«Վատ մարդիկ». Մեկուսացում ճաղերից այս կողմ
Նախկին դատապարտյալ’ 48-ամյա Վահե Սարգսյանը, արդեն երեք տարի է տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ և վստահ է, որ վերջնականապես կարողացել է կյանքում իր տեղը գտնել:
Վահեի ներկան կարելի է հուսադրող համարել, քանի որ նա իր կյանքի մեկ չորրորդ մասն անց է կացրել կալանավայրում’ առաջին անգամ դատապարտված լինելով խուլիգանության և մեքենա գողանալու, իսկ երկրորդ անգամ մարդասպանության համար:
«Ազատությունն ամենաթանկ բան է», ասում է Վահեն: «Բայց որ երկար տարիներ նստած ես լինում, ոնց որ դուրս գալուց չկարողանաս տեղավորվել շրջապատի մեջ: Որ նոր էի դուրս եկել բանտից, ասում էի’ այնտեղ ավելի լավ էր, քան ազատության մեջ: Մի քանի անգամ միլիցեքը եկել-տարել են, ասել եմ’ ինչ ա պետք, գրեմ, դատեք, տարեք բանտ: Շատ խորթ էր դրսի աշխարհը: Ուր գնում էի, աշխատանք չկար, թաղայիններն էլ ասում էին աշխատի, թե չէ կնստացնենք»:
Առաջին անգամ Վահեն չորս տարվա ազատազրկման է դատապարտվել դեռ 1983 թ-ին’ 24 տարեկանում: Պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո նա ազատվում է, և ազատության մեջ սկսվում է Վահեի իր ազատությունը նվաճելու անվերջանալի ուղին:
1996 թ-ին նրան երկրորդ անգամ դատապարտում են արդեն 9 տարվա ազատազրկման’ մարդասպանության համար: Ինչպես Վահեն է ասում’ ուրիշի վիճաբանության մեջ խառնվելով’ դանակահարում է վիճաբանողներից մեկին, որն էլ հաջորդ օրը մահանում է: