Skip to content

Բաքուն պահանջում է BBC-ի վերադարձը

Փետրվարի 16-ին տեղի ունեցած կլոր սեղանի շրջանակներում ադրբեջանական լրագրողները և մարդու իրավունքների պաշտպանները իրենց դժգոհությունը հայտնեցին BBC-ի ադրբեջանական ծառայության փակման կապակցությամբ:

Միջոցառման մասնակիցները բողոքի հայտարարություն ստորագրեցին ռադիոկայանի փակման վերաբերյալ և ուղղեցին այն Ադրբեջանում Միացյալ թագավորության դեսպանատուն, հայտնում է Azeri Press Agency (APA) գործակալությունը:

Դեմոկրատ լրագրողների լիգայի (Democratic Journalists League (DJL)) նախագահ Յադիգար Մամմադլին (Yadigar Mammadli) ասել է, որ ռադիոյի հեռարձակումների դադարեցման որոշումը «հարված է ոչ միայն լրագրության, այլև հասարակության շահերին»:

2011 թվականի հունվարին BBC-ի համաշխարհային ծառայության ղեկավարությունը որոշում էր ընդունել փակել իր ծառայություններից հինգը, որոնց թվում էր նաև ադրբեջանականը՝ կրճատելով 560 աշխատատեղ: Ներկայումս ադրբեջանական ծառայությունը իր ծրագրերը հեռարձակում է համացանցում:

Մարդու իրավունքների պաշտպանները ասում են, որ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են շրջաններում, գրեթե չունեն ելք դեպի ինտերնետ, և ռադիոյի հեռարձակումները չափազանց կարևոր էին նրանց համար:

Աղբյուր: http://www.media.ge/en/node/40303

Read More »Բաքուն պահանջում է BBC-ի վերադարձը

Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն

Երկու գերմանացի լրագրողներ, ովքեր հոկտեմբերին ձերբակալվել էին Իրանում քարկոծման միջոցով մահապատժի ենթարկված կնոջ որդուց հարցազրույց վերցնելու համար, ազատ են արձակվել իրանական բանտից: Այս մասին կիրակի օրը հայտնել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ նրա խոսքերի՝ լրագրողները կիրակի առավոտյան ժամանել են Գերմանիա երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեյի հետ, որը մեկնել էր Թեհրան նրանց տուն բերելու համար: 

Մարկուս Հելվիգը և Յենս Կոխը, որոնք աշխատում էին գերմանական «Bild» թերթում, դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման Իրանի ազգային անվտանգության դեմ գործողությունների համար: Սակայն որոշ ժամանակ անց իրանական դատարանը փոխել էր դատավճիռը և սահմանել 50 000 ԱՄՆ դոլարի տուգանք յուրաքանչյուրի համար: Լրագրողներն ազատ արձակվեցին տուգանքի վճարումից անմիջապես հետո:

Գերմանացի լրագրողներին ձերբակալել էին հոկտեմբերին Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդու հետ հարցազրույց վերցնելու համար: Կնոջը դատապարտել էին մահապատժի քարկոծման միջոցով շնանալու և ամուսնու սպանությանը հանցակից լինելու համար:

Աղբյուր: http://www.rttnews.com

Read More »Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն

Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող

Փետրվարի 18-ին թուրքական դատարանը մեղավոր ճանաչեց երեք լրագրողի հեղաշրջման ձգտող կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Քննադատներն այս գործն անվանում են երկրում մամուլի ազատության ոտնահարում:

«Oda TV» այլախոհ կայքի սեփականատեր Սոներ Յալչինի և նրա երկու գործընկերների տները հետախուզման են ենթարկվել ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել են ոստիկանական հետաքննությունները քննադատող տեսանյութեր:

ԵՄ-ն և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) մեղադրել են Թուրքիային հակաիշխանական քննադատական լուրերի և մեկնաբանությունների ճնշման մեջ: Մոտ 400 լրագրողներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ և թոշակի անցած սպաներ կանգնել են դատարանի առջև՝ մեղադրվելով Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կառավարությունը փոխելու միտում ունեցող «Էրգենեկոն» ցանցի հետ կապ ունենալու համար:  

Աղբյուր: The Washington Post

 

Read More »Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող

Կրկին դատարան. «Ա1+»-ը չի հանդուրժի կատարված կողմնակալությունը

Փետրվարի 21-ին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ կդիմի վարչական դատարան` պահանջելու չեղյալ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2010 թ-ի դեկտեմբերի 16-ի որոշումը, որով «Ա1+»-ը 13-րդ անգամ զրկվեց հեռուստաեթեր վերադառնալու հնարավորությունից:

«Մենք դատարանից խնդրելու ենք ճանաչել «Մելտեքս» ՍՊԸ խախտված իրավունքը և չեղյալ համարել ՀՌԱՀ-ի 96 Ա որոշումը, որը կայացվել է հանձնաժողովի անդամների միջամտությամբ’ ոչ անաչառ և ոչ օբյեկտիվ պայմաններում»,- ասաց «Մելտեքս» ՍՊԸ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախությունների մրցույթում ՀՌԱՀ-ի 96 Ա որոշման համաձայն հեռարձակման լիցենզիան տրամադրվեց «Արմնյուզ» ՓԲԸ, որը նույն կապուղու համար դիմած «Մելտեքս» ՍՊԸ միակ մրցակիցն էր:

«Ա1+»-ի մրցութային առաջարկը ՀՌԱՀ-ի կողմից գնահատվել էր ընդամենը 2 միավոր, քանի որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը պարզապես զրո միավոր էին շնորհել:

Արդյունքների հրապարակումից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Մելտեքս» ՍՊԸ փաթեթը ցածր է գնահատվել, «քանի որ դրանում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր»: Խոսքը վերաբերում էր 280 հազար եվրո ներդրումների վերաբերյալ ներկայացված հավաստագրին, որի մեջ հանձնաժողովն անհամապատասխանություն էր հայտնաբերել:

Read More »Կրկին դատարան. «Ա1+»-ը չի հանդուրժի կատարված կողմնակալությունը

Լուր Արթիկից. Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ

Փետրվարի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը, չբավարարելով Փաշինյանի բողոքը, անփոփոխ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Լրագրողի փաստաբանները պնդում են, որ Փաշինյանի պատժաչափը դիտավորյալ սխալ է հաշվարկվել, որի հետևանքով իրենց պաշտպանյալը անազատության մեջ է մնալու մինչև 2013 թվականի մայիսը, այսինքն` շուրջ հինգ ամիս ավելի:

«Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու լրագրողական գործունեությանը և պատրաստվում են նրան ազատ արձակել այն ժամանակ, երբ արդեն ավարտված կլինեն հաջորդ նախագահական ընտրությունները»,- մեկնաբանեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վճիռը դեռ չկայացրած` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ի վնաս իրեն է լինելու, քանի որ Հայաստանում չկան անկախ դատարաններ. դատավորները «կամակատարներ են», օրենքը չի գործում, և որ իշխանություններն այնպես «լեղաճաք են», որ իր հետ դեմ առ դեմ խոսելու փոխարեն, խոսում են «կրիմինալ թափթփուկի, օլիգարխ թափթփուկի և դատարանների միջոցով»:

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը նաև հայտարարեց, որ դատի է տալու քրեակատարողական հիմնարկների վարչությանը իր մասին «լկտի» ստեր տարածելու համար: ՔԿՀ-ն մամլո հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանը ստում է, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը չի ընդունում իր նամակները: Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնեց, որ իրենք բողոքարկելու են մինչև եվրոպական դատարան:

Read More »Լուր Արթիկից. Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ

Գյումրվա փակուղին. «ԳԱԼԱ»-ն զրկվեց նաև աշտարակից օգտվելու իրավունքից

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակումը կարող է դադարեցվել զուտ այն պատճառով, որ հեռուստաընկերությանը պատկանող հեռարձակող ալեհավաքը դատարանի որոշմամբ պետք է մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժվի հեռուստաաշտարակի վրայից:

Փետրվարի 17-ին նման որոշում ընդունեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` այսպիսով վերջակետ դնելով երկու տարի ձգձգվող Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ի և «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությանը:

Վեճի առարկան հեռուստաաշտարակն էր, որը գտնվում է Գյումրու Վազգեն Սարգսյան 6/1 հասցեում: Այն երկար ժամանակ անտեր էր, սակայն 2007 թ-ին սեփականաշնորհվեց Գյումրու քաղաքապետարանի կողմից, որն էլ պահանջեց ազատել հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումներից:

Երկու տարի շարունակ երկարատև ընդմիջումներով գործը լսելուց հետո դատավոր Շիրակ Հակոբյանը ընթերցեց վճիռը` բավարարելով միայն Գյումրու քաղաքապետարանի պահանջը: «Հարկադրել հեռուստաընկերությանը մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «Չապ» ՍՊԸ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը (անտենան) և մալուխը», նշվում է դատավորի վճռի մեջ:

Read More »Գյումրվա փակուղին. «ԳԱԼԱ»-ն զրկվեց նաև աշտարակից օգտվելու իրավունքից

Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ի դեսպանին խոսքի ազատության մասին մեկնաբանություն անելու վերաբերյալ

Հինգշաբթի օրը թուրքական իշխանությունները քննադատել են ԱՄՆ նորանշանակ դեսպանին Թուրքիայում մի քանի լրագրողների ձերբակալման վերաբերյալ արված մեկնաբանությունների համար:

«Մենք համոզված ենք, որ դեսպանի կողմից ճիշտ չէ ընթացքի մեջ գտնվող քրեական գործի վերաբերյալ դատողություններ անել», – Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում կիսապաշտոնական «Անատոլիա» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեին հարցրել են Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ, երբ խոսք է գնացել ոստիկանության կողմից կատարված լրատվական կայքի ստուգման մասին:

«Մի կողմից երկրում գործում է ազատ մամուլին աջակցելու քաղաքականությունը, մյուս կողմից լրագրողներին ձերբակալում են: Մենք փորձում ենք հասկանալ այս ամենը», – ասել է Ռիկկարդոնեն լրագրողներին:

«Արդարություն և զարգացում» գործող կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիկը չորեքշաբթի օրը քննադատել է Ռիկկարդոնեին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու համար:

Դեսպանն ասել է, որ նա ոչ թե մեկնաբանություն է արել մասնավորապես այս գործի վերաբերյալ, այլ, որպես օտարերկրացի, կան որոշ բաներ, որ «նա փորձել է հասկանալ»:

Երկուշաբթի Ստամբուլում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է չորս լրագրողի, որոնք ենթադրաբար աշխատում էին հակակառավարական լրատվական կայքում, Էրգենեկոնին՝ գործող իշխանություններին տապալելու միտում ունեցող հանցավոր կազմակերպությանը սատարելու մեղադրանքով:  

Read More »Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ի դեսպանին խոսքի ազատության մասին մեկնաբանություն անելու վերաբերյալ

Բոուլինգի առաջին մրցաշարը` հանուն հավասար հնարավորությունների

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները սիրով հրավիրում են մասնակցելու«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով բոուլինգի առաջին մրցաշարին, որը տեղի կունենա 2011թ. մարտի 9-ին, «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոնում` հասցեն` Աճառյան 35: Սկիզբը` ժամը 14:00:

Մրցաշարը կազմակերպվում է կանանց միջազգային օրվա առթիվ և իրականացվում է  Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ :

Մրցաշարի նպատակն է խթանել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազամակերպությունների և լրատվամիջոցների համագործակցությունը, խնդրի մասին հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակուվ:

Մրցաշարին կարող են մասնակցել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ (յուրաքանչյուրից 1 մասնակից), անհատներ:

Հատուկ մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ներկայացնել մինչև մարտի 4-ը, «Հույսի կամուրջ»ՀԿ գրասենյակ (Կորյունի 19ա), կամ ուղարկել hkhacheryan@bridgeofhope.am էլեկտրոնային հասցեով:

 

Read More »Բոուլինգի առաջին մրցաշարը` հանուն հավասար հնարավորությունների

Լրատվամիջոցների դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. նոր դասընթաց ԵՊԼՀ-ում

Փետրվարի 16-ին Երևանի պետական լեզվանաբական համալսարանում կմեկնարկի «ԶԼՄ-ների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում» առարկայի դասավանդումը Միջազգային ժուռնալիստիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար:

Դասընթացը կդառնա ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պաշտոնական դասացանկի բաղկացուցիչը:

Այն ներառում է դասախոսություններ և գործնական պարապմունքներ Եվրոպական միության պատմության և ինստիտուտների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ու հեռանկարների, այլ երկրների եվրոպական ինտեգրման գործընթացում լրատվամիջոցների ունեցած դերի վերաբերյալ:

Դասավանդման արդյունքում ուսանողները հաղորդակից կլինեն նաև այն հմտություններին, որոնք հնարավորություն են տալիս փնտրել և ընտրել տեղեկատվության վստահելի աղբյուրներ, իրականացնել իրավիճակի վերլուծություններ և հանրությանը ներկայացնել պատրաստի արտադրանք:

Նախատեսվում է կիրառել նոր տեխնոլոգիաներ` առարկայի դասավանդումը առավել համագործակցային դարձնելու և ցանցային աշխատանքը խրախուսելու նպատակով:

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքները կլինեն ուսանողների շրջանում ԵՄ և եվրոպական ինտեգրման վերաբերյալ գիտելիքների պաշարի ընդլայնումը, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում հանրային իրազեկության մակարդակի բարձրացումը:

Read More »Լրատվամիջոցների դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. նոր դասընթաց ԵՊԼՀ-ում

Ադրբեջանցի լրագրողին ծեծել են

Շաբաթ օրը «Բիզիմ յոլ» թերթի թղթակից Ռամիդ Իբրահիմովի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, երբ նա ռեպորտաժ էր պատրաստում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցող ցույցի մասին:

Այլ լրագրողներ փաստում են, որ Իբրահիմովին ծեծի են ենթարկել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, երբ նա լուսանկարում էր քաղաքացիներին Muray Limited Liability ընկերության մոտ: Այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ բարձր կոչումով մի սպա Իբրահիմովի ձեռքից խլել է նրա հեռախոսն ու լրագրողական փաստաթղթերը և հարվածել նրան: Լրագրողն ասում է, որ այդ նույն սպան նաև մի կին է ծեծել: Իբրահիմովի խոսքերով՝ նա արդեն հայտնել է այդ մասին ոստիկանություն և անցել բժշկական հետազոտություն: Նա կանի ամեն հնարավորը սպային քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Աղբյուր: http://www.irfs.az

Read More »Ադրբեջանցի լրագրողին ծեծել են