Հուլիսի 15-ին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ներկայացուցիչները Մեղրիի համայնքապետարանում էին՝ ներկայացնելու Մարդու անվտանգության հայեցակարգի կարևորությունը Սյունիքի օրինակով։
Երկժամանոց միջոցառումը կազմակերպվել էր «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության, Գորիսի մամուլի ակումբի և Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի համատեղ ջանքերով։
Մեղրիի միջոցառմանը մասնակցում էին համայնքի վարչական շրջանների ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
Նրանք ծանոթացան Մարդու անվտանգության միջազգային հայեցակարգին՝ իբրև ժամանակակից աշխարհակարգի հակամարտություններին ու մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու այլընտրանքային մեխանիզմ, ինչպես նաև Մեղրիում և Ագարակում մարդու սոցիալ-տնտեսական կարիքների վերաբերյալ անցկացված ֆոկուս խմբային քննարկումների արդյունքներին։
Ներկաների հետ քննարկվեցին Մեղրի խոշորացված համայնքում մարդու անվտանգությանն առնչվող սպառնալիքները, մասնավորապես համայնքային ենթակառուցվածքների պակասը, կրթական, մշակութային և արտադպրոցական կրթության որակի բարձրացման կարևորությունը, տնտեսության, շրջակա միջավայրի և ռազմական անվտանգության խոցելիությունը։
Այստեղ առաջնահերթ մտահոգիչ հարցերից էին գազաֆիկացումը, ջրամատակարարումը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը:
Քննարկման ընթացքում կարևորվեցին նաև համայնքի բնակիչների, երեխաների զարգացման հնարավորությունների ընդլայնումը, մշակութային և կրթական կյանքի ակտիվացումը, համայնքից երիտասարդ կադրերի (բժիշկների, ուսուցիչների) արտահոսքի կանխումը։ Կատարվեցին դիտարկումներ և հնչեցին առաջարկներ։ Բոլոր մասնակիցներին տարամադրվեցին թեմային առնչվող նյութեր։
Հավելենք, որ Մեղրիի հանդիպումը Սյունիքի մարզում ծրագրի շրջանակում իրականացված հանդիպումներից վերջինն էր։ Մինչ այդ ծրագրի կոնսորցիումի անդամները նմանատիպ հանդիպումներ կազմակերպել էին մարզի մյուս յոթ խոշորացված համայնքներում, որոնց մասնակցել են ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցներ և քաղհասարակության անդամներ։
«Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: