Skip to content

Ամիսը չբոլորած` 3 դատական հայց «Ժողովուրդ»-ի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 17-ին ստացավ այս ամսվա մեջ դատական հայցի վերաբերյալ թվով արդեն 3-րդ ծանուցումը: Դատական երեք գործերն էլ բացվել են վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: «Ժողովուրդ»-ից պահանջվող ընդհանուր գումարը այս երեք հայցերից կազմում է 5 միլիոն 248 հազար ՀՀ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը, որի տպաքանակը կազմում է 3500 օրինակ, լույս է տեսնում 2011 թ. փետրվարի 1-ից: Իսկ հունիսից նաև գործում է օրաթերթի առցանց տարբերակը` Armlur.am հասցեով:

Առաջին դատական հայցը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը` օրաթերթից պահանջելով  2,2 մլն դրամ:

Մարզպետը դատարան է դիմել «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով նյութում Գեղարքունիքի  մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի պնդումը հրապարակելու համար:

Ըստ Թորոսյանի` մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

Ինչպես «ՋեյՆյուզին» հայտնեց օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, այս դատական գործով նախնական դատալսումը դեռ նշանակված չէ, սակայն դատարանը ոստիկանությանը հրահանգ է տվել, որի արդյունքում Նվեր Պողոսյանի գործը քննվում է ոստիկանության կողմից:

Read More »Ամիսը չբոլորած` 3 դատական հայց «Ժողովուրդ»-ի դեմ

Givemeinfo նորաստեղծ կայքը կտրամադրի Հայաստանում տեղեկատվության ազատության պատկերը

«Տեղեկատվության ազատության շաբաթվա» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 22-ին Երևանում կայացավ Givemeinfo.am («Տվեք ինձ տեղեկատվություն») կայքի շնորհանդեսը:

Այս էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս հետևելու քաղաքացիների կողմից պետական գերատեսչություններին ուղարկված հարցումների և ստացված պատասխանների արդյունավետությանը և ձևավորել վիճակագրություն:

Կայքում գրված է, որ այն ստեղծված չէ քննադատելու կամ վերլուծելու համար, այլ ցույց է տալիս Հայաստանում տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը` ըստ քաղաքացիների հարցումների:

Նախագիծն իրականացվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից`«Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Կայքի մտահղացման հեղինակն է Ալբերտ Պողոսյանը:

«Հիմնական գաղափարն այն է, որ ստեղծենք հասարակական վերահսկողության ինովացիոն մեխանիզմ, որտեղ մարդիկ` ներմուծելով իրենց հարցումներն ու պաշտոնական անձանց պատասխանները, դառնում են տեղեկատվության վիճակագրության ստեղծող»,- ասում է ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կայքի տեղեկատվությունը կուտակվում է քաղաքացիների կողմից մուտքագրած տվյալների հիման վրա և գրաֆիկների միջոցով ներկայացվում է տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը:

Read More »Givemeinfo նորաստեղծ կայքը կտրամադրի Հայաստանում տեղեկատվության ազատության պատկերը

Վրաստանում գործում է հասարակական տեղեկատվության վիճակագրական կայք

Վրաստանում սկսել է գործել GiveMeInfo անունը կրող նոր կայքը, որի նպատակը հասարակական տեղեկատվության հոսքը ավելի բաց դարձնելն է:

Կայքի ստեղծման մտահաղացումը վրացի լրագրող Դավիթ Չագանավաինն է: Անցյալ տարի Թբիլիսիում այս նախագծով նա Կովկասի սոցիալական նորամուծությունների ճամբարի հաղթող ճանաչվեց: Շահած գումարի և Վրաստանի բաց հասարակություն հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ http://givemeinfo.ge կայքը դարձավ իրականություն:

Կայքի բովանդակությունը լրացնում են հենց օգտվողները՝ նրանք, ովքեր առավել հաճախ հասարակական տեղեկատվության կարիք ունեն, մասնավորապես, լրագրողները և ՀԿ-ների ներկայացուցիչները: Մուտքագրվող տեղեկությունները գաղտնի են: Տեղեկություն ստանալու համար պահանջվում է պատասխանել հայցադիմումի մի քանի հարցի:

«Կայքը ցույց կտա, թե ինչպես են տարբեր գործակալություններ և նախարարություններ զբաղվում հասարակական տեղեկատվության հոսքով: Այն տեղեկատվության հոսքը պատկերող քարտեզի կնմանվի: Դեռ ոչ բոլորը գիտեն կայքի մասին, այդ պատճառով տեղեկատվությունը դեռ շատ չէ: Չգիտես՝ ինչու, շատերը մտածում են, որ գործընթացը ժամանակատար է, մինչդեռ այն մի քանի րոպե է տևում», – ասել է Դավիթ Չագանավան Media.ge կայքին:


Read More »Վրաստանում գործում է հասարակական տեղեկատվության վիճակագրական կայք

Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի

«Ա1+» ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որին այս տարի հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կհանձնվի Fritt Ord Press Prize-2011-ը:

Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ հայկական «Ա1+» կայքը: (Հաղթողների մասին առավել մանրամասն’ մեր կայքի անգլերեն էջում ):

Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար’չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:

«Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ա1+»-ը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում:

Որոշումը կայացրել է 8 հոգանոց անկախ ժյուրին, որի կազմում եղել են 5 ներկայացուցիչներ Գերմանիայից, մեկական Թուրքիայից, Դանիայից, Նորվեգիայից:

«Ա1+»-ին իբրեւ մրցանակ կհանձնվի 10000 եվրո:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին:

Read More »Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի