Skip to content

Ռաֆայել Քոթանջյանի անկեղծ զրույցը ուսանողի հետ. «Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ»

Վարագույրները բացվում են, ծափահարություները հաջորդում իրար, և վերևից ընկնող լույսերը լուսավորում են նրա կերպարը: Բեմում է Մարդ-թատրոն Ռաֆայել Քոթանջյանը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 21-ին մեծ արտիստը նշում էր իր 75-ամյակը:

Երբ դահլիճի լույսերը մեղմացան, արտիստը սկսեց իր կյանքի պատմությունը: Սա ոչ միայն միջոցառում էր` նվիրված դերասանի 75-ամյակին, այլ նաև  թատերական ներկայացում, որտեղ դերասանն ինքն էր կերտում իր՝ Ռաֆայել Քոթանջյանի կերպարը: Երկու ժամ բեմում կանգնած` դերասանը հանդիսատեսին սուզել էր իր կյանքի պատմության մեջ: Բոլորը, գամված իրենց նստատեղերին, երբեմն ժպիտով, երբեմն արցունքն աչքերին, հետևում էին նրա ամեն մի շարժմանն ու խոսքին: Երեկոյի ընթացքում նա խոսում ու կարոտով պատմում էր իր կյանքի ամենահիշարժան, ամենատաքուկ, ամենա հիշողություների մասին: Պատմում էր իր և Պարույր Սևակի ծանոթության մասին, կարդում իր սիրած` «Նոր մտերմություն» բանաստեղծությունը և հիշում` ինչպես այն կարդալուց հետո Սևակն ամուր սեղմեց իր ձեռքը:

Դերասանական անասելի տաղանդով էր պատմում այդ ամենը. անգամ մի պահ տպավորություն էր, որ կողքը՝ դատարկ տարածքում, հենց ինքը՝ Պարույր Սևակն է կանգնած:

Պատվավոր հյուրերի շարքում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Դահլիճում էին նաեւ դերասաններ, ռեժիսորներ և ուղղակի ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին վայելելու քոթանջյանական շունչը: Ամբողջ ներկայացման ընթացքում  նրան ուղեկցում էր մի սպիտակ թղթի կտոր, որը հուշում էր կյանքի իրադարձություների հաջորդականությունը, իսկ մեջքի հետևում անդադար պտտվում էին նկարներն ու տեսանյութերը, որոնց նայելիս թե՛ հանդիսատեսի, թե՛ իր աչքերը  բարի թախիծով էին լցվում:

JFF.am-ը ներկայացնում է Երեւանի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Աննա Կոստանդյանի հարցազրույցը Ռաֆայել Քոթանջյանի հետ, որն արվել էր մաեստրոյի 75-ամյակին նվիրված բենեֆիսից տասն օր առաջ:

Պարո՛ն Քոթանջյան, սեպտեմբերի 9-ին Ձեր ծննդյան 75-ամյակն էր, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այդ առիթով:

– Շնորհակալ եմ: Տասը օր հետո ես կպատասխանեմ շատ ու շատ հարցերի, որոնք կապված են իմ ապրած կյանքի տարիների հետ: Ներկայացված են լինելու իմ կյանքի բևեռները, որովհետև մարդու կյանքը այդպես է. մի քիչ բարձրանում, մի քիչ իջնում, դա փիլիսոփայության օրենքների է նման, չէ՞, ժխտման ճանապարհը՝ լավ, հետո՝ վատ: Վատը երբեք երկար չի տևում, գալիս է լավը, հետո՝ հակառակը: Առավել ևս դերասանի կյանքը չի կարող հարթ ու հանգիստ լինել անընդհատ պետք է վեր ու վար անել: Իմ կյանքում այդ վերուվարը շատ-շատ է եղել՝ վերև ու անկումային շատ ցածր, բայց անկումները ոչ թե ստեղծագործական են եղել, այլ ֆիզիկական անկման վտանգն է ինձ սպառնացել:

1988 թ.՝ Վիշապի տարի. ինքնաթիռը վայր ընկավ Հալեպում, և երկինքը բացվեց իմ գլխի վերևում, բայց տեսնո՞ւմ եք, ողջ և առողջ եմ: Այդ ժամանակ յոգայով էի զբաղվում, կարողացա միանգամից սթափվել, և ընկերոջս հետ դուրս բերեցինք ուղևորներին ինքնաթիռից:

Պարո՛ն Քոթանջյան, այսօր զրուցելու ենք Ձեր կյանքի մասին և երևի թե սկսենք մանկությունից: Դուք ծնվել եք Թիֆլիսում: Այնտեղ ապրած տարիներից ո՞րն է Ձեր մանկական ամենատպավորիչ հիշողությունը:

-Ամենատպավորիչն այն էր, որ 10-12 տարեկանում իմ անունը հնչեց թատրոնում՝ Ռաֆո՜: Ես մեկ ամիս հանգստանում էի Թիֆլիսի պիոներական «լագերում», և այնտեղ էր եկել Հնդկաստանի նախագահը: Մեզ ասացին՝ երբ տեսնեք սպիտակ հագուստով մարդ, անմիջապես ծաղիկները կտաք: Դե, ես էլ խելոք երեխա էի, երբ բոլորը սկսեցին հրմշտելով առաջ գնալ, նայեցի՝ տեսնեմ կողքս կանգնած է մի աղջնակ՝ էլի սպիտակ հագած, ու ծաղիկները նրան տվեցի: Հնդկաստանի ապագա ղեկավարն էր, և միջոցառման ընթացքում ինձ նստեցրեցին նրանց երկուսի մեջտեղում: Սաթենիկ հորաքույրս՝ Կարինե Քոթանջյանի քույրը, չդիմացավ և դահլիճով մեկ բղավեց. «Քա, վա՜յ, Ռաֆո՛»: Առաջին անգամ իմ անունը այդպես հնչեց, և ես պետք է արդարացնեի այդ ուշադրությունը:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր ուսուցչուհին շատ էր սիրում թատրոնը, արդյո՞ք հենց նա է Ձեր մեջ սերմանել մեծ սերը դեպի թատրոն:

– Շատ ճիշտ է: Արդեն Երևանում իմ ռուսաց լեզվի ուսուցչուհին իմ մեջ կերտեց սեր դեպի թատրոնը: 7-8-րդ դասարաններում խաղում էի կերպարներ, որոնք լուրջ թատրոններում մարդիկ երազում էին խաղալ: Այդպես սկսեցի շեղվել, քանի որ հայրիկս շատ էր ցանկանում՝ դառնայի ճարտարապետ, այնուամենայնիվ, ուսուցչուհիս՝ Էլմիր Արկադևնան, հաղթեց: Ես ընդունվեցի թատերական ինստիտուտ:

Ավարտելուց հետո չնայած որ ունեիք բազմաթիվ առաջարկներ, մեկնեցիք Կապան և այնտեղ աշխատեցիք ոչ միայն որպես դերասան, այլ  նաև ռեժիսոր: Ձեզ համար ի սկզբանե նպատա՞կ էր որպես ռեժիսոր աշխատելը:

– Այո՛, միանշանակ: Երբ թատերական ինստիտուտում մեր կուրսի ավագն էի, հասկացա, որ այդ գործում էլ եմ ինձ տեսնում, կարող եմ և բազում առաջարկներից ընտրեցի այն տեղը, որտեղ կկարողանայի աշխատել նաև որպես ռեժիսոր, չնայած համապատասխան կրթություն չունեի:

Պարո՛ն Քոթանջյան, հարցազրույցներում նշել եք, որ մեկնեցիք Մոսկվա, քանի որ թատերական ինստիտուտի տված գիտելիքները բավարար չէին:

– Ոչ թե բավարար չէին, այլ ինձ չբավարարեց: Ես ուզում էի լինել կատարյալ, և դա ճիշտ էր: Մոսկվայում ինձ դասավանդում էին հանճարեղ մարդիկ: Այնտեղ ես սովորեցի, որ հատկապես արվեստի մեջ չկա լիարժեք ճշմարտություն, դու պետք է ընտրես քո ճշմարտությունը և շարժվես այդ ուղղությամբ: Հետագայում ես դարձա էպիկական թատրոնի հետևորդ, չնայած նրան, որ աշխատում էի դրամատիկական թատրոնում: Իմ սկզբունքն է՝ խաղալ այնպես, որ ներկայացման ընթացքում երևա նաև իմ վերաբերմունքը դեպի այդ դերը: Ամենամեծ պատճառը թատերարվեստն ընտրելու «կատարցիզմն» է՝ ինքնամաքրման միջոց, երբ էլ չես ուզում լինել այդ դերի պես վատը, բացասականը, հասկանում ես, որ դեմ ես այդ դերին, նշանակում է թատրոնը կատարել է իր գործը:

Եղե՞լ են Ձեր կյանքում նմանատիպ կերպարեր, որոնց արժեքը դուք ավելի բարձր եք դասել:

– Մենք ունեինք մի ներկայացում՝ «Դաշտադեմ», որտեղ խաղում էի գյուղացի Գուրգեն Գասպարյանի կերպարը: Բացասական կերպար էր, ով անստորագիր նամակներ էր ուղարկում, և գյուղի տղաներին ուղարկում էին Սիբիր: Ներկայացումից հետո ինձ մոտեցավ մի մարդ, հրավիրեց իրենց տուն, պատմեց, որ Գուրգենի նման մեկն էլ իրենց գյուղում կար, ամբողջ գյուղով սպասում էին, թե դա ինչպես պետք է մահանար այդքան վատություն անելուց հետո, բայց մի օր, ի զարմանս բոլորի, հանգիստ քնեց ու վերջ, էլ չարթնացավ:  Եվ այդ մարդը ինձ շնորհակալություն հայտնեց նրա համար, որ ես օգնեցի հասկանալ Գուրգեն Գասպարյանի կերպարով, թե ինչքան միայնակ և դժբախտ մարդ էր իրենց համագյուղացին: Այդ ներկայացումը, լինելով համահավասար մյուս դերերին, ինձ համար առավել դարձավ, քանի որ տիպիկ կերպար էր:

Պարո՛ն Քոթանջյան, լինելով մեծ դերասան, ինքներդ խաղացել եք շատ հայ մեծանուն արտիստների հետ: Եղե՞լ են դերասաններ, որոնց հետ բարդ է եղել համագործակցել:

– Ասեմ, որ խաղացել եմ շատ հանճարեղ դերասանների հետ, նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստների հետ, բայց ես ինքս շատ բաներ սովորել եմ Մհեր Մկրտչյանից, Կիմ Երիցյանից, Միսակ Խոստիկյանից: Անհամեստ թող չհնչի, բայց ես էլ նրանց եմ ինչ-որ բաներ տվել: Նրանց հետ աշխատելը դժվար չէր: Մենք իրարից և՛ստանում էինք, և՛ վերցնում. դրանք եղել են փոխընբռնման ապրումներ:

Իսկ ինչպիսի՞ն է ներկայիս թատրոնը, ի՞նչն է այժմ պակասում բեմին:

– Ցավոք սրտի, մեր արվեստը զոհ է գնում ծիծաղին. պարզապես ուզում են ծիծաղեցնել մարդկանց: Մեկը ընկավ, մյուսը սկսեց ծիծաղել. դա ամենահիմար ծիծաղն է: Ես վախենում եմ, երբ լուրջ արվեստը սկսում է տեղը զիջել, չի կարող դատարկ մնալ: Բեմը չպետք է լցվի դատարկ ու էժանագին արվեստով:

Ձեր երազանքն էր չէ՞ արու թոռնիկ ունենալ՝ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան: Կարո՞ղ ենք սպասել ևս մեկ հայ մեծ դերասանի՝ հանձին փոքրիկ Ռաֆայելի:

– Նա արդեն ինձ հետ հետաքրքիր կապվածություն ունի, բայց դա հետագայում ինչպե՞ս կդրսևորվի, կցանկանա՞ նմանվել ինձ, թե՞ ոչ, կորոշի ճակատագիրը:

Պարո՛ն Քոթանջյան, հաճախ հայտնվում եք բեմում Ձեր տղայի հետ, Դուք թատերական մասում եք, նա՝ երաժշտական: Հե՞շտ է լինել մեկ բեմում Ձեր որդու հետ:

– Հետաքրքիր հարց էր։ Մայքլը շատ ճկուն է: Երգերը պատրաստելիս՝ միշտ ինձ հետ խորհդրակցում է: Մի օր եղավ դեպք. երգի ընտրության հետ չհամաձայնվեցի, բայց նա էլ ինձ հետ համակարծիք չէր: Այդ գիշեր բարձր երաժշտություն լսեցի, գնացի նրա մոտ, ասաց. «Հը՛ն, ո՞նց ա, հավանո՞ւմ ես»: Դա ինձ համար շատ կարևոր է, անգամ իմ թռուցիկ ասածը միշտ լսում է: Նրա ամեն արածի տակ ես կարող եմ ստորագրել, հատկապես իմ համերգների ժամանակ: Ես, եթե անգամ մի քիչ չհավանեմ, երբեք համաձայնություն չեմ տա, դատարկ տեղը դատարկությամբ չեմ լցնի:

Ունե՞ք դեռ չիրականացած երազանքներ:

– Պիչորինը ասում էր. «Իմ սիրտը բաց էր սիրո համար, և ես սպասում էի, որ գար ինչ-որ մեկը և ամբողջը տայի, բայց ոչ ոք չեկավ, և կամաց-կամաց սրտի մի մասը չորացավ և այդպես էլ մնաց ոչ ոքի պետք չեկող մաս»: Այդպես էլ կան դերեր, որ սպասում ես՝ խաղաս, բայց անցնում են տարիներ, և ցանկությունը սկսում է չորանալ:

Իմ վախն այն է, որ իմ ցանկությունները կչորանան: Բայց ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ և կհեռանամ այն ժամանակ, երբ էլ հետաքրքիր չլինեմ մարդկանց:

Համոզված եմ, որ Ձեր տեսակը դեռ շատ ու շատ սերունդների համար մնալու է նույնքան հետաքրքիր, որքան հիմա մեզ համար է: Շնորհակալ եմ Ձեզ, որ կաք և հնարավորություն ունենք վայելելու Ձեր արվեստը:

– Ես նույնպես շնորհակալ եմ և մեծ սիրով կսպասեմ  Ձեզ իմ 75-ամյակին նվիրված ներկայացմանը:

Ներկայացման վերջում բեմը, որտեղ կանգնած էր միայն Ռաֆայել Քոթանջյանը, լցվում էր ծաղկեփնջերով: Հանդիսատեսն իր ծաղկեփնջերը նվիրում էր վարպետին Մայքլի երգի ներքո՝ նվիրված հորը, ընկերոջը, բարեկամին: Դահլիճը ցնծում էր չդադարող ծափահարություններից:

«Կոչումները հետևանք են, բայց իսկական գնահատականը հանդիսատեսի փոխըմբռնումն ու ընկալումն է: Յուրաքանչյուր արվեստագետ կերազի նման հանդիսատես ունենալ»,- ասում է դերասանը՝ հույսով, որ սա վերջին հանդիպումը չէ:

Հեղինակ՝ Աննա Կոստանդյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս 

Աղբյուր` JFF.am