«Apple»-ի համահիմնադիր Վոզնյակն արժանացավ Հայաստանի նախագահի մրցանակին, իսկ հայ գիքերը` լեգենդի հետ հանդիպմանը
11.11.11 տարեթիվը, որին շունչները պահած սպասում էին աշխարհի շատ երկրներում, Հայաստանի համար նշանավորվեց առաջին անձնական համակարգչի լեգենդար հեղինակի և «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ հանդիպմամբ: Վոզնյակն արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակին: Այսպիսի մրցանակ հանձնվում է երկրորդ անգամ. նախորդ տարի այն տրվել է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին:
Երևան կատարած երկօրյա այցի ընթացքում Վոզնյակը հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Աշխատանքը պետք է հաճույք պատճառի, ինչով էլ որ զբաղվես», – այս պարզ արտահայտությունը կարող է դառնալ նոյեմբերի 11-ին Երևանում տեխնոլոգիաների ոլորտի հսկաներից մեկի և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած հանդիպման կարգախոսը: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճի թե’ ուսանողներին և թե’ տեխնոլոգիայի ոլորտում արդեն կայացած մասնագետներին հետաքրքրում էր հանրահայտ «Apple» ընկերության պատմությունը, Վոզնյակի կենսափորձը, ինչպես նաև անվանակից Սթիվ Ջոբսի հետ նրա համագործակցությունը: