Skip to content

Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ

Թբիլիսիի կենտրոնում երիտասարդների 30 հոգանոց մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել ցածրորակ հեռուստատեսային շուների դեմ:

Ցույցի կազմակերպիչները Շոթա Ռուսթավելու արձանի մոտ տեղադրել էին հեռուստացույցի խրտվիլակ, որի էկրանի վրա պատկերված էր ճառագայթման խորհրդանիշ: Թղթի վրա յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ գրելու իր չսիրած հաղորդման անվանումը և տեղադրելու այն «հեռուստացույցի» մեջ:

Ըստ կազմակերպիչների՝ Վրաստանի հեռուստաեթերը ողողված է ցածրորակ հաղորդումներով, որոնք փչացնում են հեռուստադիտողների ուղեղն ու մտածելակերպը: Ակցիայի կարգախոսն էր «Մի կեղտոտեք մեզ»: Ակցիայի շրջանակներում մասնակիցները շորի կտորտանքներ լվացին՝ պատկերելով մարդու ուղեղը:

Մտահաղացման հեղինակները Facebook-ի անդամներ են: Նպատակը արտասովոր ճանապարհով վրացական հեռուստատեսության ցածրորակ հաղորդումների դեմ բողոքի արտահայտումն էր` կոչ անելով ստեղծել հեռուստատեսային ծրագրեր հիմնված մարդկանց իրավունքների վրա:

Աղբյուր: Media.ge


Read More »Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ

Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը

Երեկ ուշ երեկոյան Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները մոտ 7 ժամ խուզարկություն են անցկացրել «Իթհաքի» հրատարակչատանը։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ստամբուլի ոստիկանությանն իրազեկում են, թե «Իթհաքի» հրատարակչատունը պատրաստվում է հարատարակել օրեր առաջ «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, իրավապահներն անմիջապես մեկնում են «Իթհաքի» և սկսում խուզարկությունը։

Մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ոստիկանները ոչինչ չգտնելով հեռացել են։

Դեպքի առնչությամբ իր զարմանքն է հայտնել հարատարակչատան տնօրեն Ունալ Քոչանը։

«Առայժմ հայտնի չէ, թե արդյոք մենք այդ գիրքը կհրատարակենք, թե ոչ։ Իսկ իրավապահները փնտրում էին հենց Ահմեդ Շըքի գիրքը»,– ասել է Քոչանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։

Read More »Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը

Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն

Երկու գերմանացի լրագրողներ, ովքեր հոկտեմբերին ձերբակալվել էին Իրանում քարկոծման միջոցով մահապատժի ենթարկված կնոջ որդուց հարցազրույց վերցնելու համար, ազատ են արձակվել իրանական բանտից: Այս մասին կիրակի օրը հայտնել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ նրա խոսքերի՝ լրագրողները կիրակի առավոտյան ժամանել են Գերմանիա երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեյի հետ, որը մեկնել էր Թեհրան նրանց տուն բերելու համար: 

Մարկուս Հելվիգը և Յենս Կոխը, որոնք աշխատում էին գերմանական «Bild» թերթում, դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման Իրանի ազգային անվտանգության դեմ գործողությունների համար: Սակայն որոշ ժամանակ անց իրանական դատարանը փոխել էր դատավճիռը և սահմանել 50 000 ԱՄՆ դոլարի տուգանք յուրաքանչյուրի համար: Լրագրողներն ազատ արձակվեցին տուգանքի վճարումից անմիջապես հետո:

Գերմանացի լրագրողներին ձերբակալել էին հոկտեմբերին Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդու հետ հարցազրույց վերցնելու համար: Կնոջը դատապարտել էին մահապատժի քարկոծման միջոցով շնանալու և ամուսնու սպանությանը հանցակից լինելու համար:

Աղբյուր: http://www.rttnews.com

Read More »Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն