Skip to content

Հանգանակություն. «Հայկական ժամանակին» անհրաժեշտ է 6 միլիոն դրամ դատարանի որոշումը կատարելու համար

Օրերս Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ հայցն ընդդեմ վերաքննիչ դատարանի որոշման, որով օրաթերթի հրատարակիչը Ազգային ժողովի երեք պատգամավորներին պետք է վճարի ավելի քան 6 միլիոն դրամ:

Նման որոշում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել էր այս տարվա փետրվարին` համարելով, որ թերթի 2010թ-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Վճռաբեկ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով օրաթերթի խմբագրությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զուգահեռաբար, խմբագրակազմը իր համակիրների օգնությամբ փորձում է կուտակել վճարման ենթակա անհրաժեշտ գումարը:

«Վիվասելի» եւ «Բիլայնի» բաժանորդները կարող են 1000 դրամ փոխանցել «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվին, եթե հեռախոսի միջոցով «hzh» բառը ուղարկեն 4735 կարճ համարին: Նվիրատվություն արտերկրից հնարավոր է կատարել հետևյալ հաշվեհամարներին գումար ուղարկելով` «Հայէկոնոմբանկ», ԱՄՆ դոլար – 163008154896, եվրո-163008012698:

Read More »Հանգանակություն. «Հայկական ժամանակին» անհրաժեշտ է 6 միլիոն դրամ դատարանի որոշումը կատարելու համար

Դեպի տուն. Փաշինյանը ազատ արձակվեց

Մայիսի 27-ի վաղ առավոտից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, գործընկերներն ու համախոհները հավաքվել էին Արթիկ ՔԿՀ-ի մուտքի առջև և սպասում էին Նիկոլի ազատ արձակմանը: Անազատության մեջ Փաշինյանը անցկացրեց շուրջ երկու տարի: Նրա նկատմամբ կիրառվեց համաներում, որը շնորհվեց Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Համաներման արդյունքում ընդհանուր մոտ 400 կալանավոր ազատ կարձակվի մինչև սույն թվականի սեպտեմբրի 21-ը:

Աղբյուր` JNews.am

Read More »Դեպի տուն. Փաշինյանը ազատ արձակվեց

Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատւթյան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին ևս համաներում կշնորհվի: Այդ մասին ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Շանթ» հեռուստաալիքի «Հեռանկար» ծրագրի ընթացքում: Մեկնաբանելով չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին, Ազգային ժողովում քննարկված համաներման մասին որոշման նախագիծը` Թովմասյանն անդրադարձել է նաև Փաշինյանին:

Համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովին էր դիմել մայիսի 20-ին: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

«Պատժից ամբողջությամբ կազատվի 400 մարդ, և այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք ևս կկազմեն մոտ 400», – ասում է Արդարադատության նախարարը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է գրեթե երկու տարի` 2009 թ-ի հուլիսից: Ավելի վաղ` 2009 թ-ի հունիսի 19-ին, Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չէր կիրառվել:

2008 թ-ի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր և ավելի քան մեկ տարի անց՝ 2009 թ-ի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին: Նրա նկատմամբ անմիջապես խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Read More »Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի

Ըստ epress.am-ի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի:

Համաձայն «Հրանտ Դինք» հիմնադրամի` մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:

2009 թվականին Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է իսրայելցի լրագրող, հրապարակախոս, Ամիրա Հասը, իսկ 2010 թվականին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:

Նիկոլ Փաշինյանին որպես Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է առաջադրել «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը:

 

Read More »Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի

Լուր Արթիկից. Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ

Փետրվարի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը, չբավարարելով Փաշինյանի բողոքը, անփոփոխ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Լրագրողի փաստաբանները պնդում են, որ Փաշինյանի պատժաչափը դիտավորյալ սխալ է հաշվարկվել, որի հետևանքով իրենց պաշտպանյալը անազատության մեջ է մնալու մինչև 2013 թվականի մայիսը, այսինքն` շուրջ հինգ ամիս ավելի:

«Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու լրագրողական գործունեությանը և պատրաստվում են նրան ազատ արձակել այն ժամանակ, երբ արդեն ավարտված կլինեն հաջորդ նախագահական ընտրությունները»,- մեկնաբանեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վճիռը դեռ չկայացրած` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ի վնաս իրեն է լինելու, քանի որ Հայաստանում չկան անկախ դատարաններ. դատավորները «կամակատարներ են», օրենքը չի գործում, և որ իշխանություններն այնպես «լեղաճաք են», որ իր հետ դեմ առ դեմ խոսելու փոխարեն, խոսում են «կրիմինալ թափթփուկի, օլիգարխ թափթփուկի և դատարանների միջոցով»:

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը նաև հայտարարեց, որ դատի է տալու քրեակատարողական հիմնարկների վարչությանը իր մասին «լկտի» ստեր տարածելու համար: ՔԿՀ-ն մամլո հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանը ստում է, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը չի ընդունում իր նամակները: Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնեց, որ իրենք բողոքարկելու են մինչև եվրոպական դատարան:

Read More »Լուր Արթիկից. Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ

Փաշինյանի պատժաչափը դատական նիստին չքննարկվեց

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, կապված վերաքննիչ դատարանի պատժաչափի հաշվարկման հետ, հերթական անգամ տապալվեց:

Փետրվարի14-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացվող դատական նիստի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ստեղծած խոչընդոտների պատճառով նիստն այդպես էլ նախատեսված ընթացք չստացավ: Փոխարենը` քննարկման առարկա դարձավ նիստի համար Փաշինյանի նախապատրաստած փաստաթղթերի դուրսբերումը խուցից:

Խնդիրն այն էր, որ նիստի ընթացքում Փաշինյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` թույլ տալ իր բանտախցից բերել այն փաստաթղթերը, որոնք ինքը նախապատրաստել էր այդ դատավարության համար, և որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համառորեն արգելում է դուրս հանել:

Դատարանը բավարարեց Փաշինյանի միջնորդությունը, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Փաշինյանին ուղեկցեց խուց, բայց դարձյալ չթույլատրեց բանտախցից դուրս հանել փաստաթղթերը:

Դատավորի սահմանած կես ժամի փոխարեն դատավարության ներկաները երկուսուկես ժամ սպասում էին Փաշինյանի բանտախցից վերադառնալուն, ով, ձեռնունայն վերադառնալով, հայտարարեց. «Հարգելի դատարան, ես ուղղակի ուզում եմ ձեզ տեղյակ պահել, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել. մենք գնացել ենք իմ խուց, և փորձել եմ թղթերը վերցնել, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը փաստացի ասել է, որ թույլ կտա խցից դուրս բերել այնպիսի թղթեր, երբ համոզվի, որ դրանք առնչվում են տվյալ դատական գործին»:

Read More »Փաշինյանի պատժաչափը դատական նիստին չքննարկվեց