Skip to content

Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ

Ենթադրվում է, որ ընդդիմադիր ակտիվիստ Հալեհ Սահաբիի մահվան պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունն է իր հոր թաղման արարողության ժամանակ:
Հալեհ Սահաբիին ազատել էին բանտից, որպեսզի նա մասնակցի հոր՝ Էզաթոլահ Սահաբիի թաղման արարողությանը: Հայրը նույնպես ականավոր քաղաքական գործիչ էր:

Արարողությանը ներկա գտնվող լրագրողներից մեկը հայտնել է, որ քաղքացիական հագուստով մարդկանց և անվտանգության ծառայության աշխատակիցների մի մեծ խումբ ներխուժել է թաղման արարողության վայրը և ծեծի ենթարկել սգացողներին:

Հալեհ Սահաբին, ում ձեռքին եղել է հոր նկարը, նույնպես ծեծի է ենթարկվել, երբ նրա ձեռքից փորձել են խլել նկարը՝ հայտնում է լրագրողը: Այնուհետև նա փորձել է մոտենալ հոր մարմնին, սակայն նրան մի կողմ են քաշել և հարվածել:

Այդ պահին Հալեհ Սահաբին սրտի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են Թեհրանի հիվանդանոցներից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Աղբյուր: http://www.news.az/


 

Read More »Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ

Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

«Մայիսի 28-ին Amnesty International կազմակերպությունը Էյնուլա Ֆաթուլաևին հատուկ մրցանակ է շնորհել լուռ հերոսության համար: Ֆաթուլաևին ծեծել են, սպառնացել մահով և վերջապես բանտ նետել: Դրամատիկ կերպով նրան ազատեցին անցյալ շաբաթ: Այս ազատումը նա վերագրում է Amnesty-ի ջանքերին: 

Amnesty-ի պատմությունը հիշեցնում է մեզ, որ խոսքի ազատության համար պետք է պայքարեն և հաղթեն բոլոր սերունդները», – գրում է բրիտանական Guardian-ը:

Source: http://times.am

 

Read More »Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համոզված է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի մամուլում դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն գլխավոր աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում ընդունվի զրպարտության մասին օրենքը», – իր քառօրյա այցի ամփոփման ժամանակ հայտնել է Միյատովիչը:

«Ես ողջունում եմ նախագահ Իլհամ Ալիևի հայացքները համացանցի ազատության վերաբերյալ», – ասել է Միյատովիչը:

Այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է իշխանությունների և ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ:

Ապագայում ևս Միյատովիչը պատրաստվում է հետևել Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Զրպարտանքի մասին օրենքի կարևորագույն նպատակն է խուսափել լրագրողների ազատազրկումներից, ինչպես նաև թեթևացնել այն գումարների չափերը, որոնք մամուլը վճարում է որպես տուգանք», – ասում է Միյատովիչը:

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում կծավալի օրինագծի վերաբերյալ և հասարկությունը կաջակցի այդ օրինագծին», – ասել է նա:

Զրպարտանքի մասին օրինագիծը մշակվել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի օգնությամբ 2005 թվականին: Օրինագծի մշակմանը մասնակցել են պատգամավորներ, մամուլի ներկայացուցիչներ և փաստաբաններ:

Read More »ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Եվրախորհրդարանը խիստ բանաձև է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է խիստ բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Թուրան լրատվական գործակալությունը:

Բանաձևը վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը Ադրբեջանում՝ ներառյալ Էյնուլլա Ֆաթուլլաևի և ակտիվիստ Ջաբար Սավալանի, ինչպես նաև այլոց գործերին:

Աղբյուր: News.am

 

Read More »Եվրախորհրդարանը խիստ բանաձև է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ

ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդիպել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, որը գտնվում է բանտում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, հայտնում է ադրբեջանական “Ազատություն” ռադիոկայանը:

Դունյա Միյատովիչի այցը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ զրպարտանքի ապաքրեականացման վերաբերյալ կոնֆերանսից մեկ օր առաջ:

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ զրպարտանքը քրեորեն պատժելի հանցագործություն է: Մամուլի և մարդու իրավապաշտպանները բազմիցս կոչ են արել հանելու զրպարտանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքից:

Աղբյուր: RFE/RL


Read More »ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է հայկական թերթերի նկատմամբ հարուցված դատական գործընթացներով և սահմանված վնասների փոխհատուցման գումարներով, որոնք սպառնում են թերթերի գոյությանը և ստիպում դրանց զբաղվել ինքնագրաքննությամբ: 

2010-ի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի ապաքրեականացվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին օրենքը, դիտվեց որպես ժողովրդավարական քայլ, սակայն դատական հետապնդումները մամուլի նկատմամբ շարունակվում են: Միայն 2011-ի առաջին եռամսյակում հարուցվել է զրպարտության 12 գործ: Գլխավոր թիրախն անկախ թերթերն են: Ներկայումս «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք տարբեր հայց: Դատական գործ է հարուցված նաև «Հայկական ժամանակ»-ի և «Հրապարակ»-ի նկատմամբ:

Հիմնականում հայցվորները քաղաքական գործիչներ են: Ապրիլի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը «Հետք» կայքին, որը ստեղծել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, պարտադրել է որպես փոխհատուցում Իջևանի քաղաքապետին վճարել 450 000 դրամ, ինչպես նաև հերքել տպագրված նյութը: Սպառելով բոլոր հույսերը՝ ՀԿ-ն ցանկանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Read More »«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

15 տարով ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանին ներում են շնորհել

Չճանաչված Մերձդնեստրի մոլդովական հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովն այսօր մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մամուլի օրվա կապակցությամբ նա ներում է շնորհում Էռնեստ Վարդանյանին: 

30-ամյա Էռնեստ Վարդանյանի նկատմամբ, ով մոլդովական RIA “New Region”-ի լրագրող-վերլուծաբանն է, 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` լրտեսության ու պետական դավաճանության համար:

Ինչպես նախկինում հայտնել է «Օլվիա-պրես» մերձդնեստրյան պաշտոնական լրատվական գործակալությունը՝ 2010 թվականի ապրիլին Մերձդնեստրի հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է Էռնեստ Վարդանյանին համաձայն ՔՕ 271-րդ հոդվածի՝ լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով՝ Մոլդովայի հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Ըստ «Օլվիա-պրես»-ի, դատական լսումների ժամանակ Էռնեստ Վարդանյանը զղջացել էր իր արարքի համար և պատմել, թե ինչպես են անվտանգության ծառայության աշխատակիցներն իրեն ստիպել համագործակցել: 

Read More »15 տարով ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանին ներում են շնորհել

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի

Ըստ epress.am-ի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի:

Համաձայն «Հրանտ Դինք» հիմնադրամի` մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:

2009 թվականին Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է իսրայելցի լրագրող, հրապարակախոս, Ամիրա Հասը, իսկ 2010 թվականին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:

Նիկոլ Փաշինյանին որպես Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է առաջադրել «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը:

 

Read More »Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի

Ֆուտբոլային հարված. լեգենդար ֆուտբոլիստ – մարզիչը ծեծել է լրագրողին

Ինչպես տեղեկացնում է Totalfootball.am կայքը՝ Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանն ապրիլի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության վեցերորդ տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) ծեծի է ենթարկվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող անձանց կողմից, այն բանից հետո, երբ կատարում էր իր աշխատանքը և լուսանկարում էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները դաժանորեն ծեծել են Առուշանյանին «Հրազդան» մարզադաշտի թունելում:

19-ամյա ֆոտոլրագրողը ծնոտի վնասվածքի և գլխացավերի պատճառով երեկոյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հաջորդ օրը առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: Հետազոտությունները ցույց են տվել, որ լրագրողի մոտ դեմքի հատվածում առկա են մկանային վնասվածքներ, իսկ ոսկրային կոտրվածքներ չկան: Ծնոտի ցավերի պատճառով 19-ամյա ֆոտոլրագրողը դեռևս դժվարանում է ուտել և խմել, հայտնում է Totalfootball.am-ը:

Ըստ կայքի դեռևս չճշտված տվյալների՝ այս միջադեպի հետ կապված Արկադի Անդրեասյանն առնվազն մինչև կեսգիշեր (այսինքն՝ առնվազն վեց ժամ) գտնվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննության է ենթարկվել:

Read More »Ֆուտբոլային հարված. լեգենդար ֆուտբոլիստ – մարզիչը ծեծել է լրագրողին