Skip to content

Տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակաբաշխությունը

2011թ. հուլիսի 18-ին լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 16 տարին, որի առթիվ մայրաքաղաքի «Գուսան» սրճարանում տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակը սահմանվել է 1998-ից և տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին:

«Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրայելյանը հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010թ. մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար դարձավ 2010-2011 թվականների մրցանակակիր: Նա ստացավ նաեւ «Deutsche Welle» ռադիոկայանի հուշանվերը, որը հանձնեց «DW» հայաստանյան թղթակից Արշավիր Գազազյանը:

Մրցանակի արժանացավ նաև «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Մարգարիտ Եսայանը լրագրողական հետաքննությամբ Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործություններն ընթերցող հասարակությանը վերադարձնելու համար: Մրցանակը լրագրողին հանձնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

Եվս երկու մրցանակ բաժին հասավ «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարին՝ բանավեճի մշակույթի զարգացման համար և «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր, բլոգեր Արթուր Պապյանին՝ այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման համար: Մրցանակն Արթուր Պապյանին հանձնեց ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը:

 

Read More »Տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակաբաշխությունը

ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համոզված է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի մամուլում դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն գլխավոր աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում ընդունվի զրպարտության մասին օրենքը», – իր քառօրյա այցի ամփոփման ժամանակ հայտնել է Միյատովիչը:

«Ես ողջունում եմ նախագահ Իլհամ Ալիևի հայացքները համացանցի ազատության վերաբերյալ», – ասել է Միյատովիչը:

Այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է իշխանությունների և ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ:

Ապագայում ևս Միյատովիչը պատրաստվում է հետևել Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Զրպարտանքի մասին օրենքի կարևորագույն նպատակն է խուսափել լրագրողների ազատազրկումներից, ինչպես նաև թեթևացնել այն գումարների չափերը, որոնք մամուլը վճարում է որպես տուգանք», – ասում է Միյատովիչը:

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում կծավալի օրինագծի վերաբերյալ և հասարկությունը կաջակցի այդ օրինագծին», – ասել է նա:

Զրպարտանքի մասին օրինագիծը մշակվել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի օգնությամբ 2005 թվականին: Օրինագծի մշակմանը մասնակցել են պատգամավորներ, մամուլի ներկայացուցիչներ և փաստաբաններ:

Read More »ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է հայկական թերթերի նկատմամբ հարուցված դատական գործընթացներով և սահմանված վնասների փոխհատուցման գումարներով, որոնք սպառնում են թերթերի գոյությանը և ստիպում դրանց զբաղվել ինքնագրաքննությամբ: 

2010-ի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի ապաքրեականացվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին օրենքը, դիտվեց որպես ժողովրդավարական քայլ, սակայն դատական հետապնդումները մամուլի նկատմամբ շարունակվում են: Միայն 2011-ի առաջին եռամսյակում հարուցվել է զրպարտության 12 գործ: Գլխավոր թիրախն անկախ թերթերն են: Ներկայումս «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք տարբեր հայց: Դատական գործ է հարուցված նաև «Հայկական ժամանակ»-ի և «Հրապարակ»-ի նկատմամբ:

Հիմնականում հայցվորները քաղաքական գործիչներ են: Ապրիլի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը «Հետք» կայքին, որը ստեղծել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, պարտադրել է որպես փոխհատուցում Իջևանի քաղաքապետին վճարել 450 000 դրամ, ինչպես նաև հերքել տպագրված նյութը: Սպառելով բոլոր հույսերը՝ ՀԿ-ն ցանկանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Read More »«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Աուդիո. Երևանում շնորհվեց մրցանակ մամուլի ազատության օրվա կապակցությամբ

Մայիսի 2-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի հանձնման արարողությունը:

Մրցանակը շնորհվեց «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանին հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար(2008 և 2009 թվականներին մրցանակը ոչ ոքի չի շնորհվել):

«Հայաստանում մի շրջագիծ է գծված, որից ոչ ոք չի ուզում դուրս գալ»,- խոսելով մեր երկրում լրագրողական դաշտի մասին` նշեց մրցանակակիրը: Էդիկ Բաղդասարյանը համոզված է, որ մեծ ցանկության դեպքում լրագրողները կարող են տեղ հասցնել իրենց ասելիքը` թեկուզ խմբագրություններում իրենց ղեկավարների հետ «կռիվ տալու» գնով:

Միջոցառումը կազմակերպել էին Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Ստորև կարող եք լսել մրցանակի հանձնման արարողության ձայնագրությունը:

 

Read More »Աուդիո. Երևանում շնորհվեց մրցանակ մամուլի ազատության օրվա կապակցությամբ

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը դատապարտում է հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է վերջերս տեղի ունեցած հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա և կոչ արել կառավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու բռնության դեպքերը լրագրողների նկատմամբ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ակտիվ միջոցների դիմեն կանխելու մամուլի նկատմամբ բռնությունները», – ասել է Միյատովիչը: «Լրագրողների համար անվտանգ և ազատ աշխատանքային միջավայր ստեղծելը ԵԱՀԿ-ին ինտեգրվելու հիմնական պահանջներից է, և ես պետք է ցավով նշեմ, որ Ադրբեջանի կառավարությանը դեռևս չի հաջողվել կատարել այդ պայմանը»:

Մարտի 26-ի գիշերը վեց դիմակավոր անձ առևանգել են «Ազադլիք» անկախ թերթի լրագրող Սեյմուր Հազիևին Բաքվի մոտակա գյուղերից մեկից: Ինչպես հայտարարվում է՝ նրա գլխին պարկ են հաքցրել, ծեծել նրան և սպառնացել ավելի վատ բռնություններով, եթե նա շարունակի քննադատական հոդվածներ գրել կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանի ամենից շատ տպագրվող պարբերականներից մեկը՝ «Ազադլիքը», շարունակաբար ենթարկվել է հարձակումների և այլ տիպի միջամտությունների՝ ներառյալ աշխատակազմի և հովանավորների ձերբակալման: Հազիևն ինքը վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկվել է սպառնալիքների և ծեծի: 

Աղբյուր: http://www.osce.org/fom/76228


Read More »ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը դատապարտում է հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա