Ինչպես գրել վեբ-կայքի համար
Ինչպիսի՞ն պետք է լինի վեբ-կայքի տեքստը: Ինչպիսի՞ն է առցանց տեքստի կառուցվածքը: Քանի՞ բառ պետք է լինի հոդվածում: Ինչո՞ւ շրջել բուրգը:
Ինտերնետային կայքի համար գրված ակնարկը նույն բանը չէ, ինչ թերթի հոդվածը: Վեբ-ընթերցողը քմահաճ է. աչքի տակով անցկացնում է տեքստը իրեն հետաքրքրող տեղեկատվություն գտնելու ակնկալիքով, և եթե արագ արդյունքի չհասնի, ամենայն հավանականությամբ կլքի կայքը:
Այդ պատճառով տվե՛ք նրանց այն, ինչ ուզւոմ են:
Պատկերացրեք՝ ինչպես կպատմեիք Ձեր նորությունը մարդաշատ և աղմկոտ վայրում: Ինչի՞ց կսկսեիք: Շատ դեպքերում հենց այդպիսին պետք է լինի առցանց հոդվածի առաջին պարբերությունը:
Ընթերցողն առաջին հերթին ուշադրություն է դարձնում կայքում զետեղված վերնագրերին: Հաջողված վերնագիրը արտահայտում է այն, ինչի մասին խոսվելու է հոդվածում: Համոզվեք, որ Ձեր վերնագիրը լսարանին թյուրիմացության մեջ չի գցում:
Առցանց հոդվածները պետք է լինեն համեմատաբար կարճ, քանի որ էկրանից ավելի բարդ է տեղեկատվությունն ընկալել քան թղթից: Որպես կանոն կարիք չկա մանրամասն նախապատմություն գրել, քանի որ կարելի է պարզապես հղում տալ Ձեր կայքում նախկինում հրապարակված նյութերի վրա:
Եթե Ձեր հոդվածը բաղկացած է մի քանի իմաստային մասից, կարող եք այն բաժանել հատվածների՝ վերնագրելով դրանցից յուրաքանչյուրը հեշտ ընկալելու համար: