«Ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»
«Նախագահ Սարգսյանն ամեն օր խոսում է մանր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին: Հիմա մենք այդ ճյուղի ներկայացուցիչներն ենք, բայց մեզ շպրտում են դուրս, ու այդ հսկայական տարածքը տալիս մեկ մարդու, որ հա՛մ մեջը փող աշխատեն, հա՛մ էլ մենակ էդ օլիգարխը հարստանա: Երեւի մենք էլ հետո նրա մոտ պիտի ճորտի պես աշխատենք: Բայց ինչու՞, ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»,- ասում է Նիկոլայ Մելիքյանը:
Նիկոլայը մեկն է այն 28 գործարարներից, ովքեր Բուսաբանական այգու հարեւանությամբ` Աճառյան պողոտային եւ Ծարավ Աղբյուր փողոցին հարող տարածքում, ունեն սեփականաշնորհված տարածքներ: Այս հատվածում տեղակայված են շինանյութերի եւ ավտոսարքավորումների խանութներ, մեքենաների սպասարկման զանազան կետեր, բայց դրանց գոյությունն այլեւս վտանգի տակ է:
2005 թ. ապրիլի 21-ին կառավարությունը որոշել է հիշյալ տարածքը` 9400 քմ ընդհանուր մակերեսով, առանձնացնել պետության կարիքների համար` կառուցապատման նպատակով: Քաղաքապետին հանձնարարվել է կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009 թթ. ընթացքում:
Ի կատարումն սրա` 2006 թ. հուլիսին քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդունել է 1119-Ա որոշումը եւ կառուցապատման ծրագրերի իրականացման ապահովումը հանձնարարել «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին» (ԾԻԳ):