Skip to content

Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Քաղաքային ավտոբուսի վարորդ Գևորգ Պողոսյանի աշխատանքային պարտականություններին վերջերս ավելացել է ևս մեկը: Նա ամեն առավոտ ճանապարհ դուրս գալուց առաջ նախ պետք է իր անիվների վրա գտնվող աշխատավայրում ապահովի Wi-Fi` միացնելով ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը:

Գևորգը 22 համարի երթուղու այն միակ ավտոբուսի վարորդն է, որը հագեցվել է Wi-Fi  ապահովող սարքով: Նմանատիպ անլար ինտերնետով ապահովված են նաև 3, 15, 16 և 28 երթուղիների մեկական ավտոբուսներ:

Վարորդ Գևորգը հավանություն է տալիս այս նորամուծությանը, թեև դեռ ուղևորների ավելացում չի նկատում: Վերջինս բացատրում է նրանով, որ 22 երթուղուց օգտվում են հիմնականում երիտասարդները և քանի որ ուսումնական տարին ավարտվել է, նրանց թիվն էլ նվազել է:

Բայց Գևորգը լավ նորություն էլ ունի: Ասում է Wi-Fi-ի շնորհիվ արդեն երկու մշտական երիտասարդ հաճախորդ ունի, ովքեր վաղ առավոտյան գալիս են, սպասում են 22 համարի ավտոբուսին և մեկժամյա երթևեկության ընթացքում օգտվում են ինտերնետից:

«Մի քանի օր առաջ էլ մի մարդ նստեց: Վեց ռեյսի համար վճարեց 600 դրամ, գնաց վերջում նստեց ու իրա նոթբուքով սկսեց աշխատել: Ով որ հասկացող ա, օգտվում ա», -ասում է Գևորգը և եզրակացնում, որ եթե նա գնար որևէ ինտերնետ-ակումբ, հաստատ ավելի շատ գումար կծախսեր: «Ինքը երևի հաշվել ա, տեսել, որ 6 ռեյսի ընթացքում իրա գործը կանի, սենց իրա համար ձեռնտու ա, ու եկել նստել, իրա համար հանգիստ աշխատել ա»:

Read More »Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

 Երևանաբնակ Ստյոպայի և գյումրեցի Լուսինեի ծանոթության պատճառը համակարգիչն էր, իսկ ավելի ճիշտ` համացանցը, որտեղ բռնկվեց այս զույգի ջերմ օնլայն զրույցը: Այսօր նման ծանոթությունը գուցե այլևս զարմանալի չթվա Երևանում, բայց Գյումրիում աղջկա և տղայի միջև համակարգչային շփումները, մեղմ ասած, լուրջ չեն ընկալվում: Այնուամենայնիվ, զգացմունքներով լի 23-ամյա Ստյոպան պատրաստ էր ապացուցել, որ ավելի, քան երբևէ լուրջ էր տրամադրված այդ շփումները խորացնելուն:

«2010 թվականի նոյեմբերն էր: Լավ հիշում եմ` պարապ էի, գրեցի ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Հետո հասկացա, որ լուրջ աղջիկ է, խոսքերը ձևական չեն,» – խոստովանում  է 23-ամյա Ստյոպան:

«Ես այդ ժամանակ խնդիրներ ունեի, սկսեցի Լուսինեի հետ կիսվել դարդ ու ցավերով: Այնքան հեշտ է խոսել անծանոթի հետ և այնպիսի անծանոթի, ով կարող է ժամերով լսել քեզ, փորձել խնդիրներիդ հարթեցման ուղիներ գտնել, անկախ հեռավորությունից` հոգեպես աջակցել քեզ ու զգացնել տալ իր ներկայությունը, իր այնքան ցանկալի ներկայությունը»:

Մի քանի ամիս ինտերնետով շփվելուց հետո երիտասարդները փոխանակվել են հեռախոսահամարներով: Ստյոպան ամեն անգամ Լուսինեի մասին խոսելիս անընդհատ պետք է շեշտի, որ իր սերը մնաց անպատասխան:

«Կյանքիս մեջ առաջին անգամ նրա համար եմ Գյումրի գնացել: Ամբողջ ճանապարհին մտածում էի` կարող է ստի, չգա, բայց եկավ: Երբ առաջին անգամ տեսա, հասկացա, որ նա է` միակս, կյանքիս իմաստը», – ասում է Ստյոպան:

Read More »Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի

«Ա1+» ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որին այս տարի հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կհանձնվի Fritt Ord Press Prize-2011-ը:

Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ հայկական «Ա1+» կայքը: (Հաղթողների մասին առավել մանրամասն’ մեր կայքի անգլերեն էջում ):

Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար’չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:

«Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ա1+»-ը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում:

Որոշումը կայացրել է 8 հոգանոց անկախ ժյուրին, որի կազմում եղել են 5 ներկայացուցիչներ Գերմանիայից, մեկական Թուրքիայից, Դանիայից, Նորվեգիայից:

«Ա1+»-ին իբրեւ մրցանակ կհանձնվի 10000 եվրո:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին:

Read More »Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի

Ազատ «արգելված» գոտի. Հայաստանում մարտյան սահմանափակումների կրկնությունը ինտերնետում բացառված չէ

Սահմաններ չճանաչող ու բացարձակ ազատ թվացող ինտերնետը ցանկացած պահի կարող է «անազատության» մեջ հայտնվել, եթե նման ցանկություն հայտնեն տվյալ ոլորտը տնօրինող կազմակերպությունների վրա ազդեցություն ունեցող մարմինները:

«Ընդհանրապես կապի միջոցների ազատությունը բացարձակ չէ. պետությունն ասում է` անջատիր, պրովայդերներն անջատում են»,- ասում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, «Արմինկո» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գրիգոր Սաղյանը:

Ըստ նրա, Հայաստանում ստանալով համապատասխան լիցենզիա` պրովայդերները ընդունում են խաղի կանոնները: Լիցենզիայում, նրա խոսքերով, հստակ գրված է, թե որ դեպքերում պետք է կատարվեն պետության պայմանները և որ դեպքում է հնարավոր զրկվել այդպիսի գործունեություն ծավալելու իրավունքից:

Հայաստանում առաջին անգամ ինտերնետով տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության զանգվածային արգելափակում տեղի ունեցավ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան իրադարձություններից հետո, երբ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց:

Այդ օրերին թերթերի մեծ մասը հրաժարվեցին տպագրվել, որովհետև իրականացվում էր գրաքննություն, իսկ լրատվական հաղորդումներով ներկայացվում էր միայն պաշտոնական տեղեկատվություն: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի` պարզապես արգելվում էր պետական և ներքաղաքական հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբեր տեղեկություն ներկայացնելը:

Read More »Ազատ «արգելված» գոտի. Հայաստանում մարտյան սահմանափակումների կրկնությունը ինտերնետում բացառված չէ

Վիրտուալից իրական. ՀՀ-ում սոցիալական ցանցերի ազդեցությունը ներքաղաքական մթնոլորտի վրա

Ինտերնետում տեղեկատվություն տարածելու ազատության խնդիրը քննարկման առարկա է դարձել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, հատկապես այն բանից հետո, երբ մեծացավ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով սոցիալական ցանցերի օգտագործումը:

Քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վահան Դիլանյանը կարծում է, որ ինտերնետը և սոցիալական ցանցերը կարող են լինել «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» գործիքներ Հայաստանում եգիպտական «domino effect» հարուցելու համար:

Քաղաքագետը նման կարծիք ձևավորել է Հայաստանի և Եգիպտոսի Facebook-ից օգտվողների թվերը համեմատելուց հետո: Պարզել է, որ հայաստանյան ցուցանիշերը (4,5 տոկոս), ընդհանուր առմամբ, այդքան էլ չեն զիջում եգիպտականին (6, 8 տոկոս): Երկու երկրում էլ Facebook-ից օգտվողների հիմնական զանգվածը կազմում են երիտասարդներ` 18-ից 33 տարեկան:

«Այս փաստերը կարող են մարտահրավեր լինել հայաստանյան իշխանությունների համար, քանի որ պատմությունը և ներկան ցույց են տալիս, որ հենց երիտասարդությունն է դառնում փոփոխության շարժիչը»,-ասում է քաղաքագետը:

«Հայաստանում նման իրավիճակ չկա: Ինտերնետը փակել-չփակելու խնդիր չկա: Եթե մի բան փակում ես, բացասական էներգիան կուտակվում և պայթում է: Ոչ թե փակելու կողմնակից եմ, այլ ինտերնետից ճիշտ օգտվելու կողմնակից»,- ասում է իշխող` Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Read More »Վիրտուալից իրական. ՀՀ-ում սոցիալական ցանցերի ազդեցությունը ներքաղաքական մթնոլորտի վրա

Կիբեր հարձակում. Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը ինտերնետում

Հունվարի 29-ը հայկական կիբեր օրացույցում սև շրջանակով չի նշվի, բայց այն, ինչ կատարվեց այս տարի այդ օրը դեռ երկար կհիշեն ոլորտի մասնագետները, որպես հայկական կայքերի վրա ցանցահենների (հակերների) լայնամասշտաբ հարձակման օր:

Այդ օրը ցանցահենների թեթև ձեռքով վնասվեց հայկական դոմեյնում գրանցված շուրջ 300 վեբկայք, որոնք սպասարկվում էին հայկական «Smart Systems» ընկերության կողմից: Ըստ ընկերության ուսումնասիրության, նախ վնասել էին ընկերության սերվերը, այնուհետև կոտրել ընկերության հոսթինգից օգտվող կայքերը:

Այդ ժամանակ Հայաստանի պետական կառույցներից շտապեցին հայտնել, որ պետական գերատեսչություններին պատկանող կայքերից ոչ մեկը այդ ցուցակում չկա և ավելացրին, որ նման վտանգ պետական կայքերին չի սպառնում, քանի որ դրանք լիարժեք պաշտպանված են: Իսկ վնասված կայքերը հիմնականում պատկանում էին անհատ անձանց կամ մասնավոր ընկերություններին։

Խնդրի հետ անմիջական կապ ունեցող մասնագետները տեղեկացրին, որ հարձակվողները դրսից էին, մեղավորները` նույնպես:

Read More »Կիբեր հարձակում. Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը ինտերնետում

Մաշտոցի հետևորդները համացանցում. հայերեն էլ-բովանդակությունը ավելանում է նվիրյալների շնորհիվ

Հայերեն բովանդակությունը համացանցում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է, և այս ուղղությամբ բավական աշխատանք է արվել:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մեկ տարի առաջ համացանցում հայերեն բովանդակություն գրեթե չկար, իսկ այժմ ստեղծվել են տարբեր թեմաներով բազմաթիվ հայալեզու կայքեր և բլոգեր:

«Հայաստանում օրեցօր ավելանում է համակարգիչ ունեցողների և ինտերնետ օգտագործողների քանակը, ուստի այս ամենի արդյունքում մեծանում է նաև շուկան և հայերեն բովանդակության պահանջարկը: Իրականում հայալեզու բովանդակության ավելացումը պայմանավորված է հայ ինտերնետ օգտագործողների և հայկական լսարանի մեծացմամբ»,- ասում է Վարդանյանը:

Փորձագետները շեշտում են նաև, որ այդ ավելացումը հիմնականում կատարվել է զուտ անհատների նախաձեռնությամբ կամ նվիրյալների ջանքերով: Իսկ նման մոտեցումը չի կարող համակարգային փոփոխություններ մտցել այս ասպրեզում:

Read More »Մաշտոցի հետևորդները համացանցում. հայերեն էլ-բովանդակությունը ավելանում է նվիրյալների շնորհիվ

Էլ-համայնքի քարտեզ. Հայաստանում համացանցից համակարգչով օգտվում է բնակչության մեկ երրորդը

Դեռևս 2009 թվականին համացանցի ներխուժումը Հայաստան գնահատվում էր 15 տոկոսից էլ ցածր, սակայն այսօր, ըստ տարբեր տվյալների, այդ ցուցանիշը մոտենում է 80 տոկոսի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով համացանցը հասանելի է Հայաստանի բնակչության գրեթե կեսին (47,1 տոկոս): Սակայն ըստ որոշ հայ փորձագետների՝ այս թվերը չափազանցված են:

Ակնհայտ է, որ այս ցուցանիշը բջջային հեռախոսներից համացանց մուտք գործելու հաշվին համացանցից օգտվողների թվի ավելացման արդյունք է: Հանձնաժողովի տվյալներով՝ լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից Հայաստանում օգտվում է ընդամենը 160 000 մարդ: «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել համացանցից օգտվողների քանակի անկախ ուսումնասիրություն:

Իր հերթին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ գոյություն չունի համացանցից օգտվողների հաշվարկման համընդհանուր հաստատված մեթոդիկա: «Եթե հաշվի առնենք սմարթֆոնների և բջջային հեռախոսների միջոցով շարժական ինտերնետից օգտվողներին, ապա 1, 5 միլիոն օգտվողների մասին վիճակագրությունը ճիշտ է: Սակայն պետք է նկատի ունենալ համացանցի իրական օգտագործողներին՝ DSL-ով, կապի օպտիկական ալիքներով», – ասում է Վարդանյանը:

Read More »Էլ-համայնքի քարտեզ. Հայաստանում համացանցից համակարգչով օգտվում է բնակչության մեկ երրորդը