Կայացավ «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոն 2011-ը
Հունիսի 13-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում մեկնարկեց «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոնը:
Եռօրյա մեդիափառատոնի շրջանակներում ներկայացվեցին ֆիլմեր, որոնք նկարահանվել էին ոչ պրոֆեսիոնալ թվային ֆոտոխցիկներով կամ բջջային հեռախոսներով: Որևէ թեմատիկ կամ ժանրային սահմանափակում փառատոնում չկար, չկար նաև մասնագիտական և տարիքային սահմանափակում: Ներկայացվող մեդիաֆիլմերը հիմնականում 3-4 րոպե տևողությամբ էին:
Ինչպես նշում են կազմակերպիչները, «Ժանգոտ դդում»-ի հիմնական նպատակը առանց տարիքային սահմանափակման տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նկարած ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով ֆիլմերն ու լուսանկարները ներկայացնելն է:
Փառատոնի անվանումը ընտրել է արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը: Ըստ մեդիափառատոնի կազմակերպիչ Սոնա Աբգարյանի այս միջոցառումը ինչ-որ չափով ընդվզում է այնպիսի փառատոնների դեմ, որոնք ճոխություն և գլամուր են պարունակում: Կազմակերպիչները այդպիսին են համարում նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը.
«Սա ոչ թե դեմ է միայն «Ոսկե Ծիրանին», այլ առհասարակ գլամուրին, ձևական, պաշտոնական միջոցառումներին: Մենք տալիս ենք ինքնարտահայտվելու, ազատ զգալու հնարավորություն` անկախ քո ունեցած հնարավորություններից: Եթե չունես պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, կարող ես ներկայացնել հեռախոսով, և բավական է միայն ունենալ լավ գաղափար: Ֆիլմը կարող է վատ որակով լինել, սակայն բովանդակությամբ շատ հետաքրքիր», – նշում է Աբգարյանը:
Read More »Կայացավ «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոն 2011-ը