Skip to content

Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի

Գյումրիում սկսել է լույս տեսնել «Գյումրի-Ասպարեզ» անվամբ օրաթերթը: Այս նախաձեռնության հեղինակը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է:

Պաշտոնական առաջին համարի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 12-ին: Այս համարից առաջ լույս էին տեսել նաև փորձնական հինգ համարներ, որոնք անվճար բաժանվել էին Շիրակի մարզի բնակիչներին (կարդացեք նաև Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ):

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ, մոտ 20 տարի է Շիրակի մարզում տեղական օրաթերթ չի հրատարակվել, հետևաբար իրենց նպատակն է ամեն կերպ վերականգնել օրաթերթային ավանդույթը: Թերթի նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվում են նաև ակումբի Asparez.am կայքում:

«Ուզում ենք այնպիսի թերթ լինի, որ հանրությունը կապվի դրա հետ, չենք ուզում  ձևական թերթ լինի, ուզում ենք այն դառնա մարդկանց սեղանի թերթը, և եթե մարդուն հետաքրքրող նյութեր մատուցենք, ինքը 200-300 դրամ էլ պատրաստ կլինի վճարել»,- կարծում է Բարսեղյանը:

8 էջանոց թերթը հրատարակվելու է 500 տպաքանակով, իսկ վաճառքի գինը սահմանվել է 100 դրամ: «Մենք հավակնոտ չենք: Մենք չենք կարծում, որ Գյումրին  դրախտ է օրաթերթ հրատարակելու համար: Ենթադրում ենք, որ եթե առաջին ամսում վաճառենք 300 օրինակ, երկրորդ ամսում` 400 օրինակ, այնուհետև յուրաքանչյուր ամիս 50 կամ 100 օրինակ կփորձենք ավելացնել»,- ասում է Բարսեղյանը:

Read More »Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի

Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտադրված է երկու ամսից նոր օրաթերթ հրատարակել Գյումրիում: Ըստ նրա, ի տարբերություն մեծ քանակությամբ օրաթերթեր ունեցող մայրաքաղաքի, մարզերում արդեն 20 տարի է’ ԶԼՄ-ի այս տեսակը գոյություն չունի, և անհրաժեշտ է վերականգնել վաղ առավոտյան թերթ ընթերցելու ավանդույթը:

«Ես ինքս մի շարք անգամներ տարբեր դոնորների բացատրել, խնդրել, համոզել եմ, որ մարզերում տպարանային աջակցություն ցուցաբերեն, տպարաններ հիմնելու համար գումարներ հատկացնեն, հիմա հույս ունենք, որ այդ հատկացումը կլինի, և վերջապես մեր քաղաքում երկար ընդմիջումից հետո մենք կունենանք մերը»,-պարզաբանում է Լևոն Բարսեղյանը:

Թերթի արտադրության հարցում Բարսեղյանը ակնկալում է թե’ տեղացի, թե’ դրսի դոնորների աջակցությունը, ըստ նրա, եթե անգամ աջակցություն չլինի, իրենք սեփական ուժերով կփորձեն հրատարկել թերթը: Ըստ Բարսեղյանի` ֆինանսական աջակցություն արդեն խոստացել են, բայց քանի դեռ պայմանագիրը կնքված չէ, ֆինանսավորողի անունը նշել չի ցանկանում:

Նախագծի համար «Ասպարեզ» ակումբի հաշվարկներով անհրաժեշտ է միանվագ 80 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Այս գումարի մեջ ներառված չեն խմբագրության ընթացիկ ծախսերը, որոնք ըստ Բարսեղյանի ամսեկան կկազմեն մոտ 4000 դոլար:

Read More »Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ