Skip to content

Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

Հայտնի իրանցի դերասանուհի և բացահայտ ընդդիմադիր Պեգահ Ահանգարանին ձերբակալվել է Թեհրանում, երբ պատրաստվում էր ուղևորվել Գերմանիա՝ մասնակցելու ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության լուսաբանմանը:

27-ամյա դերասանուհին նախատեսում էր Գերմանիայում մասնակցել հեռուստահաղորդումների նկարահանմանը՝ նվիրված սպորտային մրցաշարին: Սակայն կիրակի օրն անվտանգության ներկայացուցիչները մտել են նրա տուն և տարել նրան անհայտ ուղղությամբ:

Ահանգարանին դեռ 2009 թվականից գտնվում էր իսլամական ռեժիմի ուշադրության կենտրոնում, երբ բացահայտ պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավիին նախագահական ընտրություններում: Սակայն մինչ այժմ նրան հաջողվում էր խուսափել բանտից` ճանաչված և սիրված լինելու շնորհիվ:

Նա արդեն երկրորդ կինն է, ով ձերբակալվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում` կապված կանանց աշխարհի առաջնության հետ: Հունիսի վերջին Թեհրանում ձերբակալվեց լուսանկարիչ և կանանց իրավունքների պաշտպան Մարյամ Մաջդը, ով պայքարում էր, որպեսզի կանանց թույլ տան այցելել մարզդաշտ՝ ֆուտբոլ դիտելու: Նա նույնպես ուղևորվում էր Գերմանիա, որտեղ պատրաստվում էր աշխատել կանանց և սպորտի մասին գրքի վրա:

Աղբյուր: The Guardian

Read More »Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

Իրան. Ձերբակալված լրագրողների և նրանց քննիչների տարբերությունը

Բլոգեր, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ժիլա Բանիյաղուբիին և նրա ամուսին Բահման Ամույիին մեկ տարի առաջ ձերբակալել էին Իրանում հետընտրական անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց, մինչդեռ ամուսինը գտնվում է բանտում:

Իրենց ձերբակալման տարեդարձի կապակցությամբ Բանիյաղուբը հրապարակել է հետևյալ ակնարկը.

Մեկ տարի առաջ մի այսպիսի գիշեր նրանք զանգեցին մեր հարևանի դուռը և ասացին. «Մենք ձեր սենյակակիցների բարեկամներն ենք: Նրանց զանգը չի աշխատում: Խնդրում ենք, բացեք դուռը»: Մեր հարևանը բացեց դուռն առանց իմանալու, որ նրանք եկել էին մեզ ձերբակալելու: Միշտ էլ այդպես է: Նրանք միշտ էլ գալիս են մարդկանց ձերբակալելու նույն ոճով:

Երբ ինձ ազատեցին բանտից, մեր հարևանը երկար ժամանակ ամաչում էր ինձ բարևել, որովհետև նա էր բացել դուռը այն մարդկանց, ովքեր ինձ և Բահմանին տարան բանտ: Ինչո՞ւ էր նա ամաչում: Ես նրան ասացի՝ թող նրանք ամաչեն, ովքեր քեզ խաբել են:

Այսպիսի գիշեր էր, երբ Բահմանը, որին ծեծել էին մահակներով, հոգնած վերադարձավ տուն ինձանից շուտ և պառկեց քնելու: Երբ ես եկա, նա ինձ ասաց. «Ժիլա, ինձ մի բաժակ տաք թեյ բեր և տաք ջրով շիշ, որպեսզի դնեմ կապտուկներիս վրա»:

Read More »Իրան. Ձերբակալված լրագրողների և նրանց քննիչների տարբերությունը