Skip to content

Իրանի մշակույթի նախարարը BBC-ի մեղադրանքներն անհիմն է համարում

Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մոհամադ Հոսեյնին BBC-ի համաշխարհային ծառայության տնօրեն Պիտեր Հորոքսի մեղադրանքներն այն մասին, որ BBC-ի համար աշխատող լրագրողների բարեկամները ճնշման են ենթարկվել կառավարության կողմից, անհիմն է համարում:

«BBC-ին առաջ էր տանում Բրիտանիայի գաղութային քաղաքականությունը, հասարակության մեջ առաջացնում էր հակասություն, հետևաբար նրա գործունեությունը Իրանում դադարեցվեց»,- ասել է Հոսեյնին Trend-ի հետ հարցազրույցում:

Ըստ Հորոքսի՝ այն բանից հետո, երբ BBC-ին վավերագրական ֆիլմ ցուցադրեց Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի մասին, ֆիլմի վրա աշխատողներից վեցը ձերբակալվեցին, իսկ BBC-ի համար աշխատող տասը անձանց ընտանիքներ հայտնվեցին ճնշման տակ:

«Այն լրագրողները, ովքեր համագործակցում են արտասահմանյան մամուլի հետ, զգուշացվել են ուշադիր լինել այն պարբերականների հարցում, որոնց գործունեությունը հակասում է Իրանի պետական շահերին: Որոշ լրագրողներ պատժվել են», – ասել է նախարարը Trend-ի հետ զրույցում:

«Շատ մարդիկ են ժամանել Իրան լրագրողի անվան տակ, սակայն շուտով բացահայտվել են որպես լրտեսներ», – ասել է Հոսեյնին: Ըստ նախարարի՝ Իրանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, և բոլոր պայմաններն ստեղծված են մամուլի ազատ աշխատանքի համար: Երկրում գրանցված է 4 500 լրատվամիջոց, որոնցից ներկայումս գործում են 3 000-ը :

Աղբյուր: Trend.az

Read More »Իրանի մշակույթի նախարարը BBC-ի մեղադրանքներն անհիմն է համարում

Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ իրանական իշխանությունները ձերբակալել են հինգ լրագրողի, որոնք աշխատում էին BBC-ի պարսկերեն ծառայության համար:

Երկուշաբթի օրը հեռուստաալիքի կայքում տեղեկություն տարածվեց, որ լրագրողների այդ խումբը BBC-ին տրամադրում էր տեսանյութեր և բացասական լուրեր Իրանի մասին: Լրագրողների անունները չեն նշվել:

Իրանն արգելափակել է BBC հեռուստաալիքը և մեղադրել նրան, ինչպես նաև բրիտանական կառավարությանը, մասսայական դժգոհություններ առաջացնելու մեջ:

Վերջին տարիներին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ:

Աղբյուր: The Associated Press

 

Read More »Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Ականավոր իրանցի լրագրող Իսա Սահարխիզը, որը գտնվում է բանտում, կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` որքան հնարավոր է շտապ այցելել Իրան՝ պատմելու աշխարհին, թե ինչպիսի «սարսափելի բաներ» են տեղի ունենում երկրի բանտերում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իսա Սահարխիզը, որը Մամուլի ազատության պաշտպանության ասոցիացիայի անդամ է, գրել է Ահմեդ Շահիդին, որ «այն, ինչ կատարվում է Իրանի բանտերում, հանցագործություն է մարդկության նկատմամբ՝ նման այն արարքներին, որ տեղի էին ունենում Սիբիրի ստալինյան համակենտրոնացման ճամբարներում»:

Սահարխիզը գրում է, որ «ռեժիմի նպատակն է անձայն և աստիճանաբար սպանել ընդվզող լրագրողներին… քանի որ նրանք վախենում են, որ մենք կենդանի կմնանք նույնիսկ այս ճաղերի և պատերի հետևում»:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունի անցյալ ամիս ՄԱԿ-ի կողմից նշանակված Շահիդի այցելությունը:

Սահարխիզը ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին նախագահական ընտրություններից հետո: Նրան դատապարտել են երեք տարի ազատազրկման, արգելել են հինգ տարվա ընթացքում զբաղվել քաղաքական և լրագրողական գործունեությամբ և մեկ տարով արգելել են լքել Իրանի տարածքը ազատ արձակվելուց հետո:

Նրան մեղադրում են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորելու և «ռեժիմը հակապրոպագանդելու» մեջ:

Աղբյուր: RFE/RL

Read More »Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն

Մի շարք «Հույժ գաղտնի» արխիվային փաստաթղթերի հետ միասին՝ Վրաստանի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը հրապարակել է Խորհրդային Վրաստանում 1956 թվականի մարտին լույս տեսած թերթերի հոդվածներից հատվածներ: 

1956 թվականի  փետրվարի 25-ին Կոմկուսի XX համագումարի ժամանակ ԽՍՍՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչևը դատապարտեց «Ստալինի պաշտամունքը», ինչն այն ժամանակվա համար անսպասելի և սենսացիոն հայտարարություն էր: Խրուշչովի ճառը գաղտնի մնաց մինչև գորբաչովյան ժամանակները: Չնայած այս փաստին` այն շրջադարձային եղավ Խորհրդային համակարգի համար` առաջացնելով խորհրդային ժողովրդի դժգոհությունը, իսկ Վրաստանում հանգեցնելով մասսայական ցույցերի:

Ինստիտուտը համոզված է, որ այս հավաքածուն լիովին նկարագրում է 1956-ի իրադարձությունները, և հույս ունի, որ այն կօգնի ԽՍՀՄ բոլոր հետազոտողներին և գիտնականներին:

Աղբյուր: Media.ge

Read More »IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն