Լրագրության դասախոսների եռօրյա ճամբար Աղվերանում
Կիզակետում են լրատվության նոր մեդիա միջոցները.
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը նոյեմբերի 26-28-ն Աղվերանում կկազմակերպի «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբար լրագրրության դասախոսների համար։
Մասնակիցների շարքում են Հայաստանի շուրջ 8 պետական և ոչ պետական բուհերի լրագրության ֆակուլտետների 15 դասախոս։ Սեմինարը կվարեն Լիտվայից և Վրաստանից հրավիրված՝ հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների փորձագետներ Ջուգաս Պարսոնիսը և Անա Կեշելաշվիլին։
Դասընթացի նպատակն է լրագրություն դասավանդողներին ներկայացնել այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները:
Դասընթացի մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով կուսումնասիրեն ու կքննարկեն թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու կանոններին վերաբերող բազմապիսի թեմաներ։
Փորձագետները մասնակիցներին կներկայացնեն ունիվերսալ լրագրողին անհրաժեշտ նոր մեդիա տեխնոլոգիաներն ու դրանց ընձեռած հնարավորությունները նաև դասավանդման գործընթացում՝ հարստացնելով հայաստանյան բուհերի դասախոսների մեթոդական բազան։