«Հայաստանում առաջին անգամ Սյունիքի անվտանգության հարցը քաղաքական, մեդիա թոփ դաշտից տեղափոխվել էր այն կրող մարդկանց մոտ, որտեղ չկան ո’չ քաղաքական շահարկումներ, ո’չ ապատեղեկատվություն»,- նշեց «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Շահնազարյանը Գորիսում տեղի ունեցած համաժողովի ընթացքում։
Համաժողովը նվիրված էր «Մարդու անվտանգությունը Սյունիքի մարզում» սոցիոլոգիական հետազոտության նախնական արդյունքների ներկայացմանը, որն իրականացվել էր բացահայտելու Սյունիքի մարզի համայնքների բնակիչների կարիքները՝ մարդու անվտանգության ոլորտում:
Հետազոտությունը կատարվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության, Գորիսի մամուլի ակումբի և Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։
Համաժողովին մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։
Նախքան հետազոտության արդյունքների ներկայացումը, միջոցառման շուրջ 60 մասնակիցներ ծանոթացան մարդու անվտանգության համատեքստում անվտանգության և զարգացման փոխկապակցվածության կարևորությանը։
«Մարդու անվտանգության հենասյուները նրա երեք ազատություններն են մարդու և նրան շրջապատող միջավայրի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովումը։ Այս հենասյուներից մեկի խարխլումը սպառնում է մարդու ընդհանուր բարեկեցությանը»,- իր ներկայացման ժամանակ շեշտեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը։
Ըստ նրա, մարդը սպառնալիքի կարող է առերեսվել բավարար սնունդ չունենալու կամ անձնական դավանանքի ոտնահարման պատճառով, սակայն, երբ միաժամանակ վտանգվում են մարդու ազատություններից մի քանիսը, մարդը կորցնում է ապահովության զգացումը, ինչն էլ կարող է հանգեցնել կոնֆլիկտների:
«Ուստի մարդու անվտանգությանը սպառնացող խնդիրները պետք է համալիր լուծում ստանան` ոչ միայն ախտանիշները բացահայտելու, այլ խնդիրների խորքային պատճառները լուծելու նպատակով»։
Այսինքն, մարդու անվտանգությունն ապահովելու համար, բացի նրա ֆիզիկական անվտանգությունից, որն իրականացվում է ոստիկանության, բանակի կամ օրենքի ուժով, պետք է զուգահեռաբար կենտրոնանալ նաև մյուս ոլորտների վրա։ ՄԱԿ-ը մարդու անվտանգության իրավունքը լիարժեք պաշտպանելու համար այդպիսի 7 ոլորտներ է առանձնացրել՝ պարենային, տնտեսական, առողջապահական, բնապահպանական, անձնական, քաղաքական և համայնքային։
Հետազոտող, սոցիոլոգ Արևիկ Համբարձումյանը, ներկայացնելով հետազոտության նախնական արդյունքները, նշեց, որ որակական մեթոդաբանությամբ հավաքված արդյունքները փաստում են, որ մարզի 8 խոշորացված համայնքներից յուրաքանչյուրն ունի բավականին տարբեր սոցիալ-տնտեսական և անվտանգային միջավայր:
«Բացահայտվել են համավարակի և 44–օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի բնակչության ապահով և անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, դուրս են բերվել բնակիչների մտահոգությունները, ակնկալիքներն ու առկա հնարավորությունները՝ գյուղատնտեսության, զբաղվածության, կրթության, անվտանգության և այլ ոլորտներում», – ասում է Համբարձումյանը։
Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ հետազոտության շրջանակներում իրականացվել է մարդակենտրոն անվտանգության կարիքների գնահատում:
«Սա հնարավորություն տվեց նաև վեր հանել առկա ռիսկերի և սպառնալիքների վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու քարտեզագրել դրանք»։
Քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն արտահայտեցին կատարված աշխատանքի վերաբերյալ։
Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Միրզոյանի կարծքով իրավիճակի ներկայացումից բացի կարևոր է լուծումների ճանապարհային քարտեզի մշակումը, որը միտված կլինի մարդկանց անվտանգության ապահովմանը։
Գորիս համայնքի ավագանու անդամ Կարեն Լազարյանն անդրադարձավ կրթության ոլորտում առկա այն խնդիրներին, որոնք ուղղակիորեն կապված են անվտանգային իրավիճակի հետ։
«Այս փաստաթուղթը հետագայում կարող է դառնալ հանրային կարծիք ներկայացնող փաստաթուղթ, որը կարող է հենք հանդիսանալ ինչպես համայնքների հետագա ռազմավարական նպատակները մշակելու, այնպես էլ համայնքներում միջազգային ներդրումներ ապահովելու առումով»,- ասաց Գորիս համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանը։
Միջոցառման մասնակիցների դիտարկումներն ու առաջարկությունները կներառվեն հետազոտության մեջ՝ այն առավել համակողմանի և արժեքավոր դարձնելու համար։
Հետազոտության հիման վրա պատրաստվում է Սյունիքի համայնքների արդյունավետ կառավարման հայեցակարգ, որն իրավաբան Տաթևիկ Թոխյանի խոսքով՝ կլինի մարդակենտրոն և կառաջարկի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման փոխկապակցված լուծումներ։
Սույն ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։ Նյութում արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և նրանց գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: