Արցախն՝ ինչպես տեսա. Լրագրողի նոթեր
Նախքան Արցախ մեկնելը տագնապ կար, որ կուտակվել էր վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Տեսնես իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ժողովուրդը տագնապած է, ի՞նչ է մտածում պատերազմի մասին… Եվ այս բոլոր հարցերը ես ըստ էության տանում էի Արցախ՝ պատասխանները Երեւան բերելու ակնկալիքով:
Սակայն պարզվեց, որ Արցախում ոչ միայն տագնապներ չկան, այլեւ՝ ցանկացած տիպի տագնապ այնտեղ բուժվում է: Արցախը գոտեպնդում է, զինվորի, ռազմիկի կամք տալիս:
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքի կողմից Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին ժգուտներ եւ զոհված զինծառայողների մի քանի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն հատկացնելու նախաձեռնությունը առիթ էր՝ մայիսի սկզբին առաջին անգամ լինել Արցախում:
Այն, որ ազատամարտիկներն ու երիտասարդ տղաները վերքերը դեռ չապաքինված, ընտանիքի սոցիալական խնդիրները չլուծած՝ շտապում են ետ, սահման, դա ամենեւին էլ ադրենալինի պակասը լրացնելու համար չէ, ինչպես թվում է շատերին: Ասածս, թե Արցախը յուրահատուկ է, ապացուցելու համար նշեմ, որ երբեւէ չեմ տեսել, որ Երասխում, Իջեւանում, Նոյեմբերյանում կամ այլ տեղ ռազմական ուղի անցած որեւէ մեկը խոսի այնտեղ վերադառնալու, կարոտի մասին: Իսկ ահա Արցախին չսիրահարվել հնարավոր չէ: