Տեսողական խնդիրներ ունեցողները բավարար կրթություն չեն ստանում
Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են հանրակրթական դասերից բացի նաեւ նկարչության, պարի, դաշնամուրի, երգի, ասմունքի դասերի մասնակցել։ Այս դպրոցում է սովորում նաև 7-ամյա Հռիփսիմեն, ով նկարչության դասին որոշել էր գրատախտակին երգ նկարել, բայց ինչպե՞ս է նկարելու այն, դեռ չգիտի։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո հարցի պատասխանը գտավ։
«Հեսա արեւը կնկարեմ, ինքն ա երգում»,– ասում է նա։
Քանի որ փոքրիկը շատ լավ է երգում, մայրիկը որոշել է նրան նաեւ երգի խմբակ տանել։
Դպրոցը, որտեղ սովորում է Հռիփսիմեն, Հայաստանում միակն է, որտեղ կրթություն են ստանում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները։
«Մեկ այլ դպրոց էլ գործում է մեծահասակների համար, որը երեկոյան է: Ավելի դժվար է մարզերում բնակվողների համար»,– ասում է Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանը և ավելացնում, որ կույրերի միավորմանը անդամակցում են 18 տարին լրացած քաղաքացիներ, ովքեր ունեն տեսողության խնդիր և կրթության ոչ բավարար մակարդակ:
Միակ դպրոցի մասին ծնողներն իրենք պետք է տեղեկանան եւ երեխաներին այստեղ բերեն։ Նրանք նշում են, որ շատերի համար դպրոցն իրենց բնակավայրերից հեռու է, բայց այլընտրանք չկա:
Թիվ 14 դպրոցը նաեւ գիշերօթիկ է, որը հնարավորություն է տալիս մարզերի երեխաներին այստեղ ապրել եւ տուն գնալ հանգստյան կամ տոն օրերին։
Read More »Տեսողական խնդիրներ ունեցողները բավարար կրթություն չեն ստանում