Skip to content

Սեղմել «Երկրի» զարկերակը. պատգամավորները պատժում են իրենց ընդունած օրենքներով

«Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական գործը կշարունակվի ապրիլի 21-ին: Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ապրիլի 11-ին նշանակված դատական նիստի ժամանակ` պատասխանող կողմի բացակայության պատճառով:

Պատասխանող կողմը դատարան եկավ 7 րոպե ուշացումով, բայց դատավորի որոշումը մնաց անփոփոխ:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» օրաթերթին` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: «Երկիր»-ի «131 դեմք ու դիմակ» խորագիրը ներկայացնում է ԱԺ 131 պատգամավորներին. այս տարվա հունվարի 13-ի համարի հերթական հոդվածը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին էր:

Պատգամավորի կարծիքով` օրաթերթը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին` անվանելով իրեն «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», նաև մեջբերել է նախկին վարչապետ, Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:

Read More »Սեղմել «Երկրի» զարկերակը. պատգամավորները պատժում են իրենց ընդունած օրենքներով

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» թերթին։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, խմբագրությունն այսօր ստացել է դատական ծանուցագիր։ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցը բաղկացած է երեք կետից։

Հայցով Քոչարյանը պահանջում է հերքել թերթի՝ այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որպես փոխհատուցում՝ իրեն վճարել 6 մլն դրամ և արգելանք դնել թերթի հաշիվների վրա։ Հայցը դատարան է ներկայացվել մարտի 28-ին, և հենց նույն օրն էլ դատարանը բավարարել է արգելանքի մասին պահանջը։ «Հրապարակ» օրաթերթը մարտի 28-ից չի կարողանում տնօրինել բանկում գտնվող սեփական հաշիվները։

Արմինե Օհանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում է հայցը դատարան ներկայացրել, այլ ուշացրել է։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, և դատարանը որոշել է թերթի հաշիվների վրա արգելանք դնել։

Արմինե Օհանյանը նշեց, որ առաջիկայում թերթը կշարունակի լույս տեսնել։ Սակայն, ըստ նրա, մինչև այս գործով նախնական դատական նիստը, որը նշանակված է մայիսի 10-ին, պետք է աշխատանքներ տարվեն թերթի հաշիվների վրայից արգելանքը հանելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց հնարավոր չի լինի թերթը լույս ընծայել։

Read More »Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել

Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր»-ին

Ազգային ժողովի պատգամավոր, գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին: Պատգամավորը թերթից 3 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Արզաքանցյանը գտնում է, որ թերթը այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր նկատմամբ` անվանելով իրեն «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», ինչպես նաեւ մեջբերել է նախկին վարչապետ, Երեւանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:

Տիգրան Արզաքանցյանը «զրպարտություն» է որակել «Երկիր»-ի հոդվածում արված պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» եւ «անցնող նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովի միջանցքներում»:
Read More »Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր»-ին

Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն

«Հետք» թերթի խմբագրությունը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մեղադրում է լրագրողի աշխատանքն ակնհայտ խոչընդոտելու մեջ։ Խմբագրությունն այսօր այդ մասին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Գրիշա Բալասանյանը գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկել պատգամավորին։

Գլխավոր դատախազին ուղղված նամակում նշվել է, որ փետրվարի 2-ին «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել, պահանջել իր լրատվական ծառայություն զանգել և կոպտորեն անջատել հեռախոսը։

Ռուբեն Հայրապետյանը նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և խոշոր գործարար, սակայն «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը պնդում է, որ նրա հարցը ոչ թե ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանին էր ուղղված, այլ ԱԺ պատգամավոր Հայրապետյանին։ Ուստի «շատ լավ տեղյակ լինելով, որ պատգամավորները մամլո ծառայություն չունեն, անձամբ Հայրապետյանին էր զանգահարել»։

Read More »Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն