Skip to content

Արքմենիկ Նիկողոսյան. «Փորձում ենք գտնել յուրահատուկ լեզուներին տիրապետող թարգմանիչներ»

«Երևանի բեսթսելեր» նախագիծն արդեն երրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության միջոցով ներկայացնում է Հայաստանում ամենապահանջված գրքերը: Օրերս կազմակերպվել էր նաև «Տարվա բեսթսելեր» 2016թ.

«Երևանի բեսթսելեր» նախագիծն արդեն երրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության միջոցով ներկայացնում է Հայաստանում ամենապահանջված գրքերը: Օրերս կազմակերպվել էր նաև «Տարվա բեսթսելեր» 2016թ. մրցանակաբաշխությունը: «Արմենպրես» լրատվական գործակալության նախագծի շրջանակներում բեսթսելերների տարվա հրատարակիչ ճանաչվեց «Անտարես» հրատարակչությունը, իսկ ամենապահանջված թարգմանությունների կատարող` Կարլեն Մատինյանը, ով հայերեն է թարգմանել Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրուցեցինք գեղարվեստական գրականության թարգմանություններին ու հրատարակմանն առնչվող հարցերի ու խնդիրների շուրջ:

– Ինչպիսի՞ գրականություն է ընտրվում թարգմանության համար, և որո՞նք են ընտրության չափորոշիչները:

– Չափորոշիչները մեր երկրում յուրահատուկ են: Տարիների ընթացքում մենք բազմաթիվ թարգմանական բացթողումներ ենք կուտակել դեռևս խորհրդային ժամանակներից սկսած, երբ գաղափարական, գրաքննական տարբեր պատճառներով շատ հեղինակներ չեն թարգմանվել, կամ թարգմանվել են ռուսերենից, դրա համար հիմա մեր գերխնդիրն է թարգմանել այն հեղինակներին, որոնք չեն թարգմանվել, և երկրորդ` հետևել աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, այսինքն` տեսնել` ինչ լավ գրողներ կան, ինչ լավ գրքեր կան, և դրանք թարգմանել:

Իհարկե, մենք ունենք խորհուրդ` միանձնյա չենք որոշում, կարդում ենք, որոշում ենք թարգմանել, ձեռք ենք բերում հեղինակային իրավունքներ և հրատարակում ենք: Հաշվի է առնվում նաև պահանջարկը` գրախանութներում առկա տվյալներով ուսումնասիրություններ անելով: Բայց նաև այսպիսի քաղաքականություն ունենք` ոչ միայն հետևել պահանջարկին և հրամցնել գրքեր, այլ նաև մեր առաջարկած գրքերով կրթել ընթերցողին, բարձրացնել նրա ճաշակը:

– Թարգմանություններ կատարելիս կա նաև միջնորդ լեզվի գործոնը, ինչպիսի՞ ազդեցություն  է ունենում միջնորդ լեզուն:

– Մենք որդեգրել ենք այսպիսի քաղաքականություն` բացառել միջնորդ լեզվից կատարվող թարգմանությունները: Հատկապես գեղարվեստական գրականության պարագայում դա պետք է բացառել: Մենք միշտ փորձում ենք գտնել թարգմանիչներ, որոնց տիրապետած լեզուները յուրահատուկ են, օրինակ` հիմա չունենք թարգմանիչներ ճապոներենից, բայց այս տարիների ընթացքում կարողացանք աշխատել, օրինակ, մակեդոներենից, թուրքերենից թարգմանիչների հետ:

– Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում թարգմանչական դպրոց ստեղծելու առումով:

– Կար նպատակ Զավեն Բոյաջյանի և երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի հետ ստեղծելու թարգմանչաց դպրոց, որովհետև ըստ մեզ` մեր բուհերում տրվող կրթությունը բավարար չէ լավ թարգմանիչ դառնալու համար, այնտեղ սովորեցնում են օտար լեզուներ, մոռանում են ամենակարևորի` մայրենիի մասին: Մենք անցյալ տարի կազմակերպեցինք «Կամուրջ» թարգմանչաց մրցույթը և աշխատեցինք մոտ վեց հարյուր քսան թարգմանիչների հետ` Հայաստանի տարբեր մարզերից, սփյուռքից, Արցախից, և այդ մրցույթի շնորհիվ կարողացանք ընտրել մոտ մեկ տասնյակից ավելի թարգմանիչների, ովքեր թարգմանում էին լեհերենից, շվեդերենից և այլ լեզուներից:

[[wysiwyg_imageupload:153:]]- Որքանո՞վ է հրատարակչությունը ներառված գրականությունը հայերենից այլ լեզուներ թարգմանելու գործընթացում:

– Կարելի է ասել` դա հենց մեր նախաձեռնությունն էր` ստեղծել առաջին գրական գործակալությունը, որը աշխատում էր դրսի գործակալությունների, հրատարակիչների հետ, որպեսզի նրանք դրսում թարգմանեին հայ հեղինակների, և այս տարիների ընթացքում որոշ հաջողությունների հասել ենք: Արամ Պաչյանի գիրքը թարգմանվեց ուկրաիներեն, Հովհաննես Թեքգյոզյանի գիրքը` թուրքերեն, հիմա նույն գիրքը լույս կտեսնի Կանադայում անգլերենով, Գուրգեն Խանջյանի գիրքը տպագրվեց ԱՄՆ-ում անգլերենով, շուտով Գուրգեն Մահարու «Այրվող Այգեստանները» լույս կտեսնի Եթովպիայում: Որոշակի հաջողություններ կան, բայց սա մեծ աշխատանք է, որը վստահ եմ` իր պտուղները ապագայում կտա: 

– Գրականություն թարգմանողը մի քիչ էլ պիտի գրող լինի, այնպես չէ՞:

– Գիտեք` պարտադիր չէ: Ես շատ գրողների եմ ճանաչում, որոնք չունեն ճաշակ, լեզվազգացողություն, և ճանաչում եմ թարգմանիչների, որոնք գրողներ չեն, բայց ցանկացած գրողից լավ ճաշակ ունեն, լավ ոճազգացողություն ունեն:

– Նույնը կասեք նաև պոեզիա՞ թարգմանելու պարագայում:

– Պոեզիայի դեպքում մի փոքր վերապահում կանեմ, որովհետև պոեզիա պետք է, այնուամենայնիվ, թարգմանի բանաստեղծը:

– Ֆինանսական  ինչպիսի՞ ռազմավարություն է վարում հրատարակչությունը:

– Դա ամենաբարդ խնդիրն է: Միանգամից ասեմ, որ վնասաբեր ոլորտ է, բայց մեր նպատակը հետևյալն է` ձևավորել գրական ու թարգմանական լավ դաշտ, որպեսզի ստեղծվի հենք` հետագա զարգացման համար: Մոտ իննսուն տոկոսով հրատարակչությունն է ներդրումներ անում, իհարկե, աջակցություններ եղել են տարբեր հիմնադրամներից, մշակույթի նախարարությունից, բայց մենք կուզեինք, որ մեր մեծագույն աջակիցը լիներ հասարակությունը, որը իր աջակցությունը կարող է ցուցաբերել ընդամենը գրքեր ձեռք բերելով: Բայց վստահ ենք, որ մի քանի տարի հետո մեր կատարած ներդրումները իրենց պտուղները կտան:

– Գրքերը հրատարակվում են մի քանի մատենաշարերով` «Պարտադիր ընթերցանություն», «Արգելված գիրք», «Օտար գիրք» և այլն: Ի՞նչ խնդիր եք ուզել լուծել մատենաշարերի ստեղծումով և չե՞ք կարծում, որ մատենաշարը ազդեցություն է ունենում ընթերցողի ընտրության վրա:

– Մեր յուրաքանչյուր շարք իր փիլիսոփայությունն ունի, օրինակ` «Պարտադիր ընթերցանությունը» նախատեսված է անել հարյուր հատոր, և դրանք հայ և համաշխարհային գրականության այն գործերն են, որոնք, մեր կարծիքով, յուրաքանչյուր մարդ պարտավոր է կարդալ` իր նվազագույն ինտելեկտը ապահովելու համար: Այդ շարքում հիմնականում ներառվում են նախկինում լավ կատարված թարգմանություններ, որոնք արվել են բնագրից և նաև հայ հեղինակների գործեր:

«Օտար գիր» շարքը երկու ֆունկցիա ունի: Նախ լրացնում է թարգմանական բացերը, երկրորդ` ներառում է ժամանակակից հեղինակների: «Կողմնացույց» մատենաշարը պատանեկան գրականությունն է ներառում, «ԳԱՄ» մատենաշարում այն գործերն են, որոնք վեպեր չեն, պատմվածքներ չեն, պոեզիա չեն, այլ ավելի շատ էսսեներ են, գիտական նյութեր են, «Նոբելյան մրցանակակիրներ» շարքում նոբելյան մրցանակ ստացած հեղինակների վեպերն են: Այս հինգ տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ, այո, կարողանում ենք ինչ-որ չափով ազդել մեր ընթերցողների ճաշակի ձևավորման վրա. նրանք այսօր ավելի խստապահանջ են դարձել, ավելի շատ են ուզում լավ գրքեր ունենալ, և դա, բնականաբար, մեզ ուրախացնում է:

– Դրական ազդեցությունը պարզ է, բայց հաճախ ընթերցողը մտնում է գրախանութ ու գնում գիրք, որովհետև վրան գրված է, որ արգելված է կամ պարտադիր:

– Մատենաշարերը կազմելիս` այդ գործոնները հաշվի են առնվել: Բայց կուզեի, որ մեր ընթերցողները թյուրընկալման մեջ չլինեն. իմանան արգելված է, ուրեմն խուժանական գիրք է, որովհետև ես գիտեմ, որ ընթերցողների մեծ մասը գնում է այդ գրքերը` մտածելով, որ այնտեղ ինչ-որ էրոտիկ բաներ կան, օրինակ` Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գիրքը կա այդ մատենաշարում, բայց ոչ մի էրոտիկ տեսարան չկա, պարզապես, այդ գիրքը Թուրքիայում արգելված է եղել: Մենք ընդամենը առաջարկում ենք, իսկ յուրաքանչյուր ընթերցող կարող է իր սիրելի գրքերի մատենաշարը կազմել:

– Այդ դեպքում չի՞ կարող մի մատենաշար հրատարակվել, որը կներառի տարբեր գրքեր` առանց նշելու, որ դրանք արգելված են եղել, պարտադիր են և այլն:

– Հայաստանյան միտումները հաշվի առնելով` մենք նաև նպատակ ունենք բոլոր գրքերը միատեղել Բաբելոն մատենաշարի մեջ: Այդ գրքերը տպագրված կլինեն շատ էժան թղթի վրա, էժան կազմով և կլինեն մատչելի հանրային ընթերցման համար:

Հարցազրույցը` Քնարիկ Մարտիրոսյանի

Լուսանկարները` Արքմենիկ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից և «Անտարես» հրատարակչության ֆեյսբուքյան էջից

Աղբյուր` JNews.am