«Հեռու մնացե’ք Թվիթերից». հայ լրագրողի բացահայտումները գերմանական հեղինակավոր խմբագրություններում /ֆոտոսլայդ/
Լրագրողի համար Համբուրգում հայտվելը նույնն է, ինչ մոդելավորողի համար` Փարիզում. չէ որ Համբուրգը եվրոպական մամուլի կարևորագույն քաղաքներից մեկն է: Հենց այստեղ են գտնվում «Շպիգել» ամսագրի խմբագրությունը, «Gruner+Jahr» հրատարակչատան գլխավոր գրասենյակը, որը աշխարհի 30 երկրներում հրատարակում է ավելի քան 500 ամսագրեր ու թերթեր, այդ թվում «Stern», «GEO», «National Geographic», «NG Traveller», «Elle» և «Cosmopolitаn»:
Մինչ 2009 թ-ին վրա հասած ֆինանսական ճգնաժամը Գերմանիայի մեդիա շուկայում լուրջ աճ էր նկատվում: Մինչդեռ այսօր ակնհայտորեն «խաղադրույք» է արվում առցանց մեդիայի վրա: Հույսը, որ տպագիր մամուլը կվերադառնա իր նախկին մակարդակին, գնալով մարում է:
Յուրաքանչյուր իրեն հարգող խմբագրություն զարգացնում է իր պարբերականի առցանց տարբերակը, մշակում են բջջային լրատվություն հեռախոսների և պլանշետային համակարգիչների համար` համարելով, որ այն մոտ ապագայում ավելի շատ եկամուտ է բերելու, քան տպագիր տարբերակը:
Այնուամենայնիվ, գերմանական առցանց տարբերակների հանրաճանաչությանը նպաստեց դրանց ավանդական տարբերակների հեղինակությունը, որը վաստակել էին թվային դարաշրջանից առաջ:
Եվ մինչ օրս էլ Գերմանիայում լրագրողների համար ավելի լուրջ և պատկառելի է համարվում հանդիսանալ տպագիր մամուլի աշխատակից, քան առցանց մամուլի: Միևնույն ժամանակ գերմանացի խմբագիրները համարում են, որ առցանց մամուլը նույնպես պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորի: