Հունիսի 21-ին Կապանում կայացավ «Անվտանգությունն ու զարգացումը մարդու անվտանգության հայեցակարգի համատեքստում» թեմայով համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին մարդու անվտանգության հայեցակարգի կարևորությունը, դրա անբաժան ուղղություններն ու մարդակենտրոն հայեցակարգի ձևավորման ընթացքում Կապանի և Քաջարանի խոշորացված համայնքներում առկա խնդիրների հնարավոր լուծումները։
Հանդիպումը նախաձեռնել էին Կապանում գործող «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի և Գորիսի մամուլի ակումբի հետ համատեղ՝ «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում՝ ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի (այսուհետ «ՊրոՓաբլիկ» ծրագիր) շրջանակներում։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել մարդու անվտանգության (Human Security) հայեցակարգը՝ որպես արդյունավետ այլընտրանքային միջոց դիմագրավելու հակամարտություններին ու դրանց հետևանքով ստեղծված մարտահրավերներին։
Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան «ՊրոՓաբլիկ» ծրագրի տնօրեն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը, «ՊրոՓաբլիկ» ծրագրի կոնսորցիումի անդամներ «Ծիածան» ԱԿԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանն ու Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանը։
Միջոցառման շուրջ 50 մասնակիցների թվում էին Կապանի և Քաջարանի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և թեմայով հետաքրքրված այլ շահառուներ։
«Այսօր ամփոփում ենք ամիսներ շարունակ մեր կատարած աշխատանքն ու ներկայացնում ենք այն հայեցակարգը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ Սյունիքի համար», – իր խոսքում նշեց «Ծիածան» ԱԿԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի հիմքում խնդիր էր դրվել ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա համապարփակ ներկայացնել մարզում առկա մարդու անվտանգությանը վերաբերող խնդիրներն ու լուծման տարբերակներ առաջարկել։
Քննարկման առաջին հատվածում Սուսաննա Մարտիրոսյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց «ՊրոՓաբլիկ» ծրագրի ընթացքում կատարված գործողությունները՝ առանձնացնելով ֆոկուս խմբային աշխատանքները, որոնց միջոցով դուրս են բերվել Սյունիքի բնակչության ապահով ու անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները։
Նա նաև անդրադարձավ ծրագրի ընթացքում ստեղծված երիտասարդական փորձագիտական ակումբի գործունեությանն ու արդյունքներին։
«Երիտասարդների ներուժը պետք է արդյունավետ օգտագործել։ Կրթական, առողջապահական, անվտանգային շատ խնդիրներ երեխաներն իրենց աչքերով են տեսնում և մեզ հուշում են՝ ինչ են ակնկալում իրենց անվտանգային խնդիրները քննարկման դնելիս»։
Սուսաննա Մարտիրոսյանը վստահեցրեց` ակումբի գործունեությունը շարունակվելու է, և փորձելու են անել առավելագույնը երիտասարդների միջոցով համայնքն ուժեղացնելու համար:
Մինչ բուն հայեցակարգի քննարկումը՝ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց մարդու անվտանգության իրավունքին (Human Security Rights) առնչվող միջազգային փորձը։
Մասնակիցների համար նախապես պատրաստված ուղեցույցն ամփոփում է իրավունքի ապահովման առաջնահերթությունները, հնարավոր վտանգներն ու անվտանգության հիմնական երաշխիքները։
Դեհերյանը բացատրեց՝ մարդու անվտանգության ծագման համատեքստում թե՛ անվտանգությունը, թե՛ զարգացումը համընթաց քայլող գործընթացներ են։
«Անվտանգությունն առանց զարգացման չի կարող լուծել հակամարտության հիմքում ընկած պատճառները, իսկ զարգացումն էլ անվտանգության պահանջն ունի, որպեսզի առաջընթացն ու ձեռքբերումները բռնությամբ չոչնչացվեն»։
Բանախոսը շեշտադրեց՝ մարդու անվտանգության իրավունքը չի ենթադրում միայն սահմանային լարվածությունից բնակչությանը զերծ պահելը։ Կան այլ կարիքներ, որոնք նույնպես պիտի պատշաճ գնահատվեն, իսկ դրա համար պետք է խոսել մարդկանց հետ, ինչն էլ իրականացվել է ծրագրի շրջանակներում։
«Մենք անընդհատ խոսում ենք մարդու, քաղաքացու մասին։ Մեր խնդիրն էր մարդկանց լսելը, քանի որ մարդիկ հազվադեպ են ներգրավված եղել այնպիսի անվտանգային որոշումներում, օրինակ, թե ինչ է անհրաժեշտ իրենց ապահով լինելու համար։ Սյունիքի 8 խոշորացված համայնքներում շուրջ 160 մասնակից է ներգրավված եղել մեր հանդիպումներում։ Նրանք կիսվել են իրենց մտահոգություններով, պատկերացումներով և ներկայացրել այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որի կարիքն ունեն»։
Համաժողովին ներկայացվեց նաև հայեցակարգի իրավական կողմը։ Ծրագրի իրավաբան Տաթևիկ Թոխյանը խոսեց Սյունիքի մարզում մարդու անվտանգությանն առնչվող սպառնալիքների վերաբերյալ: Նա նշեց, որ մարզում առկա են խնդիրներ, որոնք համակարգային են և եղել են տարիներ շարունակ, և կան կարիքներ ու խնդիրներ, որոնք ստեղծվել են պատերազմի հետևանքով։ Իրավիճակը Կապանում հատկապես փոխվել է պատերազմից հետո, երբ շատ գյուղական բնակավայրեր դարձել են սահմանամերձ:
«Կան գյուղական համայնքներ, որոնց բնակիչները պատերազմից հետո հայտնվել են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու ճգնաժամի մեջ», – ասում է Թոխյանը և ավելացնում, – «Անվտանգություն բառը լսելիս մարդիկ միանգամից պատկերացնում են ռազմական և ֆիզիկական անվտանգություն ասվածը։ Սակայն մարդու անվտանգության իրավունքն ավելի լայն հասկացություն է և ներառում է բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ առողջապահական, համայնքային, տնտեսական»։ Համաժողովի ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսներին և հանդես եկան առաջարկներով՝ անդրադառնալով մարզում առկա մի շարք խնդիրների։
Հավելենք, որ այս օրերին ծրագրի գործընկեր Գորիսի մամուլի ակումբը նմանատիպ հանդիպումներ է իրականացնում Գորիս, Տեղ, Գորայք և Տաթև խոշարացված համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
«Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: