Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, հոկտեմբերի 19-ին և 20-ին տոնական եռուզեռ էր. գեղեցիկ երաժշտությունը համեմվել էր սուրճի և թեյի բույրով, մարդկանց մեծ հոսքով և երեխաների խինդ ու ծիծաղով։ «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացվող փառատոնը թեյի և սուրճի սիրահարների համար վերածվել էր տոնի։
Փառատոնին ներկայացված էին միջազգային ընկերությունների և տեղական արտադրողների սուրճի և թեյի տեսակները, որոնք հնարավոր էր նաև գնել: Սակայն տեղում կազմակերպում էր նաև հյուրասիրություն։ Ներկայացված սուրճի և թեյի տեսակներն այնքան շատ էին, որ մարդիկ դժվարանում էին ընտրություն կատարել։
Փառատոնին մասնակից ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին, որ այցելուների մշտական շարժից կարելի է դատել, որ այս փառատոնը հետաքրքրել է մարդկանց։
«Գոհար, Անուշ և Թամար» անունը կրող հայկական սուրճը ներկայացնող ընկերության մենեջերը նշեց, որ իրենց տաղավար այցելուները հիմնականում հետաքրքրվում են իրենց արտադրանքի անվանումներով, որոնք պատահական չեն ընտրվել. Գոհարը, Անուշը և Թամարը Թումանյանի պոեմների ամենահայտնի հերոսուհիներն են։
Ասում են՝ Թումանյանը շատ է սիրել սուրճ և շատ հաճախ է նվեր ստացել սուրճի պարագաներ, որոնք այժմ առկա են նրա տուն-թանգարանում։
Սուրճի տեսակներից առանձնում էր նաև «Saccaria»-ն իր բիո-օրգանիկ սուրճի արտադրությամբ։ Տաղավարի ներկայացուցիչն ասաց, որ 5 տարի է՝ ներմուծում են Իտալիայից: Սուրճն առանձնանում է նրանով, որ ամբողջովին պատրաստվում է օրգանիկ պայմաններում և չի ջրվում անձրևաջրերով։
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ հայ բարիստների առաջնություն (բարում սուրճի համար պատասխանատու աշխատակից), որը գնահատվում էր միջազգային ժյուրիի կողմից։ Մրցույթի ընթացքում մասնակիցը պետք է 15 րոպեում պատրաստեր տարբեր տեսակի սուրճ. 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ (ավազի վրա), 4 բաժակ էքսպրեսո, 4 բաժակ սուրճի խառնուրդ։
Փառատոնին ներկայացված էր ոչ միայն թեյ և սուրճ, այլև անուշահամ քաղցրավենիքներ, ավանդական զարդանախշերով թեյի և սուրճի պարագաներ, բուսական հումքով կոսմետիկ պարագաներ և այլն։
Կազմակերպիչների հաղորդմամբ՝ փառատոնը կիրականացվի նաև 2019 թվականին։
Նյութի և լուսանկարի հեղինակ՝ Գոհար Հովսեփյան