Skip to content

Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հունիսի 15-ին Բաքվում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և մարդու իրավունքների բրիտանացի պաշտպանի:

Ըստ տեղեկատվության՝ սպորտային կազմվածքով չորս երիտասարդ տղամարդ հետևել են լրագրող Ամանդա Էրիքսոնին և ակտիվիստ Սելիա Դևիս Քերիսին, երբ նրանք քայլելիս են եղել դեպի իրենց բնակարանը: Նրանց վրա հարձակվել են Դրամատիկական թատրոնի հարևանությամբ:

Քերիսը հարձակման արդյունքում կոտրել է ձեռքը:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հայտնում են, որ տեղյակ են կատարված հանցագործության մասին և ամեն կերպ աջակցում են տուժածներին:

Ադրբեջանի ներքին գործերի ներկայացուցիչ Օրխան Մանսուզադեն ասել է, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Էրիքսոնը և Քերիսը Ադրբեջանում դասընթացներ էին վարում տեղի լրագրողների և հասարակական ակտիվիստների համար:

Աղբյուր: RFE/RL

Read More »Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

Հոգեորսությանը դեմ. Տեր Եսայի քահանան պարզաբանում է երիտասարդների պահանջը

Արդեն երրորդ շաբաթն է շարունակվում է ստորագրահավաքն ընդդեմ աղանդների գործունեությանը, որը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ:

Նման ստորագրահավաքի առիթ հանդիսացավ մայիսի 15-ին Եհովայի վկաների և Հարավ-արևմտյան թաղամասի սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որն էլ անմիջապես դարձավ հանրության բուռն քննարկման առիթ:

Ստորագրահավաքի միջոցով երիտասարդները ցանկանում էին ցույց տալ, որ իրենք Առաքելական եկեղեցու կողքին են: Ստորագրահավաքից մի քանի օր առաջ պատրաստվել էր նաև բաց նամակ ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ստորագրահավաքը մենք չէ, որ սկսել ենք, կամ եկեղեցին չէ, որ կազմակերպել է»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Սա մեր հավատացյալների անձնական նախաձեռնությունն է, և ստորագրահավաքի հիմքում ընկած է մեր խնդրանքը և պահանջը Ազգային ժողովին և ՀՀ համապատասխան մարմիններին, որ օրենքում հստակ լինի այն ձևակերպումը, թե ինչ է հոգեորսությունը»,- նշում է Տեր Եսային:

Read More »Հոգեորսությանը դեմ. Տեր Եսայի քահանան պարզաբանում է երիտասարդների պահանջը

Ֆաթուլաևը հուլիսին կրկին կտպագրի «Իրական Ադրբեջանը»

Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը, որը չորս տարի անցկացրեց բանտում, պատրաստվում է հուլիսին վերսկսել իր մասնագիտական գործունեությունը որպես ռուսալեզու «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր: Այս մասին հայտնում է Kavkaz-uzel.ru:

Ֆաթուլաևն ազատ էր արձակվել մայիսի 26-ին՝ համաձայն նախագահական համաներման: 

Նա հայտնել է, որ ազատումից հետո նրա գործընկերներն ու բարեկամները խորհուրդ են տվել «ժամանակավորապես լքել երկիրը, հանգստանալ, մտածել ապագայի մասին»:

Սակայն լրագրողը կարծում է, որ հոգեբանորեն լիցքաթափվելու համար բավական է տասօրյա այցը Ստրասբուրգ, որտեղ նրան հրավիրել են Եվրոպայի խորհրդից:

Ֆաթուլաևը պատրաստվում է թերթի տպագրման համար ծախսերը հոգալ 27.000 եվրո փոխհատուցման շնորհիվ, որը նրան պետք է վճարվի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: 

Սակայն այդ գումարը փոխանցվել է Ֆաթուլաևի հարկային պարտքերի հաշվին: Այժմ Եվրոպայի խորհրդի պատգամավորների հանձնաժողովը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հանել այդ տուգանքը և վճարել Ֆաթուլաևին փոխհատուցման գումարը:

Աղբյուր: Kavkaz-uzel.ru

Read More »Ֆաթուլաևը հուլիսին կրկին կտպագրի «Իրական Ադրբեջանը»

Նախիջևանում ծեծել են Լրագրողների ազատության ինստիտուտի թղթակցին

Երեքշաբթի օրը Նախիջևանի անցագրային կետում ծեծի է ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի թղթակից Հաքիմելդոստու Մեհտիևը: Այս մասին «Turan» լրատվական գործակալությանը հայտնել է հենց Մեհտիևը:

Նրա խոսքերով՝ անցագրային կետում նրանից առգրավել են 5 կգ խաղող, 10 հատ մրգային հյութ, մի քանի կիլոգրամ կարտոֆիլ և միրգ, որոնք Թուրքիայից բերել էր իր բարեկամը:

Երբ լրագրողը փորձել է պարզաբանել առգրավման պատճառները, անցագրային կետի թեյարանի աշխատակիցը հարձակվել է նրա վրա: 

«Նա սառնարանից հանեց սառած ջրով մի շիշ և հարվածներ հասցրեց ինձ այդ առարկայով: Ես բողոքեցի մարզային ոստիկանությանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության պետի տեղակալը ոչ մի գործողություն չձեռնարկեց», – ասել է լրագրողը: 

Սադարակի ոստիկանությունն իր հերթին հերքում է լրագրողին ծեծի ենթարկելու փաստը:

Մետհիևն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է ֆիզիկական ճնշման:

4 տարի առաջ նրան 10 օրով պահել էին ոտիկանությունում առանց որևէ բացատրությունների: Այս ժամանակահատվածում նա ենթարկվել էր ֆիզիկական ճնշման Նախիջևանի մասին գրած քննադատական հոդվածների համար:

Աղբյուր: Contact.az

Read More »Նախիջևանում ծեծել են Լրագրողների ազատության ինստիտուտի թղթակցին

Վրաստանում այլևս НТВ+ չեն նայում

Համաձայն Վրաստանի հեռահաղորդակցությունների ազգային հանձնաժողովի հունիսի 10-ի հրամանի՝ Վրաստանում գործող բոլոր կաբելային հեռուստաընկերությունները, որոնց թիվը հասնում է 90-ի, պարտավոր են դադարեցնել «НТВ+ премьера», «НТВ+ кино клуб» և «НТВ+ кино хит» հեռուստաալիքների հեռարձակումները:

Ըստ նույն հրամանի՝ հեռուստաընկերությունները պետք է հանձնաժողովին ներկայացնեն փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս հեռարձակումը Վրաստանի տարածքում:

Հրամանը հիմնված է Super TV կաբելային հեռուստաընկերության դիմումի վրա: Վերջինս մեղադրում է մրցակիցներին ռուսական ալիքների ապօրինի հեռարձակման մեջ: Super TV-ն, որը վրացական շուկա է մտել 2011 թվականի հունվարին, առաջարկում է 40-ից ավելի ալիքներ՝ բացառությամբ «НТВ+» փաթեթի, քանի որ նման թույլատվություն չունի:

Silknet ընկերությունը, որի SILK TV ինտերակտիվ հեռուստաալիքն ունի շուրջ 14 000 բաժանորդ, արդեն փոխարինել է «НТВ+»-ը հեռուստադիտողների ցանկությամբ ցուցադրվող ֆիլմերով: 

Աղբյուր: Media.ge

 

Read More »Վրաստանում այլևս НТВ+ չեն նայում

Խոստովանություն լուսանկարներով. Ստամբուլի hայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդեսը Երևանում

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում օրերս բացվեց «Արևմտականացող Ստամբուլի hայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին կեսի պոլսահայ 40 ճարտարապետների 100 ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նման կերպ ցանկանում են ներկայացնել հայ ճարտարապետների ավանդն ու կարևոր դերը Ստամբուլ քաղաքի ձևավորման գործում և խոստովանում են, որ նրանց մեծ մասն այսօր մոռացության է մատնվել: 

Միջոցառման կազմակերպիչներն են «Հրանդ Տինք» հիմնադրամը, «Հայճար» միությունը Ստամբուլից և Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

«Ցուցահանդեսը ևս մի քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», – միջոցառման բացման ժամանակ ասաց «Հրանդ Տինք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռաքել Տինքը` «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին:

Ցուցադրվող շուրջ 100 շենքերի լուսանկարները կատարվել են Թուրքիայի 20 լուսանկարիչների կողմից:

Մինչ երևանյան ցուցադրությունը, հայ ճարտարապետների ստեղծագործությունների լուսանկարները ներկայացվել են Անկարայում և Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում:

Ցուցահանդեսի համակարգող-պատասխանատու` Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր` ազգությամբ թուրք Հասան Քուրույազըջըն հավաստիացրեց, որ Հայաստանում նման ցուցահանդեսի կազմակերպումը որևէ բացասական արձագանքի չի արժանացել Թուրքիայի կառավարության կողմից:

Read More »Խոստովանություն լուսանկարներով. Ստամբուլի hայ ճարտարապետների ստեղծագործությունների ցուցահանդեսը Երևանում

Կայացավ «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոն 2011-ը

Հունիսի 13-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում մեկնարկեց «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոնը:

Եռօրյա մեդիափառատոնի շրջանակներում ներկայացվեցին ֆիլմեր, որոնք նկարահանվել էին ոչ պրոֆեսիոնալ թվային ֆոտոխցիկներով կամ բջջային հեռախոսներով: Որևէ թեմատիկ կամ ժանրային սահմանափակում փառատոնում չկար, չկար նաև  մասնագիտական և տարիքային սահմանափակում: Ներկայացվող մեդիաֆիլմերը հիմնականում 3-4 րոպե տևողությամբ էին:

Ինչպես նշում են կազմակերպիչները, «Ժանգոտ դդում»-ի հիմնական նպատակը առանց տարիքային սահմանափակման տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նկարած ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով ֆիլմերն ու լուսանկարները ներկայացնելն է:

Փառատոնի անվանումը ընտրել է արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը: Ըստ մեդիափառատոնի կազմակերպիչ Սոնա Աբգարյանի այս միջոցառումը ինչ-որ չափով ընդվզում է այնպիսի փառատոնների դեմ, որոնք ճոխություն և գլամուր են պարունակում: Կազմակերպիչները այդպիսին են համարում նաև «Ոսկե Ծիրան» միջազգային  կինոփառատոնը.

«Սա ոչ թե դեմ է միայն «Ոսկե Ծիրանին», այլ առհասարակ գլամուրին, ձևական, պաշտոնական միջոցառումներին: Մենք տալիս ենք ինքնարտահայտվելու, ազատ զգալու հնարավորություն` անկախ քո ունեցած հնարավորություններից: Եթե չունես պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, կարող ես ներկայացնել հեռախոսով, և բավական է միայն ունենալ լավ գաղափար: Ֆիլմը կարող է վատ որակով  լինել, սակայն  բովանդակությամբ շատ հետաքրքիր», – նշում է Աբգարյանը:

Read More »Կայացավ «Ժանգոտ դդում» այլընտրանքային մեդիափառատոն 2011-ը

Իրանցի ակտիվիստը մահացել է բանտում հացադուլի հետևանքով

Ականավոր իրանցի լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ռեզա Հոդա Սաբերի քույրը հաստատել է լուրն այն մասին, որ իր ազատազրկված եղբայրը մահացել է հացադուլի հետևանքով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սաբերին տեղափոել են հիվանդանոց Թեհրանի Էվի բանտից, որտեղ նա գտնվում էր 2009 թվականի հունիսյան ընտրություններից հետո հարյուրավոր այլ ակտիվիստների և մտավորականների հետ:

Նրա քույրը՝ Ֆիրուզե Սաբերը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրենց ընտանիքը համոզված է՝ երբ Սաբերը հայտնել է կրծքում ցավերի մասին, ղեկավարությունը մի քանի ժամ սպասել է մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը:

Սաբերը, գտնվելով բանտում, հունիսի 2-ին հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք մեկ այլ մարդու` իրավունքների պաշտպան Հալեհ Սահաբիի մահվան, ում սպանել էին հունիսի 1-ին հոր թաղման արարողության ժամանակ:

Media Forum կայքի հաղորդմամբ՝ Սաբերի թաղման արարողության ժամանակ՝ հունիսի 13-ին, ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մեկ այլ լրագրողի՝ «Էմրուզ» թերթի աշխատակցուհի Սոլմազ Իկդերին: Լրագրողի գտնվելու վայրը դեռ անհայտ է:

Աղբյուր: RFE/RL

Read More »Իրանցի ակտիվիստը մահացել է բանտում հացադուլի հետևանքով

Վրացական թերթերն աջակցում են ՄեդիաՊալիտրային

Երկուշաբթի՝ հունիսի 13-ին, վրացական թերթերի մեծամասնությունը առաջին էջերին մեծ տառերով տպագրեցին «Միասնություն ՄեդիաՊալիտրայի հետ» նախադասությունը: Այս ակցիայով, որը կազմակերպել էր Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան, թերթերը պատասխանեցին ՄեդիաՊալիտրայում տեղի ունեցող հարկային ստուգումներին: Բողոքի ակցիային մասնակցեցին ինչպես մայրաքաղաքային և մարզային թերթերը, այնպես էլ մի շարք ամսագրեր:

Երկուշաբթի օրվա իր թողարկման առաջին էջին Կվիրիս Պալիտրա շաբաթաթերթը, որը պատկանում է ՄեդիաՊալիտրային, տպագրեց «Շնորհակալություն միասնության համար» տողը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին իր երախտիքը հայտնելու համար:

Կոալիցիան համոզված է, որ Հարկային ծառայությունների ստուգումները պայմանավորված են Պալիտրայի՝ մայիսի 26-ի ցույցի ցրման ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների քննադատական լուսաբանմամբ:

Աղբյուր: Media.ge

Read More »Վրացական թերթերն աջակցում են ՄեդիաՊալիտրային

Թուրքիայում ձերբակալվել են 32 կասկածյալ հաքերներ

Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 32 հաքերների, որոնք ենթադրաբար կապ ունեն միջազգային խմբավորման հետ, որը կոտրել է կառավարության կայքը՝ որպես համացանցը հսկելու Թուրքիայի ծրագրերի դեմ ուղղված բողոքի ակցիա:

«Անատոլիա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ կասկածյալները ձերբակալվել են երկրի տասնյակ քաղաքներում «Anonymous» («Անանուն») խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Այդ խումբն այս շաբաթ հարձակվել է հեռահաղորդակցության, վարչապետի աշխատակազմի և խորհրդարանի կայքերի վրա:

Կասկածյալները հարցաքննվում են:

Ուրբաթ օրը Իսպանիայում ձերբակալվել են տարբեր երկրների կառավարությունների կայքերի վրա հարձակումներ իրականացրած «Anonymous» խմբավորման ենթադրյալ անդամներից երեքը:

Աղբյուր: ABCNews

 

 

Read More »Թուրքիայում ձերբակալվել են 32 կասկածյալ հաքերներ