը, որոշեցի այդպես փակ էլ թողնել:

 – Սովորել եք ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետում, այսինքն՝ բանասեր եք: Ինչպե՞ս հայտնվեցիք լրագրության ոլորտում:

– Լիլիթ, ինչպե՞ս եք սիրում ներկայանալ՝ լրագրո՞ղ, երգչուհի՞, հեղինակ-կատարո՞ղ:

 – Լրագրող՝ արդեն միանշանակ՝ ոչ: 2012 թվականից հետո ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ ոլորտի հետ: «Ա1+» կայքի համար պրոյեկտ էի անում, հետո վերջացավ: Շատ սիրուն ամփոփվեց, կարիք չեղավ երկար մտածելու: Հետո մի քանի առաջարկ եղավ, բայց որոշեցի, որ՝ չէ: Զգում էի, որ կոնֆլիկտ կա իմ մեջ, չէի ուզում շարունակել: Լավ նոտայի վրա փակել էի այդ էջը, որոշեցի այդպես փակ էլ թողնել:

 – Սովորել եք ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետում, այսինքն՝ բանասեր եք: Ինչպե՞ս հայտնվեցիք լրագրության ոլորտում:

– Ինչպես իմ կյանքում հաճախ է պատահում՝ պատահականությունների և սպոնտանության արդյունք էր: Խնդիրն այն է, որ ես միշտ գրել եմ, դա խոսելուն զուգահեռ է սկսվել: 12 տարեկանում  մասնակցել եմ պատանի լրագրողների միութենական հավաքի: Չեմ կարող ասել, որ երազել եմ դառնալ հեռուստալրագրող: Սիրում էի իսպաներենը, գիտակցված ընդունվել եմ այդ բաժինը: Պատահականության շղթայի միջոցով ես մտա հեռուստատեսային լրագրություն: Մի օր ծանոթներիցս մեկը հայտարարությունների մի թերթիկ գտավ. «Ա1+»-ը հավաքում էր հեռուստալրագրողների առաջին փորձնական խումբը: Դա 1996 թիվն էր, մենք էլ 17-18 տարեկան էինք ու որոշեցինք փորձել: Ընդունվեցինք, կուրսերն ավարտեցինք: Ես նույնիսկ մրցանակ ստացա՝ Մարսելում վերապատրաստվելու հնարավորություն: Հետագայում այդ խումբը դարձավ «Ա1+»-ի աշխատակազմի կորիզը: Սովորելուն զուգահեռ աշխատում էի. առավոտյան գնում էի դասի, հետո աշխատանքի և երբեմն հասնում էի տուն:

– Այդ շրջանում ի՞նչ թեմաներ էիք լուսաբանում և ի՞նչ թեմաներ էիք ուզում լուսաբանել:

– Սա այն դեպքն է, երբ մասնագիտական զարգացումը տեղի է ունենում անձի զարգացմանը զուգահեռ: Ես մի քիչ հետաքրքրասեր մարդ եմ, սիրում եմ ամեն ինչ տեսնել, հասկանալ, երբեմն՝ շատ խորանալ մի թեմայի մեջ: Այս իմաստով հեռուստատեսային լուրերը իդեալական էին այդ շրջանում: Չէիր հասցնում հոգնել: Սկսում էի հասկանալ ինչն է ինձ հետաքրքիր, ինչը՝ ոչ:  Ինձ հետաքրքիր չէր լուսաբանել մեր՝ մինչև այսօր քաղաքական չդարձած, փնթի վիճակում գտնվող դաշտը: Ավելի հետաքրքիր էր այն ֆորմատը, որ հետագայում «Ա1+»-ն ինձ առաջարկեց կայքում անել. վերցնել մայր թեմա, ինֆորմացիոն հոսքի մեջ գտնել ճշմարտությանը մոտեցող մի պատկեր, փորձել հնարավորինս դա բացել, հրավիրել մասնագետների և ներկայացնել տարբեր կարծիքներ: Ոչ թե ձևացնել, որ լուսաբանում ես, ինչը սովորաբար մեր լուրերի թողարկումներում տեղի է ունենում: Դրա պատճառով էլ վաղուց արդեն լուրեր չեմ նայում:

– Եվս մեկ հարց լրագրությունից. ինչպե՞ս եք գնահատում 90-ականների լրագրությունը:

– Սկզբնական փուլը շատ հետաքրքիր էր, նոր էր ամեն ինչ: Մենք դեպքի վայրից հեռախոսով մտնում էինք ուղիղ եթեր: Մեդիա ներկայացուցիչներն սկսեցին փող աշխատել և ներդրումներ անել  ինչ-որ փայլուն արտադրանքի վրա:  Մարդկային պոտենցիալի զարգացումը պակաս կարևոր էր: Կային լրագրողներ, որ կարող է թվալ սովետական շրջանից մնացած էին, բայց ինֆորմացիայի որոշակի ծավալ էին իրենց մեջ կրում, անցումային փուլն արդեն հաղթահարել էին, անկախությունը իրենց մաշկի վրա էին զգացել: Որպես բարոմետր իրենց կարելի էր վստահել: Այդ փուլը մենք կորցրինք ցավոք սրտի: Չնայած կար «Ինտերնյուս»-ը, ուրիշ կազմակերպություններ, բայց քիչ էին: Գործող մեդիաները պետք է դառնային կրթող: Պատվերը նրանցից պետք է գնար համալսարաններ ու այնտեղ էլ հասկանային, թե ինչ պահանջարկ կա, ինչ ծրագիր պետք է կազմեն: Չլրջացավ, չաճեց, չդարձավ այն, ինչ պետք է ունենայինք:

– Վաղ տարիքից եք սկսել գրել, նաև արձակ գործեր ունեք: Հրապարակվե՞լ են դրանք:

– Մի քանի բան տպվել է: Փոքրիկ պատմվածքներ էի գրում, «Առավոտ»-ում է տպվել մեկը: Լուրերից է մնացել երևի այդ բանը՝ սեղմել, խոսքի կարճն եմ սիրում:

– Ձեր երգերն էլ են կարճ, այդպես չէ՞:

– Երգերիս մեջ եթե մի ավելորդ բառ լինի՝ ազդանշանի պես միանում է: Աշխատում եմ, որ նույնիսկ ավելորդ մեկ հնչյուն չլինի:  Ինչքան մինիմալ, այնքան ավելի լավ: Ես ընդհանրապես մինիմալիստ եմ: Մատանի էլ չեմ կարողանում դնել:

– Հետաքրքիր է՝ լրագրությունից անցումը երգարվեստ սահո՞ւն եղավ, թե՞…

– Այո: Դե անցումը ո՞րն է, երգեր գրել եմ շատ փոքր տարիքից: Իմ գրած երգերը կատարում էինք մանկապարտեզում: Հետո համալսարանում համակուրսեցուս հետ դուետներ էինք երգում, բայց չէր լրջանում այդ ամենը: Սովորական էի դրան վերաբերվում, հետո հանկարծ հասկացա՝ ինչո՞ւ ոչ:

– Գիտեմ, որ Ռուբեն Հախվերդյանը գնահատական է տվել Ձեր երգերին: Ինչպե՞ս եղավ:

– Մենք մտերիմ էինք ընտանիքներով: Մի անգամ փոքրիկ դեմո տարբերակներ էի սարքել, ինքն էլ մեր տուն հյուր պիտի գար, ասացի դնեմ, լսիր, ուզում եմ տալ ինչ-որ մեկը երգի: Ինքն էլ լսեց, ասաց՝ ոչ մեկին էլ չտաս, դու էլ կերգես: Հետո հեռախոսը վերցրեց, զանգեց Նարինե Զարիֆյանին, ասաց՝ մի աղջիկ է գալու, կլսես երգերը: Ռուբիկի ներդրումը մեծ էր: Հետո իր կիթառիստներից Տիգրան Տեր-Ստեփանյանն իմ 2-րդ սկավառակի երգերն է գործիքավորել: Տիգրանն ընդհանրապես իմ երաժշտական կարիերայում որոշիչ դեր է խաղացել: Նա ասաց՝ եթե ուզում ես քո երգերը ապրեն, պետք է կենդանի ներկայացնես: Ես վախեցա ու ասացի, եթե պետք է կենդանի երգեմ, ուրեմն դու էլ պետք է նվագակցես:

– Ձեր երգերի գործիքավորումներում ո՞ր գործիքն եք հատկապես սիրում օգտագործել:

– Բազային գործիքը, որը միշտ լինելու է՝ կիթառն է, քանի որ Տիգրանը կիթառիստ է, իր գործիքով է մտածում: Եթե մենք ունենք կիթառ ու թավջութակ, կարող ենք ամբողջական համերգ տալ:

– Ուզում եմ խոսենք հայ հեղինակ-կատարողներից. լսո՞ւմ եք նրանց:

– Մենք մի քիչ ստերեոտիպային ենք մտածում: Ես չգտեմ՝ ինչ է նշանակում հեղինակ-կատարող, շոու բիզնես: Կարծես դրանք գտնվում են երկու տարբեր ափերում և դրանց միջով ինչ-որ ընդարձակ գետ է հոսում, որը հնարավոր չէ կտրել-անցնել: Շոու բիզնեսի շատ վառ ներկայացուցիչներ դրսում հենց հեղինակ-կատարողներ են: Ինձ հաճելի է, երբ մարդը կատարում է իր երգը: Կան մարդիկ, ովքեր շատ սիրուն ներկայացնում են ուրիշների երգերը, դա էլ է արվեստ: Ես ընդհանրապես կուզեի, որ բոլորը հեղինակ-կատարողներ լինեին, և դա վերածվեր բիզնեսի՝ դառնար փող աշխատելու ձև, որովհետև դա է պրոֆեսիոնալիզմը:

– Ինչպե՞ս է լինում՝ երգ, հետո՞ տեքստ, թե՞ տեքստ, հետո՝ երգ:

– Երկուսն էլ լինում է: Հաճախ միաժամանակ են գալիս: Բառերը, իրենց ռիթմը թելադրելով, բերում են երաժշտությունը: Դրա համար էլ անգլերեն երգերս տարբեր են իսպաներենից, որովհետև հենց անգլերենի ռիթմով են: Կարող է ոճային առումով նման լինեն, բայց իրենց մեջ կա այդ տարբերությունը: Ավելի շատ պահի, տեսարանի ազդեցությունն է: Տեքստեր կան, որ երբեք երգեր չեն դառնում:

– Ձեր երգերի մեջ ամենաշատ օգտագործվող բառերից է քաղաքը: Ուզում եմ հասկանալ՝ քաղաքը Ձեզ համար ֆիզիկակա՞ն, թե՞ հոգևոր միավոր է:

– Դա բնական է, ծնվել ու ապրել եմ քաղաքում, ճամփորդել եմ քաղաքներում: Ինչքան էլ սիրեմ բնությունը, հատկապես՝ ծովը, այն ինձ համար նայելու, տեսնելու, զգալու համար է, իսկ որպես ապրելու միջավայր չեմ պատկերացնում: Իմ հարմոնիան քաղաքն է՝ փողոցները, սրճարանները, հանդիպող ծանոթները: Սա այն միավորն է, ինչին ես սովոր եմ, ինչի մասին ես տեղեկություն ունեմ ու ինչի վրա ես ինչ-որ ձևով կարող եմ ազդել: Այլ միջավայրում ես ինձ հասկացված չեմ զգա և չեմ հասկանա: Մի տեսակ շատ կենդանի է այս օրգանիզմը: Շենքերը ոնց որ մարդու պես փոխվեն, քաղաքը մեկ երես է առնում, մեկ-մեկ իրեն փչացնում են կամ զարդարում են անհասկանալի, բայց ինքն անընդհատ մերն է մնում:

– Ձեզ համար կա՞ն պարտադիր բաղադրիչներ, որոնք քաղաքը քաղաք են դարձնում:

– Հա, քաղաքը պետք է ստեղծված լինի մարդու համար, ոչ թե մարդը քաղաքին հարմարվի: Աշխարհում կան բազմաթիվ  քաղաքներ՝ երբ քայլում ես, զգում ես, որ քեզնից առաջ մեկը քայլել է այդ տեղով, քո փոխարեն մտածել է, ու այդ մեկը եղել է այդ քաղաքի պատասխանատուներից: Մեր քաղաքն այդ վարդագույն քաղաքներից չէ: Շատ հարցեր կան, որ մի որոշման, խնդիր դնելու արդյունք են: Քաղաքը շատ սինթետիկ է, մենք արտաքինից զարդարում ենք, բայց  բնակիչները մնում են դժգոհ: Քաղաքը  չպետք է ձևական սիրուն լինի, մենք դեռ կարիք ունենք մեր քաղաքը էլեմենտար կերպով հարմարեցնելու:  Քաղաքն ու բնակիչները անընդհատ իրար հետ կոնֆլիկտ ունեն:

– Շատ եք ճանապարհորդում: Մեծ ու փոքր քաղաքները, որտեղ լինում եք, ինչպե՞ս են Ձեզ վրա ազդում:

– Հաստատ անդրադառնում է, գոնե այնքանով, որ հանկարծ ինքս ինձ համար հայտնաբերում եմ Երևանից դուրս տեղեր, որտեղ կուզեի էլի լինել: Քաղաքը, ի վերջո, խոսում է իր մարդկանցով, նրանք են այդ քաղաքի լեզուն: Մյուս քաղաքներում էլ գտնում եմ մարդկանց, որոնք դառնում են շատ հարազատ: Ես ունեմ ընկերուհի, որ ապրում է Գերմանիայի հյուսիսում, շատ էմոցիոնալ մարդ է: Իրեն ճանաչելուց հետո սկսեցի Գերմանիայի այդ մասը սիրել: Քաղաքը սիրելով՝ մենք առաջինը այնտեղի բնակիչներին ենք սիրում: Այսպես աշխարհը ինձ համար ավելի է կոմպակտանում, սիրունանում: Գուցե նրանից է, որ ես ամեն ինչում փորձում եմ լավը տեսնել:

– Ձեր երգերը բացահայտել եմ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի միջոցով, որում հնչում է Ձեր  «Քաղաքից քաղաք» երգը: Հետաքրքիր է, ինչպե՞ս համաձայնեցիք տալ Ձեր երգը:

– Շատ մեծ սիրով: Ես երկու հեղինակներին էլ՝ Սոնային և Մարինեին, շատ եմ սիրում: Նույնիսկ իրենց  ազգանուններն են նույնը՝ չնայած քույրիկներ չեն: Սիրուն համադրություն է ստացվել: Ֆիլմը դեռ չէի տեսել, բայց գիտեի, որ եթե իրենք են անում՝ ուրեմն հաստատ լավն է լինելու: Հիմա, երբ այստեղից այնտեղ են գնում ու մրցանակները հավաքած գալիս, ինձ համար այնքան նորմալ է: Ֆիլմը տեսնելուց հետո ասացի, որ այն բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես կարելի է անել ճիշտ՝ սկսած օպերատորական աշխատանքից մինչև երաժշտական ձևավորում: Ես երգը չեմ գրել իրենց ֆիլմի համար, բայց իրենք վերցրին ու սիրուն օգտագործեցին:

– Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ Ձեր մայրը երաժշտությունն է, հայրը՝ գրականությունը: Ինչպե՞ս են նրանք Ձեզ ձևավորել:

– Իրականում բախտ եմ ունեցել ծնվել այդպիսի միջավայրում: Ճիշտ է, հայրիկին մենք շատ հաճախ չէինք տեսնում մինչև քնելը: Հետո գալիս էր ու հասցնում էր իր բաժին հեքիաթը կարդալ: Անհնար է, որ այն իր ազդեցությունը չունենար: Հիմա, երբ ես հասցնում եմ նույնը անել երեխաներիս՝ արդեն փոքրիս համար, պարտքս կատարած եմ զգում: Բայց դա միայն հեքիաթ պատմելը չէ, գեների խառնուրդ է: Մայրիկը երաժշտական ունակություններ ուներ, իրենց դա եմ վերցրել, իսկ հայրիկից՝ խոսքի մշակույթը: Բացի այդ՝ ինտերնետ չկար, շատ էինք կարդում:

– Լիլիթ, երկու բալիկ ունեք: Ինչպե՞ս եք նրանց դաստիարակում, ի՞նչ են կարդում, լսում:

– Մեծը շուտով 14 կդառնա, փոքրը 6 տարեկան է, նոր է սկսել կարդալ: Մի քանի օր առաջ երգերի տեքստերն էին ընկել ձեռքը, շատ լուրջ կարդում էր: Էդիտ Պիաֆի «Մեկօրյա սիրահարները» երգի թարգմանությունն էր: Ուզում էի ասել, դե գոնե այդ մեկը մի կարդա, դա քո տարիքի չէ… Մեծ աղջիկս ինքն է որոշում, ես իրեն խորհրդով եմ միայն կողմնորոշում: Մի քանի օր առաջ դպրոցի գրադարանից Դոստոևսկու «Ապուշը» գրկած բերել էր: Փորձեցի ասել, որ, մինչև այդ գիրքը կարդալը, գրքերի ինչ-որ քանակ պետք է կարդաս: Բայց տասը-տասներկու էջ կարդաց: Ինքն իր վրա աշխատելու պահանջն արդեն զգում է: Ես էլ զգում եմ, որ եթե ուղիղ տեքստով ասեմ, պատի կարող եմ հանդիպել, կողքից բաներ եմ ասում, իբրև թե ինքն էր այդ ուզում ասել, ոչ թե ես եմ ուզում իրեն հասկացնել: Երկուսն էլ ծնվել են իրենց կարծիքով, ես պիտի փորձեմ ուղղակի կողքից օգնել:

– Ավելի շատ ընկե՞ր եք:

– Դե հա, տարբերակ չկա: Փորձում եմ խստություն բանեցնել, հետո հասկանում եմ, որ անօգուտ է: Մի քիչ էլ կմեծանան՝ ավելի ընկեր կլինեն:

– Հնարավո՞ր է, որ երբևէ վերադառնաք լրագրություն:

– Վերջին շրջանում երբեք չեմ ասում կտրուկ բառեր՝ երբեք, ոչ մի դեպքում, բացառված է: Ոչ մի բան չեմ կարող բացառել, միայն մի բան գիտեմ, որ լուրերը ինձ չեն ձգում: Եթե հետաքրքիր մշակութային, երաժշտական նախագիծ լինի, ես զգամ, որ ասելիք ունեմ՝ հնարավոր է, բայց կիսատ-պռատ, ձևական ոչ մի բան էլ չեմ անի, Ձեզ էլ նույնն եմ մաղթում:

 

Լուսանկարի հեղինակը՝ Տաթև Հակոբյան

Սույն հարցազրույցը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում