Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով
«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:
Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բուհերի լրագրության ֆակուլտետներում: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում սովորողները մեծամասամբ աղջիկներ են: Այս բաժինը ամեն տարի ունենում է շուրջ 50 շրջանավարտ որոնցից միայն մեկն է տղա:
Կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ իր տեղեկությամբ մյուս բուհերում ևս լրագրության բաժիններում աղջիկների թիվը գերազանցում է տղա ուսանողների թվին:
«Իմ կարծիքով տղաները չեն ընտրում լրագրությունը` մտածելով, որ այն քիչ վարձատրվող մասնագիտություն է», – ասում է Հովհաննիսյանը և ավելացնում, – «հայկական ընտանիքներում հիմնական գումար վաստակողը համարվում է տղամարդը, իսկ կնոջ աշխատավարձը ավելի շատ համարվում է հավելյալ եկամտի աղբյուր»:
Հովհաննիսյանն ասում է, որ պարադոկսը կայանում է նրանում, որ լրագրությունը համարվում է վտանգավոր մասնագիտություն, բայց վարձատրությունը քիչ է, և կանայք են հիմնականում աշխատում: