Skip to content

Թուրք լրագրողներն ընդդեմ լրատվական գործակալության

Թուրքիայի լրագրողների միությունը գրավոր հայտարարությամբ բողոքել է «Անատոլիա» լրատվական գործակալության վարած քաղաքականության դեմ:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անատոլիայի» գրեթե 70 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, ասվում է հայտարարության մեջ:

«Բացի այդ կրճատվել են հանգստյան օրերը. շաբաթական մեկ ոչ աշխատանքային օր: Վերջին շաբաթների ընթացքում ավելացել են անտեղի նշանակումները, հեռացումները, գրավոր և բանավոր բացատրությունների պահանջները և նկատողությունները», – Bianet կայքին ասել է Լրագրողների միության նախագահ Էրքան Իփեկչին:

«Անատոլիա» լրատվական գործակալության պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ԹԼՄ-ի և այլ միությունների հայտարարությունները զրպարտում են գործակալությունը և ապակողմնորոշում հասարակությանը: Գործակալությունը 65 միլիոն թուրքական լիրայի ճեղքվածք ունի բյուջեում, և դրա 85 տոկոսը կազմում են աշխատավարձերը և այլ ծախսերը, ասվում է հայտարարությունում՝ հավելելով, որ հեռացված աշխատակիցների իրավունքները պաշտպանվում են: Գործակալության ենթակառուցվածքը փլուզման շեմին էր, և անհրաժեշտ էր նոր համակարգ, գրված է հաղորդագրությունում:

Աղբյուր: Hurriyet Daily News

 

Read More »Թուրք լրագրողներն ընդդեմ լրատվական գործակալության

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է հայկական թերթերի նկատմամբ հարուցված դատական գործընթացներով և սահմանված վնասների փոխհատուցման գումարներով, որոնք սպառնում են թերթերի գոյությանը և ստիպում դրանց զբաղվել ինքնագրաքննությամբ: 

2010-ի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի ապաքրեականացվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին օրենքը, դիտվեց որպես ժողովրդավարական քայլ, սակայն դատական հետապնդումները մամուլի նկատմամբ շարունակվում են: Միայն 2011-ի առաջին եռամսյակում հարուցվել է զրպարտության 12 գործ: Գլխավոր թիրախն անկախ թերթերն են: Ներկայումս «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք տարբեր հայց: Դատական գործ է հարուցված նաև «Հայկական ժամանակ»-ի և «Հրապարակ»-ի նկատմամբ:

Հիմնականում հայցվորները քաղաքական գործիչներ են: Ապրիլի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը «Հետք» կայքին, որը ստեղծել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, պարտադրել է որպես փոխհատուցում Իջևանի քաղաքապետին վճարել 450 000 դրամ, ինչպես նաև հերքել տպագրված նյութը: Սպառելով բոլոր հույսերը՝ ՀԿ-ն ցանկանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Read More »«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար