Skip to content

«Իմ մասնագիտությունն է ինձ ընտրել». Զառա Բաթոյան

Շատ վառ ու հետաքրքիր են անցնում իմ ուսանողական տարիները Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնում: Առանձնահատուկ սիրով եմ հիշում երկրորդ ու երրորդ կուրսերը, երբ, բացի տեսական առարկաներ ուսանելուց, սկսեցինք այցելել հեռուստաընկերություններ ու թերթերի խմբագրություններ: Մեր դասախոսները շատ հաճախ էին կազմակերպում հանդիպումներ հայտնի ու կայացած լրագրողների հետ, ովքեր մեծ սիրով կիսում էին իրենց տարիների փորձն ու խորհուրդներ տալիս:

Հենց այս շրջանում հնարավորություն ունեցանք հանդիպելու Զառա Բաթոյանի հետ՝ երիտասարդ, պայծառ մի մարդ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան, disabilityinfo.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր ու պարզապես հետաքրքիր անձնավորություն: Զառան մեզ համար մեկօրյա դասընթաց էր կազմակերպել «Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները» թեմայով: Հիշում եմ՝ այդ ժամանակ շատ էի ցանկանում նրա հետ հարցազրույց անել, բայց հնարավորութուն չունեցա: Այդ օրվանից անցավ որոշ ժամանակ ու ես վերջապես գնում եմ Զառայի հետ հարցազրույցի:

Շատ վառ ու հետաքրքիր են անցնում իմ ուսանողական տարիները Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնում: Առանձնահատուկ սիրով եմ հիշում երկրորդ ու երրորդ կուրսերը, երբ, բացի տեսական առարկաներ ուսանելուց, սկսեցինք այցելել հեռուստաընկերություններ ու թերթերի խմբագրություններ: Մեր դասախոսները շատ հաճախ էին կազմակերպում հանդիպումներ հայտնի ու կայացած լրագրողների հետ, ովքեր մեծ սիրով կիսում էին իրենց տարիների փորձն ու խորհուրդներ տալիս:

Հենց այս շրջանում հնարավորություն ունեցանք հանդիպելու Զառա Բաթոյանի հետ՝ երիտասարդ, պայծառ մի մարդ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան, disabilityinfo.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր ու պարզապես հետաքրքիր անձնավորություն: Զառան մեզ համար մեկօրյա դասընթաց էր կազմակերպել «Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները» թեմայով: Հիշում եմ՝ այդ ժամանակ շատ էի ցանկանում նրա հետ հարցազրույց անել, բայց հնարավորութուն չունեցա: Այդ օրվանից անցավ որոշ ժամանակ ու ես վերջապես գնում եմ Զառայի հետ հարցազրույցի:

Արդեն աշխատանքային օրվա վերջն էր ու բոլորը տուն էին գնացել: Զառան ընդարձակ ու արևկողմ աշխատասենյակում մենակ էր ու աշխատանքային ծանր օրվանից հետո ինձ էր սպասում: Չէ՞ որ խոստացել էր հարցազրույց տալ, չնայած իր հագեցած գրաֆիկին: Երբ դուռը թակեցի ու ներս մտա՝ միանգամից պաշտոնական կեցվածքս փոխվեց: Զառայի պարզ, ընկերական վերաբերմունքից մի պահ մոռացա, որ հարցազրույցի եմ եկել ու սկսեցինք ուղղակի զրուցել:

Զառան պատմեց իր դպրոցական ու ուսանողական տարիներից: Միջնակարգ ուսումն ստացել է տանը, քանի որ դպրոցում չկային համապատասխան հարմարություններ տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների համար: Իսկ բարձրագույն կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Չնայած այդտեղ հայտնվելը բացարձակ պատահականություն է եղել՝ նա մեծ ոգևորությամբ է հիշում ուսումնական տարիները: Զառան ասում է, որ դա իր կյանքի ամենավառ, ամենահետաքրքիր և ամենաուրախ շրջանն է եղել:

«Ես ստեղծագործող երեխա եմ եղել և մանկուց սիրել եմ գրել, բայց երբեք չեմ երազել լրագրող դառնալու մասին: Ամեն ինչ սկսեց նրանից, երբ ես սկսեցի աշխատել որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան թերթի խմբագիր: Արդեն 4-5 տարվա փորձ ձեռք բերելուց հետո հասկացա, որ իսկապես պետք է բարձրագույն կրթություն ստանալ, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տայի ինձ արդեն հոգեհարազատ դարձած աշխատանքին»: Ապա հավելում է. «Միշտ ասում եմ, որ իմ մասնագիտությունն է ինձ ընտրել, և ոչ թե ես՝ նրան›› Զառան շատ է սիրում լրագրողի մասնագիտությունը ու կարծում է, որ դա ամենամարդասիրական մասնագիտությունն է, որը տրված է մարդուն ծառայելու համար: Նա չի ընդունում այն լրագրությունը, որը մարդու և հասարակության շահերից չի բխում: 

Տնային կրթությունից 7 տարի հետո Զառան հայտնվեց համալսարանում: Անկեղծանում է, որ 7 տարվա դադարից հետո մեծ անդունդ կար ուսումնական հաստատությունում լինելու և իր միջև: Շատ էին սթրեսներն ու վախերը, բայց, այս ամենը մի կողմ դնելով, Զառան այսօր փաստում է, որ իր ամենալավ ընկերները ուսանողական տարիների ընկերներն են, ովքեր հիմա նաև իր գործընկերներն են:

Նրա ընկերների ու դասախոսների աջակցությունն ու փոխըմբռնումը մեծ հետք են թողել իր ուսանողական կյանքում: Զառան ուրախությամբ է հիշում, թե ինչպես էին իր ընկերներն ու դասախոսները, դեկանը համալսարանում հանդիպելիս միշտ հարցնում, թե ինչի կարիք ունի, և ամեն րոպե պատրաստ էին իրեն աջակցելու, քանի որ բուհում համապատասխան հարմարություններ չկային:

Զառան շատ էր սիրում հաճախել դասերին և ամբողջ ուսումնական պրոցեսը: Ասում է, որ նույնիսկ այսօրվա պայմաններում հնարավոր է կազմակերպել հաշմանդամություն ունեցող  ուսանողի կրթությունը, եթե բուհը ցանկություն ունենա մի քանի տեխնիկական լուծումներ տալ: Իհարկե, եթե նաև ուսանողները և հատկապես դասախոսական անձնակազմը լինեն այդպես պատրաստակամ ու հասկացող, ինչպես իր դեպքում էր:

Խոսեցինք նաև Զառայի «Անմոռուկ» բանաստեղծությունների գրքի մասին, դրա վերնագրի և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի սիմվոլի համընկնման մասին: Նա ժպտալով փաստեց, որ գրքի անունը իր բանաստեղծություններից մեկի վերնագիրն է, և գիրքն այդպես է որոշել անվանել մինչև հարյուրամյա տարելիցը, ուստի սա պարզապես զուգադիպություն էր: Զառան ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, կարծում է, որ իր բանաստեղծությունները տպագրելու ցանկություն առաջացավ սոցիալական կայքերում` հատկապես Ֆեյսբուքում, տեղադրած իր  փոքրիկ բանաստեղծությունների վերաբերյալ ստացված դրական արձագանքներից հետո: Շատերն են հավանում, կիսվում կամ ուղղակի դրական մեկնաբանություններ թողնում, ինչը նրա համար շատ հաճելի է ու, բնականաբար, վստահություն է ներշնչում: Զառայի համար ոգեշնչման աղբյուր են մարդիկ, սերը, քաղաքը, բնությունը… Սիրում է արտահայտել իր այդ պահի զգացածը: 

Զառան իրեն հաջողակ մարդ է համարում և կարծում է, որ իր հաջողության գրավականը լավատեսությունն է: Ըստ նրա` չափազանց կարևոր է ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ դրա հաջողությանը հավատալը և լավատես լինելը: «Պետք է փորձել մտածել ավելի շատ այն ամենի մասին, ինչ կարելի է ձեռք բերել, քան կորուստների»: Իր հաջողության մեկ այլ գրավական է համարում համարձակությունը: Զառան երբեք չի վախենում նախաձեռնություններ անելուց: «Ես սիրում եմ մարդկանցով հիանալ, ովքեր հաջողությունների են հասնում, անկեղծ են, համարձակ, ուժեղ, սկզբունքային և չեն վախենում պայքարել մարդու իրավունքի, բարեկեցության համար»,- ասում է նա:

Երբ հարցրի, թե ովքեր են իր ամենաթանկ ու կարևոր մարդիկ, Զառան թեթև ժպտաց ու պատասխանեց. «Մայրս ու քույրերս: Քանի որ նրանք մեծ ներդրում են ունեցել իմ բոլոր հաջողությունների մեջ: Նրանք այսօր էլ իրենց առօրյան կազմակերպում են այնպես, որ ինձ հարմար լինի, քանի որ ես գրեթե միշտ աջակցության կարիք ունեմ»: 

Զառան ցավում է, որ մեր քաղաքն այսօր չունի բավականաչափ հարմարություններ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Թերևս սա է պատճառը, որ մենք շրջապատում հազվադեպ ենք տեսնում անվասայլակով կամ այլ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նմանատիպ իրավիճակի պատճառը քաղաքական կամքի, հստակ դիրքորոշման, լուրջ մոտեցման բացակայությունն է: Այսօր մենք հասարական վայրերում տեսնում ենք թեքահարթակներ, բայց դա շատ չնչին քայլ է: Մի կողմից մենք անցումների մոտ թեքահարթակներ ենք կառուցում, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որ վերանորոգվեն, հիմնովին կառուցվեն հասարակական վայրեր, որտեղ օրենքով սահմանված մատչելիության նորմերը պահպանված չեն: Զառան վստահ է, որ եթե լինի քաղաքական կամք, և մենք պարզապես հետևենք օրենքներին՝ կլինեն նաև ցանկալի արդյունքները:

Մեկ այլ հարց է համապատասխան ֆինանսական ներդրումների բացակայությունը: Զառայի կարծիքով ֆինանսները ճիշտ չեն բաշխվում: «Ես խոսում եմ որպես հաշմանդամություն ունեցող մարդ և նրանց շահերը պաշտպանող անձ և, իմ կարծիքով, շատ կարևոր է ավելի շատ գումարներ ներդնել այս խնդիրը լուծելու համար: Դրանք կարող են լինել և՛, պետական բյուջեից և՛ միջազգային դոնոր կազմակերպություններից, որոնք օգնում են պետությանը, և՛ բարերարներից»,- ասում է նա:

Գիտեի, որ Զառան շատ է սիրում ճանապարհորդել և հասցրել է լինել ԱՄՆ-ում, եվրոպական, ԱՊՀ և հարևան երկրներում, ուստի խնդրեցի Զառային համեմատել Հայաստանը մյուս երկրների հետ: Զառան նշեց, որ ԱՄՆ-ի թեկուզ ամենափոքր քաղաքում կան հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսներ, իսկ մեր երկրում մարդիկ ստիպված են տաքսիներով տեղաշարժվել, այն էլ մտերիմների ուղեկցությամբ: Դրսում մենթալիտետն է տարբեր, մարդիկ սովոր են իրենց կողքին  տեսնել հաշմանդամություն ունեցող անձանց և իրազեկված են, որ համապատասխան հարմարությունների ստեղծումը ոչ թե լավություն է, այլ իրավունքի ապահովում: Այստեղ Զառան հպարտորեն առանձնացրեց Disabilityinfo.am-ի ազդեցությունը: Նա ասում է, որ այսօր Հայաստանում մարդիկ քիչ են իրազեկված, որ դաշտում չկար այնպիսի կայք, որը մարդկանց տեղեկացներ, ծանոթացներ, թե ինչ է հաշմանդամությունը և ինչպես պետք է վերաբերվել այս հարցին: Disabilityinfo.am-ը նաև մոնիթորինգներ է իրականացնում, պարզելու, թե պետական ծրագրերը որքանով են ներառական և նկատի ունեցել են արդյոք հաշամանդամություն ունեցող քաղաքացիների կարիքներն ու իրավունքները:

[[wysiwyg_imageupload:141:]]«Այսօր շատ ավելի մեծ է այն մարդկանց խումբը, ովքեր կարևորում են իրավունքը, որ հաշմանդամություն ունեցող մարդը պետք է նույն իրավունքներն ու պայմաններն ունենա, ինչ որ մյուսները: Այսօր մարդիկ ավելի շատ տեղեկություն ունեն՝ ինչ է հարկավոր հաշմանդամություն ունեցող մարդուն, և ինչ է ասել հավասար հնարավորություն»,- նշում է նա: 

Իմ այն հարցին, թե որոնք են եղել իր կյանքի ամենադժվար պահերը, Զառան պատասխանեց. «Դժվար պահեր ես ամեն օր ունենում եմ, դա կարող է մի փոքրիկ բան լինել: Օրինակ` ես ուզում եմ գնալ ինչ-որ մի միջոցառման, բայց տեսնում եմ, որ դա ինձ համար ֆիզիկապես մատչելի չէ: Սա, հավատացեք, շատ է ազդում ոչ միայն իմ, այլ նաև իմ մի շարք ընկերների տրամադրության, ներքին վիճակի վրա: Ուղղակի, երբ ուզում ես մյուսների նման գնալ ինչ-որ սրճարան, ցուցահանդես և տարրական հարմարություններ չկան. սա սովորական խտրականություն է, որը ճնշում և ցավեցնում է մարդուն: Դու կախված ես մարդկանցից, բայց միշտ չէ, որ  ցանկանում ես, որ քեզ օգնեն»,- անկեղծանում է նա: Զառայի համար շատ ծանր է նաև հանդիպել ու լսել այն պետական գործիչներին, որոնց հետ աշխատում է, և տեսնել, որ նրանք չեն փոխում իրենց վերաբերմունքն ու կարծրատիպերը, որ հաճախ շատ բաներ անում են ուղղակի անելու համար: Զառան մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ պետական պաշտոնյաները իրենց արարքներով, առանց գիտակցելու կամ գիտակցաբար, խտրականություն են դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց և մյուս քաղաքացիների միջև: 

Ինչևէ, Զառան յուրաքանչյուր այսպիսի հուսահատությունից, սպառումից հետո միանգամից վերածնվում է և շարունակում պայքարել: Ժպտալով հավելում է, որ սա արդեն ինչ-որ բնական պրոցես է իր մոտ:

Խոսեցինք նաև Զառայի անձնական կյանքից: Հումորով հիշեց Disabilityinfo.am-ում տեղադրած իր հոդվածը, որտեղ նշում է, որ ինչքան էլ ձգձգվի հաշմանդամություն ունեցող կնոջ ամուսնությունը, նրան երբևէ չեն համարի «տունը մնացած», քանի որ ոչ ոք չի ակնկալում, որ նա կամուսնանա. «Իրականում այս կատակի մեջ լրջություն կա: Կան կարծրատիպեր, որ հաշմանդամություն ունեցող կինը չի կարող տան հոգսը իր վրա վերցնել, երեխա մեծացնել և այլն: Իմ դեպքում սրան գումարվում է նաև այն, որ տեսակով շատ ուժեղ մարդ եմ և գուցե դժվար բնավորություն ունեմ և դժվար է իմ կողքին լինել որպես զուգընկեր»:

Ըստ Զառայի՝ ամենակարևորը մարդու երջանկությունն է, որը տարբեր կերպ է արտահայտվում: Կարևորը մարդու՝ իրեն ներքուստ լիարժեք և երջանիկ զգալն է:

«Ես հաճախ եմ սիրահարվում ու ինձ էլ են սիրահարվում: Այդ զգացմունքը ինձ դուր է գալիս: Ես ուղղակի սիրում եմ ապրել այսօրվա օրով, վայելել այդ ապրումները, իսկ թե վաղը ինչ կլինի՝ արդեն երկրորդական է: Ամենակարևորը, որ մարդիկ իսկապես իրենց ներքուստ լիարժեք զգան և զգան, որ դիմացինն իրենց հենց այդպես էլ վերաբերվում է: Սրանք, իհարկե, փոխկապակցված են»,- ասում է նա:

Զառա Բաթոյանի ամենամեծ երազանքն ու նպատակը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ կյանքն է: Այսօր դա նրա կյանքի առաքելությունն է դարձել՝ տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց ու երեխաներին ազատ և լիարժեք կյանքով ապրելիս:

Լուսանկարները` Զառա Բաթոյանի անձնական արխիվից

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում