Skip to content

Լևոն Աթոյանց. անցյալի, ներկայի ու ապագայի հատման կետում

Նա ոչ միայն խաղացել է գույնի, լույսի ու ստվերի, կոմպոզիցիայի ու կադրի դրամատուրգիայի հետ, այլև փոխել դրանց հետ աշխատելու ավանդական ձևերը ու ստեղծել իրենը: Կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ խոսելիս հասկանում ես մի բան. կինոյի մեծ վարպետի վերաբերմունքը աշխարհի ու կյանքի հանդեպ այլընտրանքային է, ուրիշ, աթոյանական:

Անծանոթների համար նա կարճահասակ, մի ոտքից կաղ և մանր-մանր քայլերով շարժվող ալեհեր մի պապիկ է: Մինչդեռ, երբ լսում ես նրա՝ «արի, արի, ես միշտ տանս դուռը բաց եմ պահում» խոսքերը, հայտնվում ես կինոյի մի փոքրիկ աշխարհում: Այստեղ հնի, լավի ու խնամքով պահպանվածի պատմություններ են, բազմաթիվ գրքեր, կինոժապավեններ, լուսանկարչական խցիկներ: Լևոն Աթոյանցը դողդոջուն աջ ձեռքով (քանի որ ձախը գրեթե միշտ անշարժ է), արդեն դժվարությամբ է կարողանում բացել սեփական կինոխցիկի մեծ երկաթե տուփը: Այնտեղ պահվում են նրա օբյեկտիվները, ինը կիլոյանոց տեսախցիկը, որով նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերը՝ «Մորգանի խնամին», «Քաոսը», «011 աքսորականը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծոն»: Ֆիլմեր նկարահանելիս օպերատորը չէր քնում, մտածում էր, պատկերացնում, ցանկանում ստեղծել տարօրինակ ու անսովոր պատկերներ՝ խախտելով կինոյի կանոնները:

Լևոն Աթոյանցի՝ կինոյով շնչող փոքրիկ բնակարանի երկու սենյակներից մեկում նաև մի մեծ ռադիոընդունիչ կա: 1949-ին օպերատորն ինքն է ստեղծել այն, որ լսի «Ամերիկայի ձայնը»՝դեմ գնալով ռեժիմին ու գաղափարախոսությանը:Այս հարցում էլ օպերատորի մոտեցումներն այլընտրանքային էին:

Նա ոչ միայն խաղացել է գույնի, լույսի ու ստվերի, կոմպոզիցիայի ու կադրի դրամատուրգիայի հետ, այլև փոխել դրանց հետ աշխատելու ավանդական ձևերը ու ստեղծել իրենը: Կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հետ խոսելիս հասկանում ես մի բան. կինոյի մեծ վարպետի վերաբերմունքը աշխարհի ու կյանքի հանդեպ այլընտրանքային է, ուրիշ, աթոյանական:

Անծանոթների համար նա կարճահասակ, մի ոտքից կաղ և մանր-մանր քայլերով շարժվող ալեհեր մի պապիկ է: Մինչդեռ, երբ լսում ես նրա՝ «արի, արի, ես միշտ տանս դուռը բաց եմ պահում» խոսքերը, հայտնվում ես կինոյի մի փոքրիկ աշխարհում: Այստեղ հնի, լավի ու խնամքով պահպանվածի պատմություններ են, բազմաթիվ գրքեր, կինոժապավեններ, լուսանկարչական խցիկներ: Լևոն Աթոյանցը դողդոջուն աջ ձեռքով (քանի որ ձախը գրեթե միշտ անշարժ է), արդեն դժվարությամբ է կարողանում բացել սեփական կինոխցիկի մեծ երկաթե տուփը: Այնտեղ պահվում են նրա օբյեկտիվները, ինը կիլոյանոց տեսախցիկը, որով նկարահանել է իր գրեթե բոլոր ֆիլմերը՝ «Մորգանի խնամին», «Քաոսը», «011 աքսորականը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծոն»: Ֆիլմեր նկարահանելիս օպերատորը չէր քնում, մտածում էր, պատկերացնում, ցանկանում ստեղծել տարօրինակ ու անսովոր պատկերներ՝ խախտելով կինոյի կանոնները:

Լևոն Աթոյանցի՝ կինոյով շնչող փոքրիկ բնակարանի երկու սենյակներից մեկում նաև մի մեծ ռադիոընդունիչ կա: 1949-ին օպերատորն ինքն է ստեղծել այն, որ լսի «Ամերիկայի ձայնը»՝դեմ գնալով ռեժիմին ու գաղափարախոսությանը:Այս հարցում էլ օպերատորի մոտեցումներն այլընտրանքային էին:

Ծնվել է 1930-ին՝ Թիֆլիսում, ապրել, մեծացել ու աշխատել է սովետական իրականության մեջ: Խոստովանում է՝չես կարող ջնջել պատմությունը՝ լավ, թե վատ: Ուղղակի պետք է իմանաս այն: «Օրինակ, եթե Լենինի արձանը լիներ կանգնեցված ու թոռս հարցներ՝ թե ով է, ես կասեի, որ սրիկայի մեկն է: Պետք չէ կործանել արձաններն ու պատմությունը», – կատակում է նա: Աթոյանցի կյանքի ամեն փուլը, վայրը, որ երբևէ առնչություն է ունեցել նրա հետ, դարձել է պատմություն: Օրինակ, Թիֆլիսի այն դպրոցը, որտեղ նա սովորել է, այսօր Շոթա Ռուսթավելու անվան կինոինստիտուտն է, քիչ այն կողմ էլ «Վրացֆիլմ»-ն էր:

1955-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա: Սկզբում լուսավորող էր, հետո՝ օպերատորի օգնական: Այդ ժամանակ ռեժիսոր Հենրիխ Մարգարյանն ու օպերատոր Կարեն Մեսյանը Չարենցի մասին ֆիլմ էին նկարահանում ու պիտի հարցազրույց վերցնեին Ավետիք Իսահակյանից: Կինոօպերատորը հիշում է, որ միայն այն մտքից, որ ինքը՝ թիֆլիսցի անփորձ պատանին, տեսնում է հայ գրականության դասականին,սեղմում նրա ձեռքը, արդեն յոթերորդ երկնքում էր: Երբ ժապավենը վերջանում է, նրան ուղարկում են «Հայֆիլմ»` լիցքավորելու նորը: Վազելով հասնում է «Հայֆիլմ», սկսում անել հանձնարարվածը:Ասում է՝ այդ պահին այնքան էր հուզվել, որ 300 մետր ժապավենը փակ աչքերով էր լիցքավորել: Հաջորդ օրը պարզվել է, որ նյութն ամբողջությամբ սև է դուրս եկել: Ոչ ոք ոչինչ չի հասկացել, ակտ են գրել այն մասին, որ գործարանից բերված ժապավենը պիտանի չի եղել: Հետո պարզվել է, որ ժապավենի լիցքավորումը լույսի տակ է եղել: Բայց Լևոնը չէր պատժվել. հուզմունքից ու ներշնչանքից էր այդպես ստացվել… «Էդ հիմա է, որ դրսում մոտենում են քեզ, ասում են՝ ապեր, տուր կպցնեմ պապիրոսս», – կատակում է նա:

Ինքնուրույն բեմադրող օպերատորի պատմությունն սկսվում է 1960-ականներին: Այդ ժամանակ էր, երբ ստեղծվեց աթոյանական կինոլեզուն՝ լի նորարարություններով ու ստեղծարարությամբ: Իր առաջին սև ու սպիտակ ֆիլմերն ստեղծելիս ուզում էր խախտել որոշ նորմեր: Ուզում էր շատ կոնտրաստային պատկեր ստանալ՝ առանց սևի ու սպիտակի միջներանգների: Ավելին, համարձակվում էր սև ու սպիտակ ժապավենը ներկել գույնով, օրինակ գինու բոսոր կարմիրով՝ «Քաոսում» հերոսներից մեկի հարբած հիշողությունները պատկերելու համար: Փորձարկումներ էր անում ժապավենի հետ: Իսկ լաբորատորիայում ծակեր էին անում նրա փորձարկումների վրա:Այդպես մի ամբողջ փորձարկում դակել էին ու ամեն ինչ խափանվել էր: Նա գրեթե միշտ լաբորատորիայում էր, հետևում էր իր ֆիլմերի ժապավենների մշակմանը, որովհետև ճիշտ գույն ստանալը շատ կարևոր էր:

Այդ պատճառով էլ «Հայֆիլմի» գլխավոր ինժեներին առաջարկում է աշխատանքի հրավիրել Միշա Շիդրինսկուն, որի հետ ընկերացել էր Լենինգրադում սովորելու տարիներին: Շիդրինսկին զբաղվում էր ժապավենային տեխնոլոգիաներով:Այսպիսով, պետք էր տարբեր ժապավենների վրա փորձնական նյութ նկարահանել: Այդ նպատակով նկարահանող խումբը մեկնում է Գառնի, հետո՝ Գեղարդ: Օպերատորի ուշադրության կենտրոնում զբոսաշրջիկների մի խումբ է, խցիկն արդեն նկարահանում է: Հանկարծ մոտենում է մի նիհար երիտասարդ, նայում այս կողմ, այն կողմ, ապա մտնում եկեղեցի: Աթոյանցը կինոխցիկը չի անջատում, սպասում է երիտասարդի դուրս գալուն. ուզում է մի կադրով ստանալ գործողությունը: Երիտասարդը դուրս է գալիս Գեղարդավանքից, նստում աղբյուրի մոտ, և ժապավենը վերջանում է: Հետո պարզվում է, որ այդ երիտասարդը հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին էր: Լևոն Աթոյանցը պատահաբար նկարահանել էր նրան: Տարիներ անց օպերատորն իր ուսանողներից մեկին է տալիս 120 մետր նեգատիվ ժապավենը՝ խորհուրդ տալով թվայնացնել և կուրսային աշխատանք նկարահանել դրա հիման վրա: Ուսանողի հայրը, տեսնելով ժապավենի տուփի վրա Տարկովսկու անունը, վերցնում է նեգատիվը, մեկնում Մոսկվա, նկարահանում «Անդրեյ» կոչվող ֆիլմը՝ օգտագործելով Աթոյանցի նկարահանած նյութը, և ցուցադրում այն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Հեղինակային իրավունքի նման կոպիտ խախտումը բոլորովին չի վրդովվեցնում օպերատորին: Նա նույնիսկ չուզեց նշել իր նյութն օգտագործող ռեժիսորի անունը: Նրան անհանգստացնում է ուրիշ բան: Ֆիլմերի պրեմիերաների կամ կինոփառատոնների ժամանակ, երբ ռեժիսորներն ասում են` նոր ֆիլմ են նկարահանելու, Աթոյանցը միշտ շտապում է ուղղել՝ «դու չես նկարահանի, դու կբեմադրես օպերատորի հետ, իսկ օպերատորը կնկարահանի»: Սեփական մասնագիտությանը հավերժ սիրահարված կինոօպերատորը շեշտում է՝ այս մասնագիտությունը ծնվել է ժապավենի հետ, մնացած ամեն ինչ կինոօպերատորություն չէ, տեսանկարահանում է, իսկ դրանք շատ տարբեր բաներ են: Նա նույնիսկ պայքարել է, որ ցուցադրվեն 16 մմ ժապավենի և տեսանկարահանման ֆիքսած նույն նյութերը երկու էկրաններին միաժամանակ… Լրագրող, կինոքննադատ Կարեն Քալանթարը, տեսնելով «Հեղնար աղբյուրը» կինոնկարը, իր հոդվածում գրել է. «Ես նայել եմ սև ու սպիտակ ֆիլմ ու մտածել, որ դա գունավոր է»: Միջներանգներն այնտեղ շատ են: Հետևաբար ենթագիտակցորեն առաջանում են գույներ: «Կինոն գեղանկար է. էկրանը կտավն է, իսկ օպերատորը նկարում է նկարչի նման: Եվ ես դեռևս կինոժապավենի կողմնակից եմ», – խոստովանում է Լևոն Աթոյանցը:

Պատկերը ստեղծում է պատմություն,պատմությունն էլ ստեղծում է հիշողություններ: Այս երեքը կապված են իրար և, օղակելով միմյանց, ստեղծում են հավերժի խորհուրդը: Աթոյանցի հիշողության մեջ պատկերները շատ են, բայց մարդկանց դեմքեր նա չի հիշում, հիշում է միայն նրանց աչքերը: Փակում է աչքերն ու հիշում մանկության ընկերների հայացքները: Մանկության մասին խոսելիս, հիշում է թիֆլիսցիներին, այնտեղ ապրող հայերին, իրենց բակը, ապրելու թիֆլիսյան մշակույթը: Այնտեղ մարդիկ երբեմն ձևական մեծամիտ կեցվածք էին ընդունում ու նստում, իրենց հպարտ էինցույց տալիս: «Մերոնք Հայաստանում Եղեռնի շորերից դուրս չեն եկել, մինչև էսօր մեր վիզը ծուռ ա, – ասում է Լևոն Աթոյանցը,- մեզ ամեն օր էնքան են հիշեցնում՝ Եղեռն-Եղեռն, որ մեր ներսը սպանում են»: Միգուցե դրա համար են մարդիկ, իրենց ուժերին չհավատալով, մեկնում հայրենիքից: Սակայն կինոօպերատորը համոզված է՝ ինչքան էլ փախչեն, միևնույն է՝ հետ են գալու: Նորից հիշում է ընկերներին՝ «Տժվժիկի», «Հեղնար աղբյուրի», «Կարինեի» ռեժիսոր Արման Մանարյանին, «Տերն ու ծառայի», «Զինվորի ու փղի» ռեժիսոր Դմիտրի Քեսայանին…

85-ամյա Լևոն Աթոյանց. մարդ, հայ կինոյի պատմությունը կերտող անձ, այլընտրանքային արվեստ ստեղծող անհատ ու բարի պապիկ, ճանաչե´ք նրան սրանցից ինչ-որ մեկով կամ բոլորով միասին: Պատմության մեջ նրա անունն արդեն կա: Հարկ չկա թվելու այն բազմաթիվ մրցանակները, կոչումները, որ նա ստացել է: Նա ինքը հայ կինոյին կոչում է տվել՝ աթոյանականի կոչումը: Կինոօպերատորի բարձր էսթետիկ զգացողությունները, մոտեցումներն ու ներշնչանքը սնվել են բնութունից: Դա է գլխավոր ուսուցիչը այս մասնագիտությունն ընտրողների համար: Սակայն բնությունը միայն ներշնչանք չէ, այստեղ գույներ են, պատմություններ, հավերժություն: Եթե նրա բառերով խոսենք՝ բնությունը նման է մեծ համակարգչի՝ ահռելի հիշողությամբ, որն ունի անսահմանափակ գեգաբայթեր: Երբ ծնվում է մարդը, այնտեղ հայտնվում է նրա թղթապանակը, ու ինչ էլ նա անի՝ լավ, թե վատ, գրվում ու պահվում է այնտեղ: Այսպես է պատկերացնում յուրաքանչյուր մարդու կյանքը մեծ կինոօպերատորը: Իսկ իր պատմության թղթապանակը պահվում է ու երբեք չի ջնջվի, քանի որ դարձել է ժողովրդական ժառանգություն, կինոօպերատորության դասական դպրոց ու պարզապես համեստ ու լավատես մարդու գործերի պահոց:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում