Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին
Հայտնի իրանցի դերասանուհի և բացահայտ ընդդիմադիր Պեգահ Ահանգարանին ձերբակալվել է Թեհրանում, երբ պատրաստվում էր ուղևորվել Գերմանիա՝ մասնակցելու ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության լուսաբանմանը:
27-ամյա դերասանուհին նախատեսում էր Գերմանիայում մասնակցել հեռուստահաղորդումների նկարահանմանը՝ նվիրված սպորտային մրցաշարին: Սակայն կիրակի օրն անվտանգության ներկայացուցիչները մտել են նրա տուն և տարել նրան անհայտ ուղղությամբ:
Ահանգարանին դեռ 2009 թվականից գտնվում էր իսլամական ռեժիմի ուշադրության կենտրոնում, երբ բացահայտ պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավիին նախագահական ընտրություններում: Սակայն մինչ այժմ նրան հաջողվում էր խուսափել բանտից` ճանաչված և սիրված լինելու շնորհիվ:
Նա արդեն երկրորդ կինն է, ով ձերբակալվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում` կապված կանանց աշխարհի առաջնության հետ: Հունիսի վերջին Թեհրանում ձերբակալվեց լուսանկարիչ և կանանց իրավունքների պաշտպան Մարյամ Մաջդը, ով պայքարում էր, որպեսզի կանանց թույլ տան այցելել մարզդաշտ՝ ֆուտբոլ դիտելու: Նա նույնպես ուղևորվում էր Գերմանիա, որտեղ պատրաստվում էր աշխատել կանանց և սպորտի մասին գրքի վրա:
Աղբյուր: The Guardian
Read More »Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին