Skip to content

Հայկական մեդիայի անդրադարձը Թուրքիայի իրադարձություններին

Թուրքիայում Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու պահպանման աջակիցներն իրենց բողոքի ձայնը հայտնել եւ ցույցի են դուրս եկել դեռեւս մայիսի 27-ին: Հայկական լրատվամիջոցները, սակայն, խնդրին անդրադարձան 2 օր անց, երբ բախումներ գրանցվեցին ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Մոտ 4 շաբաթ անընդմեջ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են հայկական ԶԼՄ-ների օրվա գլխավոր նորությունը: Սակայն ինչո՞ւ: Իրականում, նմանատիպ բողոքի ակցիաներին եւ դրանց ցրելու կոշտ մեթոդներին ֆինանսական ճգնաժամից տուժած եվրոպացիները վաղուց են ծանոթ:

Հատկանշական է, որ հակակառավարական ակցիաներ, որոնք կրկին ավարտվել են բախումներով եւ ձերբակալություններով, տեւական ժամանակ անցկացվում էին նաեւ Ռուսաստանում: Հայաստանյան ԶԼՄ-ներում դրանց մասին անդրադարձ գրեթե չեղավ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը դա պայմանավորում է նրանով, որ հոգեբանորեն հայկական մեդիան, ինչպես նաեւ ողջ Հայաստանը «թուլություն ունի Ռուսաստանի նկատմամբ»:

Թուրքիայում Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու պահպանման աջակիցներն իրենց բողոքի ձայնը հայտնել եւ ցույցի են դուրս եկել դեռեւս մայիսի 27-ին: Հայկական լրատվամիջոցները, սակայն, խնդրին անդրադարձան 2 օր անց, երբ բախումներ գրանցվեցին ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Մոտ 4 շաբաթ անընդմեջ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են հայկական ԶԼՄ-ների օրվա գլխավոր նորությունը: Սակայն ինչո՞ւ: Իրականում, նմանատիպ բողոքի ակցիաներին եւ դրանց ցրելու կոշտ մեթոդներին ֆինանսական ճգնաժամից տուժած եվրոպացիները վաղուց են ծանոթ:

Հատկանշական է, որ հակակառավարական ակցիաներ, որոնք կրկին ավարտվել են բախումներով եւ ձերբակալություններով, տեւական ժամանակ անցկացվում էին նաեւ Ռուսաստանում: Հայաստանյան ԶԼՄ-ներում դրանց մասին անդրադարձ գրեթե չեղավ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը դա պայմանավորում է նրանով, որ հոգեբանորեն հայկական մեդիան, ինչպես նաեւ ողջ Հայաստանը «թուլություն ունի Ռուսաստանի նկատմամբ»:

«Հայաստանում ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին չեն հետեւում: Մեզ մոտ հեռարձակվող ռուսական մի քանի ալիքներ օբյեկտիվ պատկերը չեն ներկայացնում, իսկ այն, ինչը որ ցուցադրում են, ձեւավորում է մարդկանց կարծիքը: Մարդկանց պատկերացումներն էլ սահմանափակվում է նրանով, որ Պուտինը լավն է, ցուցարարները` վատը, իսկ նրանց հետեւում կանգնած է ԱՄՆ-ն: Հայերը այդ ցույցերով այնքան էլ չեն հետաքրքրվում», -կարծում է Մանուկյանը:  

Փոխարենը, նա պնդում է, որ Հայաստանում ակտուալ է Թուրքիայի թեման, իսկ այս հարցում մեծ դեր ունեն հայ-թուրքական հարաբերությունները: Հետեւաբար, Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձությունները լուսաբանվեցին լսարանի պահանջը հաշվի առնելով:

Լուսաբանման սկզբնական շրջանում հայկական որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով թուրքական աղբյուրների այն տեղեկատվությունը, թե բողոքի ակցիան բնապահպանական շարժում է, զուգահեռներ անցկացրեցին Գեզի այգու եւ Մաշտոցի այգու միջեւ, թուրքական ոստիկանության գործողություններն էլ համեմատեցին մարտի 1-ին հայ ոստիկանների ծավալած գործողությունների հետ: Խորքային տեղեկատվության բացակայության դեպքում զուգահեռներ անցկացնելը, ըստ Գեղամ Մանուկյանի, սխալ է:

«Գեզի այգու դեպքում ծառ կտրելու հարցը չէր: Եթե այդպես լիներ, ապա դրանից առաջ հսկայական կամուրջ կառուցեցին, որի համար մի ամբողջ անտառ ոչնչացրեցին: Թող այդ ժամանակ բողոքեին: Սա քաղաքական շարժում էր, օսմանցի էրդողանի եւ քեմալական Թուրքիայի հակասության հարցն էր», – համոզված է Մանուկյանը: «Վարչապետը ուզում է վերականգնել օսմանյան պետության խորհրդանիշ կազարմաները: Իսկ Մաշտոցի պուրակի դեպքն այլ բան էր:  Ճիշտ է` իշխանության դեմ դժգոհություն արտահայտում էին, բայց քաղաքականացված չէր», – ասում է Մանուկյանը:

Մեդիաոլորտի ներկայացուցչի խոսքով` լուսաբանումը թերի էր, քանի որ դա արվում էր հիմնականում Թուրքիան չուսումնասիրած, ստամբուլցու հոգեբանությունը, Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու պատմությունը չիմացող լրագրողների, իսկ ավելի հաճախ ուղղակի թարգմանիչների կողմից:

Թուրքիայում տիրող պատկերը կարծես էլ ավելի անորոշ դարձավ, երբ  որոշ լրատվամիջոցներ ընդգծեցին այն փաստը, որ Թաքսիմի տեղում տարիներ առաջ եղել է հայկական գերեզմանոց, իսկ գերեզմանաքարերն էլ օգտագործվել են հրապարակի ճանապարհները կառուցելու համար: Համացանցում հայտնվեցին նաեւ թուրքական լրատվամիջոցների կողմից չհրապարակված տեսանյութեր, որտեղ ցույցի որոշ մասնակիցներ խոսում են «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության մասին:

«Տարօրինակ հայկական հիվանդություն է` ուռճացնել չեղած բաները: Այդ պատճառով մի պահ այն տպավորությունն էր ստեղծվել, թե բոլոր ցուցարարները Հրանտ Դինքի անունով են երդվում, 1915թ. ցեղասպանություն ճանաչում: Այսպես էին ներկայացրել, որ կարծես ամբողջ Թուրքիան ոտքի է կանգնել, ամբողջ Թուրքիան պայքարում է Էրդողանի դեմ», – նշեց Գեղամ Մանուկյանը:

Հարկ է նշել, որ եզակի դեպքերում էր, երբ հայկական լրատվամիջոցները տեղեկատվությունը փոխանցում էին սեփական թղթակիցների միջոցով` անմիջապես իրադարձությունների հրապարակից: Տեղեկատվության մեծ մասը ստացվում է այն լրատվամիջոցներից, որոնց լրահոսն ուղղորդված է, եւ որոնց քննադատեց անգամ թուրքական հասարակությունը: Մինչդեռ, եթե Թուրքիայում մեդիան 4-րդ իշխանությունն է, ապա «Թվիթեր» սոցիալական ցանցը դարձավ 5-րդը: Ներքաղաքական կյանքն այստեղ եռում է: «Թվիթեր»-ն այս երկրում ունի ավելի քան 9 միլիոն բաժանորդ, որոնց թվում են նաեւ Թուրքիայի նախագահը, վարչապետը, երկրում հավատարմագրված դեսպանները: Իրադարձությունների վերաբերյալ լինում են խորքային քննարկումներ, բանավեճեր, տեսանյութեր եւ փաստեր: Սակայն հայկական լրատվամիջոցները կարծես չօգտվեցին նաեւ այս հնարավորությունից:

Թուրքիայում շարունակվող անկարգությունների լուսաբանման շրջանակում հայկական ԶԼՄ-ները չանդրադարձան նաեւ մի ակցիայի, որը տեղի ունեցավ հենց Հայաստանում: Մի խումբ ակտիվիստներ կազմակերպեցին աջակցության ստորագրահավաք և ստեղծեցին ֆեյսբուքյան նախաձեռություն Solidarity from Armenian Civic Activists to Istanbul protesters` հայտարարելով իրենց համերաշխությունը բոլոր այն մարդկանց, որ Թուրքիայում պայքարում են հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության: Անգամ առցանց լրատվամիջոցները, որոնք հետեւում են սոցիալական ցանցերի քննարկումներին, չհրապարակայնացրին ակցիան: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ներկայացուցիչը, ով այդ մասին չբարձրաձայնածներից մեկն է, պատճառաբանում է, թե դա անմիտ քայլ էր:

«Կանգնել են Կոմիտասի արձանի առաջ, նկարվել են պաստառներով ու ասում են` ի պաշտպանություն Գեզի այգու ակցիա ենք կազմակերպում: Մեկը հարցնի` դու այգին տեսե՞լ ես: Ինչո՞ւ… մի այգու համար, որը կառուցվել է հայկական գերեզմանի վրա», – նշում է Մանուկյանը:

Անահիտ Իվանյանը ԵՊԼՀ-ի միջազգային լրագրության մագիստրատուրայի ուսանող է: Այս նյութը նա գրել է «Լրատվական հոսքերի ստեղծման տեխնոլոգիաներ» առարկայի շրջանակներում:

Աղբյուր` JNews.am