Skip to content

Մարզային հեռուստաալիքների մարտահրավերները` «Հրազդան»-ի օրինակով

Անալոգային հեռարձակումը Հայաստանում կդադարեցվի 2017 թվականի հուլիսի 1-ին: Այսպես է նախատեսում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսօր երեւանյան ՀԸ-ները հեռարձակվում են թվային եղանակով, մինչդեռ մարզայինների պարագայում իրավիճակն այլ է:

Այս պահին յուրաքանչյուր մարզում թվային հեռարձակման արտոնագիր ունի միայն մեկ հեռուստաընկերություն: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերությունը (իսկ որոշ դեպքերում` մի քանիսը) շարունակում է հեռարձակվել անալոգային եղանակով` չունենալով արտոնագիր թվային հեռարձակման ցանցից օգտվելու համար: Սա նշանակում է, որ այդ հեռուստաընկերություններն անալոգային հեռարձակման դադարեցման պահից այլեւս եթերում չեն լինի:

Դրանցից է նաեւ Կոտայքի մարզում հեռարձակվող «Հրազդան» տեղական հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 25 տարվա եթերային պատմություն:

Ինչպես սիրում է ներկայացնել հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Մնացական Հարությունյանը` «Հրազդանը» ստեղծվել է խորհրդային կարգերի փլուզման տարիներին: 1990թ-ից գործող «Հրազդան» ՀԸ-ը բացի անալոգային հեռարձակումից, հասանելի է նաեւ տվյալ տարածքի մալուխային փաթեթով: Ըստ տնօրենի, եթերային այս 25 տարիների ընթացքում «Հրազդանը» ունեցել է մշակութային, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բնույթի հաղորդաշարեր:

Անալոգային հեռարձակումը Հայաստանում կդադարեցվի 2017 թվականի հուլիսի 1-ին: Այսպես է նախատեսում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսօր երեւանյան ՀԸ-ները հեռարձակվում են թվային եղանակով, մինչդեռ մարզայինների պարագայում իրավիճակն այլ է:

Այս պահին յուրաքանչյուր մարզում թվային հեռարձակման արտոնագիր ունի միայն մեկ հեռուստաընկերություն: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերությունը (իսկ որոշ դեպքերում` մի քանիսը) շարունակում է հեռարձակվել անալոգային եղանակով` չունենալով արտոնագիր թվային հեռարձակման ցանցից օգտվելու համար: Սա նշանակում է, որ այդ հեռուստաընկերություններն անալոգային հեռարձակման դադարեցման պահից այլեւս եթերում չեն լինի:

Դրանցից է նաեւ Կոտայքի մարզում հեռարձակվող «Հրազդան» տեղական հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 25 տարվա եթերային պատմություն:

Ինչպես սիրում է ներկայացնել հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Մնացական Հարությունյանը` «Հրազդանը» ստեղծվել է խորհրդային կարգերի փլուզման տարիներին: 1990թ-ից գործող «Հրազդան» ՀԸ-ը բացի անալոգային հեռարձակումից, հասանելի է նաեւ տվյալ տարածքի մալուխային փաթեթով: Ըստ տնօրենի, եթերային այս 25 տարիների ընթացքում «Հրազդանը» ունեցել է մշակութային, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բնույթի հաղորդաշարեր:

Այսօր, ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով սեփական հաղորդումների քանակը կտրուկ նվազել է, մինչդեռ ընկերության ամենածաղկուն շրջանում դրանց թիվը հասնում էր 40-ի:

Տնօրենի գնահատմամբ, «Հրազդանի» պոտենցիալ հեռուստադիտողների թիվը 200 հազարից ավելի է, եւ այն հասանելի է Կոտայքի մարզի բոլոր այն բնակավայրերում, որտեղ չի կասեցվում ալիքի հեռարձակումը աշխարհագրական ռելիեֆի պատճառով:

Մարզային հեռուստահեռարձակողին ուղղված մարտահրավերների, մասնագիտական խնդիրների ու եթերին վերաբերող այլ հարցերի շուրջ JNews.am-ի հարցազրույցը «Հրազդան» հեռուստաընկերության տնօրենի հետ:

Ձեր ընկերության օրինակով կներկայացնե՞ք, որոնք են տեղական հեռուստահեռարձակողին ուղղված հիմնական մարտահրավերները, եւ ինչպե՞ս եք փորձում դիմագրավել դրանց:

 – Գլխավոր խնդիրը, որ առկա է, միայն տեղականին չի վերաբերում, այլ հայկական մամուլին ընդհանրապես: Մամուլը ծանր վիճակի մեջ է հայտնվել՝ հաշվի առնելով, որ իշխանությունները մամուլի ահազանգերին, հրապարակումներին ընթացք չեն տալիս: Իշխանությունները մամուլի հրապարակումներին, հասարակական կարծիքին քիչ են ուշադրություն դարձնում կամ հաշվի չեն նստում նրանց հետ: Օրինակ, մենք խնդիրներ ենք բարձրացնում, որ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, հանցագործության տարրեր, սակայն ո՛չ տեղական իշխանությունները, եւ ո՛չ դատական մարմինները ուշադրություն չեն դարձնում:

Տեղական մակարդակում մենք քաղաքապետարանից պահանջում ենք, որ իշխանության ներկայացուցիչները մեր եթերի միջոցով պարբերաբար հանդես գան ժողովրդի առաջ: Հրավիրում ենք նրանց հարցազրույցների, ուղիղ եթերների, բայց վերջին շրջանում հրաժարվում են, հարցերին ընթացք չեն տալիս: Հիմնական խնդիրը դա է, որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ մամուլի դերը որպես 4-րդ  իշխանություն չի արժեւորվում: Սակայն դա չի նշանակում, որ մենք պիտի դադարեցնենք մեր աշխատանքը, մեր հրապարակումներն ու քննադատությունը: Մենք պետք է շարունակենք այնքան, մինչեւ քաղաքացիական եւ հասարակական կյանքի մեջ փոփոխություններ մուտք գործեն, ձեւավորվի քաղաքացիական հասարակություն, որտեղ ամեն մարդ  իր իրավունքի տերը կանգնի եւ իշխանություններից պահանջի հաշվի նստել իր իրավունքների  հետ:

Անալոգային եթերի դադարեցումը ինչպե՞ս կազդի «Հրազդան» հեռուստաալիքի գործունեության վրա, եւ արդյոք կա՞ն նոր լուծումներ լսարանը պահպանելու կամ գուցե ընդլայնելու համար:

 – Երբ որ մրցույթներ հայտարարեցին մարզային հեռուստատեսություն ստեղծելու վերաբերյալ,  նախատեսեցին մարզային մեկ հեռուստատեսություն, ինչն ինքնին խախտում էր: Այսինքն ամբողջ մարզում մեկ կարծիք պիտի իշխի, բազմակարծության՝ ժողովրդավարության հիմնական սկզբունքի դեմ էր այդ որոշումը: Այսպես ուրեմն պետք է հանրապետությունում էլ մեկ հեռուստաընկերությունով կամ երկուսով բավարարվել: Իսկ ինչու՞ պետք է ժողովրդավարական երկիրը մամուլի ազատությունը կասեցնող որոշում կայացնի: Արդյունքում մրցույթը շահեց մեկը: Մեզ ասացին՝ դուք շարունակում եք ձեր գործունեությունը: Հետո ասացին, որ միայն մեկը պետք է թվայնացվի: Այսինքն, պետությունը սկսեց խտրականություն դրսեւորել. առաջացավ այն պրոբլեմը, որ տեղական հեռուստաընկերությունները հայտնվեցին վտանգավոր իրավիճակում: Հիմա անորոշ վիճակ է, մեզ ասում են՝ մենք պետք է գործենք այնքան, մինչեւ հայտարարեն նոր մրցույթներ թվային հեռարձակման համար:

Պետությունն ասում է՝ մասնավոր մուլտիպլեքսների հետ համագործակցեք եւ ձեր խնդիրը լուծեք: Բայց մենք համաձայն չենք դրա հետ: Մենք այսօր էլ պատրաստ ենք անցնել թվայնացման, բայց նույն պայմաններով, ինչպես թվայնացվում են արտոնագիր ստացած մարզային հեռուստատեսությունները: Պետությունը, եթե ստանձնել է այս հարցի լուծումը, ապա դա պետք է անի հավասար պայմաններով` առանց խտրականության: Խտրական վերաբերմունք դրսեւորելու իրավունք չունի: Սա սահմանադրական պահանջ է:

Այսօր «Հրազդան» հեռուստաալիքը իր եթերում մեծ տեղ է տալիս հայկական լրատվական կայքերի պատրաստած հաղորդումներին եւ տեսանյութերի վերահեռարձակմանը: Ինչո՞ւ եք կարեւորում համացանցով տարածվող հաղորդումների վերահեռարձակումը ձեր հեռուստադիտողի համար:

 – Ինչ-որ տեղ փորձում ենք լրացնել այն,  ինչը որ մենք չենք կարող մեր ուժերով անել: Մենք ունենք մեր սեփական ծրագրերը, հաղորդումները, բայց նաեւ համագործակցում ենք «Ազատություն» ռադիոկայանի, «Ա1+»-ի, վերջերս նաեւ «Հ3»-ի, Գյումրիի «Գալայի», «Լոռի» ՀԸ-ների հետ: Հիմնականում ընտրում ենք լրատվական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ ժամանցային հաղորդումներ, որ համընկնում են մեր ծրագրային քաղաքականությանը: Համացանցն էլ շատ հարուստ նյութեր է տալիս: Դա էլ է մեզ համար ինֆորմացիայի աղբյուր: Բայց կարեւորը, որ աշխատում ենք հեռուստադիտողի համար: Նրա պահանջները բավարարելու, նրա խնդիրները լուծելու, նրան օգնելու եւ ամենակարեւորը հասարակական կարծիք ձեւավորելու համար:

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ որքան փոքր է լրատվամիջոցի լսարանը, այնքան հեշտ է դրա վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը: Արդյոք մեծ ֆինանսական ռեսուրսներն ապահովո՞ւմ են լրատվամիջոցի անկախությունը:

 – Հայաստանի պայմաններում սեփական հեուստատեսային միջոցներ հայթայթելը  գրեթե անհնարին է դարձել, քանի որ տնտեսական ճգնաժամի այս պայմաններում չենք կարող միայն մեր միջոցներով գոյատեւել: Դրա համար ինչքան հնարավոր է գովազդով ենք եկամուտ ապահովում, մնացածը համագործակցելով տարբեր ՀԸ-ների հետ: Կան կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են հատկացնում: Եթե հայտնվում է որեւէ ներդրող, բայց պայման է դնում, որ ուղղորդի մեր հաղորդումները, մենք հրաժարվում ենք: Մեզ նման ֆինանսներ պետք չեն: Մենք ազատ պիտի լինենք: Մեկ հոգու համար, թե հարյուրի, նույն հաղորդումն ենք հեռարձակում: Մենք միշտ ունեցել ենք մեկ սկզբունք. չենք վաճառվում եւ չենք վաճառում մեր սկզբունքները, եւ ֆինանսը դրա հետ ամենեւին կապ չունի:

Թվային հեռարձակման տարածմանը զուգահեռ խոշոր ՀԸ-ներն ընդլայնեցին իրենց հեռարձակման ծածկույթը ողջ հանրապետությունով` թուլացնելով տեղական հեռարձակողի դիրքն ու ազդեցությունը: Մյուս կողմից համացանցից օգտվողների թիվը կտրուկ աճում է, եւ այն նույնպես ողջ Հայաստանում դառնում է տեղեկատվություն ստանալու այլընտրանքային միջոց: Ո՞րն է թվային դարաշրջանում տեղական հեռարձակողի դերն ու նշանակությունը:

 – Մեր հիմնական խնդիրը տեղի բնակչի հետ աշխատելն է: Տեղական հեռուստադիտողին տալ այն ինֆորմացիան, որը նա չի ստանում այլ հեռուստաընկերություններից` ո՛չ երեւանյանից, ո՛չ համացանցից, ո՛չ որեւէ այլ տեղից: Մարդն առաջին հերթին իր շուրջն է նայում եւ առաջին հերթին իր ինֆորմացիան է կարեւորում, հետո նոր դրսինը: Այդ իմաստով երբեք էլ տեղական ՀԸ-ները չեն կորցնի իրենց այժմեականությունը եւ իրենց դերը: Բնակչությունը նույնպես առաջինն իր տեղական լրատվամիջոցին է հետեւում, վստահում եւ փնտրում: Այդ տեսակետից մենք ունենք անսպառ հնարավորություն մեր հեռուստադիտողների հետ մտերմիկ, անկեղծ, շիտակ աշխատանքի համար:

«Հրազդան» հեռուստաալիքի ապագան հինգ տարի անց:

 – Ես, անշուշտ, կարծում եմ, որ ինչպիսին մեր երկրի ապագան լինի, նույնը եւ մեր ապագան կլինի: Մենք աշխատում ենք հեռուստադիտողի համար, հետեւաբար մեզ պահողը հեռուստադիտողն է իր գովազդով, իր պահանջներով, ցանկություններով, ինչու չէ նաեւ ֆինանսական աջակցությամբ: Իհարկե, տեսնում եմ ավելի լավ հեռուստաընկերություն: Մենք ավելի լավն ենք եղել եւ եթե կենսունակ չլինեինք, չէինք կարող 25 տարի գոյություն ունենալ: Քիչ թոհուբոհով չենք անցել: Կանցնեն նաեւ այս ծանր, դժվարին օրերը, եւ կունենանք ավելի լավ ապագա, քան հիմա է, նոր գաղափարներ, նոր հաղորդումներ, կյանքը կգնա վերընթաց:

Հարցազրույցը` Գրետա Սարգսյանի

 


Կարդացեք նաև` Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»


 

 

Աղբյուր` JNews.am