Առողջությունը լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն։ Առողջապահական համակարգի բոլոր ջանքերը կարող են դատապարտված լինել, եթե պատշաճ ուշադրություն չդարձվի մարդու կենցաղային պայմաններին և շրջակա միջավայրին։
Այս համատեքստում էլ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և «Ամփոփ Մեդիա» տվյալների հետազոտման հարթակը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, նախորդ տարի իրականացրել են «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը։
Ծրագրի փակմանը նվիրված միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում անգլերեն և հայերեն լեզուներով ստեղծված «Առողջապահությունը Հայաստանում․ որակ, մատչելիություն, հասանելիություն» խորագիրը կրող առցանց հատուկ համարը (Տես այստեղ)։ Այն բաղկացած է բացատրական լրագրության ժանրում գրված շուրջ 20 թեմատիկ նյութերից և մի քանի տասնյակ ինֆոգրաֆիկներից ու գծապատկերներից։
Միջոցառմանը ներկա էին առողջապահության և մարդու իրավունքների ոլորտների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Այսպիսի ծրագրերը կարևոր են, հատկապես մեր հասարակությունում, որտեղ բավական ցածր է կանխարգելիչ ստուգումների նպատակով բուժհաստատություններ այցելելու մշակույթը։ Այսպիսի բացատարական նյութերը, պարզ ինֆոգրաֆիկները կարող են հասարակության շրջանում ընկալումներ փոխել», – ասում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը։
Նյութերի հեղինակներն անձամբ ներկայացրեցին հատուկ համարում տեղ գտած ակտուալ թեմաներից մի քանիսը՝ ՀՀ-ում նորագոյացությունների պատճառով մահերի մտահոգիչ վիճակագրությունը, հղիների շրջանում առկա հիվանդությունների ու բարդությունների աճը, Քովիդ-19-ի ազդեցությունը տուբերկուլոզի բուժման վրա, մարզային բժշկական կենտրոններում մասնագետների թվի պակասը՝ մատնանշելով այն խնդիրները, որոնք բացահայտել են թեման ուսումնասիրելու ընթացքում։
Ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում ստեղծված անիմացիոն հոլովակներ, այդ թվում՝ ՀՀ սոցիալ – տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, որոնք անմիջականորեն ազդում են քաղաքացիների առողջական վիճակի վրա։ Ներկայացված նյութերի վերաբերյալ մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով և առաջարկեցին անդրադառնալ ոլորտում առկա այլ խնդիրների ևս։
«Ցավոք, այսօր ապրում ենք «սքրոլ» անելու դարաշրջանում, մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում ու ամենաշատ տարածվող տեղեկությունները մի քանի վայրկյանանոց տեղեկություններն են։ », – ասում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Վիոլետա Զոփունյանը և շարունակում, – ««Ամփոփ Մեդիան» ունի հրաշալի կերպով մշակված նյութեր, որոնք վերաբերում են մարդու առողջությանը և կյանքին։ Դրանք հարկավոր է բյուրեղացնել և տարածել «Ինստագրամում» կամ այլ սոցցանցերում, որպեսզի հասարակության լայն շրջանակների ուշադրությանը արժանանան։ Քաղաքացիները չեն կարևորում սեփական առողջությանը հետևելը, ադեկվատ չեն համարում վեց ամիսը մեկ զննումներ անցնելը, որ հետո լրացուցիչ գումարներ չծախսեն բժշկական ծառայության վրա կամ կյանքը վտանգի չենթարկեն։ Այսպիսի արշավները կարող է գրավեն նրանց ուշադրությունը, փոխեն վերաբերմունքը»։
«Շատ լավ կլինի, եթե քաղցկեղի կանխարգելման մասով իրազեկման արշավ սկսեք, քանի որ «Ամփոփ Մեդիան» ունի տեխնիկական փորձառություն և շատ հետաքրքիր հմտություններ, մենք էլ պատրաստ ենք աջակցել ձեզ մեր ունեցած գիտելիքով և փորձառությամբ», – իր խոսքում առաջարկով հանդես եկավ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը։
Ծրագրի ղեկավար, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին դրական խոսքերի և նոր առաջարկների համար, հույս հայտնեց, որ առողջապահական ոլորտին վերաբերող այս հրապարակումը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նպաստելու Հայաստանում ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես առողջ հասարակության ձևավորմանը։