«Լրագրողներ հանուն ապագայի» անդամները հավատացած են, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը՝ որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվությունը’ ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ներով:
2012 թ. ապրիլի 1-ին «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» եռօրյա դասընթացների շրջանակում մասնակից 20 լրագրողներ (ստորև նշված են նրանց անունները) ստորագրեցին «Առցանց լրագրողի վարքականոնը», որը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնները բաղկացած են 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա:
Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն նպատակ ունի նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու ընթերցողին համացանցում տարբերակել որակյալ հրապարակումները կեղծ և ոչ հավաստի տեղեկություններից:
«Լրագրողներ հանուն ապագայի» անդամները հավատացած են, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը՝ որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվությունը’ ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ներով:
2012 թ. ապրիլի 1-ին «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» եռօրյա դասընթացների շրջանակում մասնակից 20 լրագրողներ (ստորև նշված են նրանց անունները) ստորագրեցին «Առցանց լրագրողի վարքականոնը», որը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնները բաղկացած են 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա:
Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն նպատակ ունի նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու ընթերցողին համացանցում տարբերակել որակյալ հրապարակումները կեղծ և ոչ հավաստի տեղեկություններից:
Վարքականոնը ներառվել է ԼՀԱ-ի «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքում, Երևանի պետական համալսարանի «Նոր և այլընտրանքային մեդիա. Էթիկական և իրավական խնդիրներ» ուսումնական ուղեցույցում: ԼՀԱ-ի վարքականոնին հետևում են Ditaket.am մարզային լրատվական հարթակի լրագրողները, ինչպես նաև Mynews.am հանրային թղթակցության հարթակի հեղինակները:
Նշված 10 կանոններին հետևելու պարագայում յուրաքանչյուր լրագրող, բլոգեր կամ ցանցային լրատվամիջոց ազատ է տնօրինելու այս կանոնակարգը սեփական էլեկտրոնային հարթակում տեղադրելու համար’ ակտիվ հղումով նշելով սկզբնաղբյուրը:
ԼՀԱ-ն կարևորելով այլոց կարծիքը փաստաթղթի բարելավման գործում, առաջարկում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, լրագրողներին, իրավաբաններին և քաղաքացիական լրագրողներին հանդես գալ առաջարկություններով և մեկնաբանություններով:
Առցանց լրագրողի 10 վարքականոն
Յուրաքանչյուր լրագրող, քաղաքացիական լրագրող կամ բլոգեր (այսուհետ` առցանց լրագրող), ով բաց տեղեկատվություն է զետեղում համացանցում, պետք է ընդունի սեփական հարթակում հրապարակումներ տեղադրելու կանոնները և սկզբունքները, աշխատի այդ սկզբունքներին համապատասխան:
Առցանց լրագրողը յուրաքանչյուր տեղեկություն հրապարակելիս պետք է հաշվի առնի տեղեկության ձևի (լուսանկար, տեսանյութ և այլն) և բովանդակության հնարավոր բացասական հետևանքները, այդ թվում’ հոգեբանական: Անհրաժեշտության դեպքում առցանց լրագրողը պետք է սահմանափակի ներկայացվող տեղեկության, տեղեկության որոշակի հատվածի, ինչպես նաև տեղեկության որոշակի ձևի հրապարակումը: Փաստերի, այդ թվում’ լուսանկարների և նյութի բովանդակության միտումնավոր աղավաղումն անընդունելի է:
1. Լուր հաղորդելիս ձեռնպահ մնալ մեկնաբանություններից. լրագրողի սեփական կարծիքը լուրի մեջ պետք է բացակայի, լրագրողի կողմնակալ վերաբերմունքը հրապարակման մասնակիցների և փաստերի նկատմամբ պետք է հնարավորինս բացառվի կայքում:
2. Հրապարակային տեղեկատվությունը ճշգրիտ հաղորդել. հրապարակման ենթակա չեն չճշտված, բամբասանքների վրա հիմնված տեղեկությունները: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում առցանց լրագրողը պետք է նշի տեղեկության աղբյուրը: Հասարակությունը պետք է ստանա աղբյուրի արժանահավատության վերաբերյալ առավելագույն տեղեկություն:
3. Յուրաքանչյուր տեղեկություն լրացնել փաստերով, հնարավորության դեպքում լուրը հիմնված լինի մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների համադրման վրա: Փաստերի բացակայության դեպքում տեղեկությունը պետք է ներկայացվի որպես կարծիք կամ գնահատողական դատողություն: Հրապարակման մեջ տեղ գտած պնդումները հեղինակին չպատկանելու դեպքում պետք է հղում անել տեղեկատվության աղբյուրին կամ, տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը պահպանելու դեպքում, նշել այդ մասին: Գրագողությունն արգելվում է:
4. Յուրաքանչյուր հրապարակում պետք է ապահովի բազմակարծություն, հրապարակման բոլոր մասնակիցների կարծիքների արտացոլում, անպայման ներկայացվեն հրապարակման մասնակիցների’ միմյանց հակասող կարծիքները, կամ նշվի կարծիքի/մեկնաբանության բացակայության պատճառը:
5. Հարգել յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում’ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը. հրապարակման մասնակցի մասին անհատական տվյալների, անձնական բնույթի տեղեկությունների հրապարակումը պետք է պայմանավորված լինի հանրային շահով: Յուրաքանչյուր դեպքում առցանց լրագրողը պետք է կշեռքի նժարի վրա դնի հրապարակման մասնակցի վերաբերյալ տեղեկության հրապարակման դրական և բացասական կողմերը:
6. Հարգել յուրաքանչյուրի պատվի և արժանապատվության իրավունքը. առցանց լրագրողն իր հրապարակումներում պետք է ձեռնպահ մնալ վիրավորական արտահայտություններից, զրպարտությունից, պիտակավորումներից:
7. Հրապարակման մասնակիցների խոսքը, կարծիքները և մեկնաբանությունները որպես ուղղակի խոսք ներկայացնելիս պետք է բառացի մեջբերել, իսկ սեփական բառերով ներկայացնելիս խուսափել հրապարակման անձի խոսքը աղավաղված ներկայացնելուց:
8. Հնարավորություն ընձեռել հրապարակման մեջ ներկայացված անձին հանդես գալու սեփական պատասխանով, եթե հրապարակման մեջ կա տվյալ անձի կամ նրա գործունեության վերաբերյալ բացասական տեղեկություն կամ կարծիք’ չհիմնավորված փաստերով:
9. Հրապարակումների մեկնաբանությունների հատվածում հեղինակն իրավունք չունի արհեստականորեն մեկնաբանություններ հրահրել’ ներկայացնելով անձնական վերաբերմունքը կամ կարծիքը հրապարակման մասնակիցների նկատմամբ: Հեղինակը պատասխանատվություն չի կրում հրապարակման տակ գրված մեկնաբանությունների համար: Վիրավորական կամ անպարկեշտ արտահայտությունների դեպքում կայքի համակարգողն իրավասու է չներկայացնելու դրանք:
10. Հեղինակը պետք է անկախ գործի: Պետք է մերժել հրապարակման անձանց նվերները, հոնորարները, անվճար ճանապարհորդությունները, խուսափել շահերի բախման վտանգ ներկայացնող աշխատանքից և քաղաքական ուժերի հետ գործակցելուց, եթե դա կարող է վնասել քաղաքացիական լրագրողական արժանահավատությանը:
Վերոնշյալ կանոններում փոփոխություններ կատարել թույլատրվում է միայն «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի եւ կանոնները ստորագրած լրագրողների (անձանց) համաձայնությամբ:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ ծանոթացել ենք առցանց լրագրողի էթիկայի վերոնշյալ կանոններին եւ պարտավորվում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ աշխատանքում առաջնորդվել դրանցով, գործել դրանց համապատասխան:
- Անի Պողոսյան,
- Լիլիթ Թովմասյան,
- Մարինե Պետրոսյան,
- Անահիտ Դարբինյան,
- Սոնա Սիրունյան,
- Տիգրանուհի Դավթյան,
- Արմանուշ Նիազյան,
- Իրինա Յոլյան,
- Մերի Սողոմոնյան,
- Սրբուհի Գրիգորյան,
- Հռիփսիմե Հովակիմյան,
- Վրույր Մալխասյան,
- Արսեն Վարդանյան,
- Էմին Մաթևոսյան,
- Արմենակ Դավթյան,
- Արմեն Հովակիմյան,
- Գագիկ Աղբալյան,
- Հռիփսիմե Հովակիմյան,
- Սուրեն Դեհերյան,
- Գայանե Միրզոյան
image source: www.nationalstory.co.uk