Skip to content

Հայցվորի պահանջը բավարարվեց. «Ժամանակ»-ը պետք է վճարի Մանասերյանին զրպարտության համար

Սեպտեմբերի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը:

Դատարանը մասնակի բավարարեց հայցվորի պահանջը` պարտադրելով «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ին վճարել 510 հազար դրամ` 300 հազարը զրպարտության համար, 200 հազարը` փաստաբանական ծախսերի, իսկ 10 հազարը, որպես պետական տուրք:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2.5 միլիոն փոխհատուցում էր պահանջել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ից` պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար: Բացի այդ Մանասերյանը պահանջել էր հերքել «Ժամանակ» օրաթերթի 2010թ-ի սեպտեմբերին թերթում տպագրված «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» հոդվածում առկա տեղեկությունները: Հոդվածում գրված էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել` վաշխառությամբ զբաղվելու կասկածանքով, ինչպես նաև, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում վկաներից մեկը հայտնել էր, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել:

«Ժամանակ» օրաթերթը պատրաստվում է բողոքարկել վճիռը: 

/Լրաքաղ/

JNews.am

Read More »Հայցվորի պահանջը բավարարվեց. «Ժամանակ»-ը պետք է վճարի Մանասերյանին զրպարտության համար