Մարզական լրագրության մշուշոտ ապագան
Ասում են` լրագրողի համար փակ դուռ չկա. եթե դուռը փակ է, պետք է պատուհանից մտնել, եթե պատուհանն է փակ` երդիկից: Իսկ ի՞նչ կարող են անել այն մարզական լրագրողները, ում համար պարզապես դաշտն է փակ կամ էլ այն ընդհանրապես գոյություն չունի…
Հայաստանում մարզական լրագրության ընդհանուր մակարդակը ցածր է կամ պարզապես միջին: Այսօր բարձրակարգ սպորտային հաղորդումներ չկան, որովհետև ոչ ոք ցանկություն չունի ֆինանսավորել նման հաղորդումներ, իսկ լավ հաղորդման համար մեծ գումարներ են անհրաժեշտ. լավ տաղավար` տեխնիկապես հագեցած, միջազգային տեսանյութեր, որոնք բավականին թանկ արժեն:
Մարզական լրագրող Կարեն Գիլոյանը դեռ ապագա տեսնում է այս ասպարեզում. «Մինչև վերջին ժամանակները մարզական լրագրության վիճակը շատ վատ էր: Ովքեր այլ ասպարեզում իրենց չէին կարողանում դրսևորել, որոշում էին սպորտային լրագրող դառնալ»,- ասում է Գիլոյանը: «Որակական աճ, իհարկե, կա: Հիմա սպորտային լրագրությամբ սկսել են զբաղվել նաև այն մարդիկ, ովքեր շատ բարձր ինտելեկտ ունեն և շատ լավ պատրաստված են: Վստահ եմ, որ հետագայում մարզական լրագրության մակարդակն ավելի բարձր է լինելու»:
Ի վերջո լրագրողները լավ չեն վարձատրվում, մրցակցություն չկա, և շատերն այդ աշխատանքը կատարում են իրենց ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու համար: