Իռլանդական մամուլը Իռլանդիա-Հայաստան խաղի մասին
Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք Իռլանդիա-Հայաստան խաղը վճռորոշ է ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ Իռլանդիայի ազգային թիմի համար, քանի որ հանդիպման արդյունքից է կախված, թե որ երկիրը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրո 2012-ի եզրափակիչ փուլին:
Գրեթե բոլոր իռլանդական պարբերականներն իրենց պարտքն են համարում անդրադառնալ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայանալիք վաղվա խաղին: Գլխավոր թեման իռլանդացիների առաջատար հարձակվող և ավագ Ռոբի Քինի հնարավոր բացակայությունն է, քանի որ նա ուրբաթ օրը` հոկտեմբերի 7-ին, Անդորրա-Իռլանդիա (0-2) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել:
Մասնավորապես իռլանդական Rte.ie կայքը գրում է. «Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ստիպված է նախապատրաստվել առանց իր թիմի գլխավոր ռմբարկու Ռոբի Քինի: Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստը գանգատվել է մկանային ցավերից, իսկ բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա վնասվածք ունի: Տրապատոնիի խոսքերով՝ Քինի մասնակցությունը Հայաստանի հետ հանդիպմանը կասկածի տակ է»: