Skip to content

Creative Commons. համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանելու անվճար և այլընտրանքային մեթոդ

Արդյոք պե՞տք է, որ տեղեկատվությունն ազատ լինի, թե՞ հեղինակը պետք է աչալրջորեն վերահսկի իր ստեղծագործության օգտագործումը: Այս խնդիրը սրվեց հատկապես համացանցի զարգացման հետ, որտեղ տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ, ընդ որում, ճանապարհին կորցնելով ստեղծագործության իրական հեղնակին:

2001 թվականին ստեղծվեց «Creative Commons» կազմակերպությունը, որը գործող օրենքի շրջանակներում կոչված էր բարեփոխելու հեղինակային իրավունքները` ստեղծագործությունների օրինական օգտագործումն ընդլայնելու համար:

Կազմակերպությունը մշակեց լիցենզիա, որի շնորհիվ հեղինակներն անձամբ կարող են ընտրել, թե իրենց իրավունքների որ մասով են պատրաստ կիսվել:

«Creative Commons» կամ «CC» լիցենզիան հեղինակներին հնարավորություն տվեց թույլատրելու օգտագործել իրենց ստեղծագործությունները` նշելով հեղինակին (թույլատրել կամ արգելել օգտագործումը կոմերցիոն նպատակներով, թույլատրել կամ արգելել փոփոխել տեսանյութի բնօրինակը և այլն):

Այսպիսով, «© All rights reserved» (Բոլոր իրավունքները պաշտպանված են) լիցենզիայի համար հայտնվել է այլընտրանքային` «CC Some rights reserved» (Որոշ իրավունքներ պաշտպանված են) լիցենզիան: 2002-2009թթ-ին ամբողջ աշխարհում տրամադրվել է 350 միլիոն «CC» լիցենզիա:

Read More »Creative Commons. համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանելու անվճար և այլընտրանքային մեթոդ

Անկեղծ կեղծում. հեղինակի իրավունքը խախտում են, բայց «դա էլ մեր գործն է»

Հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով որևէ ձայնասկավառակի, խտասկավառակի գովազդի ժամանակ պարտադիր տրվում է հետևյալ հավելումը` «գնեք միայն արտոնագրված, հոլոգրաֆիկ նշանով սկավառակները»:

Սա խոսում է այն մասին, որ շուկան լիքն է ոչ արտոնագրված, կամ ինչպես ընդունված է ասել «պիրատական» արտադրանքով, որտեղ հեղինակային իրավունք ասվածն ընդհանրապես չի հիշատակվում:

Այսօր յուրաքանչյուր խանութում, գետնանցումում կարելի է գտնել կամայական սկավառակ`ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության: Իհարկե, խոսքը դրանց ոչ արտոնագրված տարբերակի մասին է, ընդ որում, օրիգինալից մի քանի անգամ մատչելի գնով` 700-1000 դրամով: Դրանց հեղինակները` «պիրատները», իրենց արարքը արդարացնում են նրանով, որ արտադրանքի ոչ օրիգինալ տարբերակն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացու գրպանին, իսկ սկավառակի հեղինակի իրավունքներն իրենց քիչ են հուզում:

2011 թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը, որի լիարժեք կիրառման դեպքում «պիրատական» սարդոստայնը հօդս կցնդի և խանութներում կվաճառվեն միայն արտոնագրված, հոլոգրաֆիկ նշանով սկավառակներ, իսկ հեղինակների իրավունքները պաշտպանված կլինեն:

Read More »Անկեղծ կեղծում. հեղինակի իրավունքը խախտում են, բայց «դա էլ մեր գործն է»

Օրինախախտության շղթա. ինպե՞ս կասեցնել հեղինակային իրավունքի խախտումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է: Արդեն երեք տարի է` Հայաստանի մշակույթի նախարարությունը ևս միացել է օրվա խորհրդին և պարբերաբար նախաձեռնում է այդ օրվան նվիրված միջոցառումների շարք, որոնք միտված են գրքի տարածմանը և հեղինակային իրավունքների իրազեկման բարձրացմանը: Այս տարի միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 21-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 26-ը:

Թե ինչ ազդեցություն են ունեցել նման միջոցառումները  հանրության շրջանում առայժմ ուսումնասիրված չէ, բայց համաձայն մասնագետների գնահատականի այսօր Հայաստանում հեղինակային իրավունքի ոտնահարման ցուցանիշը 90 տոկոսից ավելի է:

Ընդ որում`խախտումներն առկա են գրեթե բոլոր ասպարեզներում. չկա մի ոլորտ, որի մասին խոսելիս կարելի է բացառել «պիրատության» դեպքերը: Թերևս, այդ առումով «ամենամաքուրը» թատրոններն են, որտեղ եթե որևէ ժամանակակից գործ է բեմադրվում, վարձատրվում են ստեղծագործական խմբի բոլոր անդամները` սցենարի հեղինակը, ռեժիսորը, կոմպոզիտորը, օպերատորը, պրոդյուսերը (եթե հեղինակի մահից անցել է 70 տարի, հեղինակային իրավունքի մասին օրենքն իր ուժը կորցնում է):

Read More »Օրինախախտության շղթա. ինպե՞ս կասեցնել հեղինակային իրավունքի խախտումները

Վաճառվել են թուրքական Milliyet և Vatan թերթերը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, թուրքական Doğan մեդիա հոլդինգը վաճառել է Milliyet և Vatan թերթերը` դրանց ինտերնետային կայքերի հետ միասին: Թերթերի վաճառքից ընդհանուր առմամբ ստացվել է 73 միլիոն 960 հազար դոլար:

Ընդ որում, Milliyet-ը վաճառվել է Bağımsız Gazeteciler Yayıncılık (Անկախ լրագրողների հրատարակչություն) կազմակերպությանը, իսկ Vatan-ը` DK Gazetecilik ve Yayıncılık (ԴԿ լրագրություն և հրատարակչություն) կազմակերպությանը:

Milliyet-ի վաճառքից ստացվել է 47.960.000 դոլար, իսկ Vatan-ի վաճառքից` 26 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Milliyet օրաթերթը հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 3-ին: Ներկայիս դրությամբ, իր տպաքանակով (ավելի քան 172.000) Milliyet-ը թուրքական թերթերի շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է Vatan օրաթերթին, ապա այն ստեղծվել է 2002 թվականի սեպտեմբերի 2-ին և իր տպաքանակով (ավելի քան 109.000) զբաղեցնում է 14-րդ տեղը: 

Աղբյուր: 1in.am


Read More »Վաճառվել են թուրքական Milliyet և Vatan թերթերը

Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար

Ադրբեջանը արտաքսել է երեք շվեդ լրագրողների, որոնք ձերբակալվել էին ընդդիմության ցույց կազմակերպելու վերջին փորձի ժամանակ: Նրանց ձերբակալումը դատապարտվել էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Լրագրողները ժամանել էին Բաքու մարդու իրավունքների վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարելու նպատակով:

Նրանք ձերբակալվել էին ապրիլի 17-ին, երբ ոստիկանությունը ցրում էր ընդդիմության ցույցը քաղաքի կենտրոնական այգիներից մեկում:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օրխան Մանսուրզադեն ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ լրագրողները հավատարմագրված չեն եղել Արտաքին գործերի նախարարության կողմից և ապրիլի 18-ին օրենքի համաձայն արտաքսվել են երկրից:

Սակայն լրագրողներից մեկը հայտնել է, որ նա և իր գործընկերները չեն թաքցրել իրենց մասնագիտությունը, երբ դիմել են վիզաների համար: Նա ավելացրել է, որ պաշտոնյաներն Ադրբեջանի դեսպանատանը նրանց հավաստիացրել են, որ իրենց փաստաթղթերը կուղարկվեն Արտգործ նախարարություն:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը չխոչընդոտել միջազգային մամուլի աշխատանքներին:

Աղբյուր: RFE/RL


Read More »Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար

Հասանելի տիեզերք. աստղաֆիզիկոսները կողմնակից են գործելու հրապարակավ

Հայ աստղաֆիզիկոսները սկսել են զբաղվել նոր ոլորտով՝ գիտության PR-ով: Միջոցառումների կազմակերպիչն է Հայկական աստղագիտական ընկերությունը ի դեմս կազմակերպության նախագահ Արեգ Միքայելյանի:

«Հայաստանի գիտական լրագրողներ» նորաստեղծ խմբին Facebook սոցիալական ցանցում, որտեղ արդեն տեղի են ունենում քննարկումներ և տեղեկատվության փոխանակում, արդեն միացել են 86 լրագրողներ և գիտաշխատողներ:

Ըստ Արեգ Միքայելյանի՝ ֆեյսբուքյան խմբի ստեղծումից հետո գիտական թեմաներով հրապարակումների և հաղորդումների թիվը ակնհայտորեն մեծացել է: Իսկ ապրիլի 16-ին խմբի մոտ 30 մասնակիցների համար Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց սեմինար Հայաստանում գիտական լրագրության խնդիրների վերաբերյալ, որտեղ լրագրողներին ներկայացվեց աստղադիտարանի պատմությունը, ժամանակակից աստղագիտության նվաճումները, այս ոլորտում միջազգային համագործակցությունը, աստղադիտարանի ծրագրերը և նրա խնդիրները: Հանդես եկան Արեգ Միքայելյանը և աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Աշխարհը փոխվել է, և եթե խորհրդային ժամանակաշրջանում գիտնականները հետազոտություններ էին անում վերևից եկած հստակ հրամաններով և չէին զբաղվում իրենց աշխատանքների հրապարակմամբ, ապա այսօր շատ բան կախված է գիտաշխատողի նյութի ներկայացումից:

Read More »Հասանելի տիեզերք. աստղաֆիզիկոսները կողմնակից են գործելու հրապարակավ

«50 ֆաթուլաևներ» Լոնդոնում պահանջում են ազատ արձակել լրագրողին

Բանտում գտնվող լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին նվիրված բողոքի ցույցի մասնակիցները լրագրողի դեմքը պատկերող դիմակներով այսօր՝ ապրիլի 20-ին, հավաքվելու են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջև: Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների պաշտպանության հինգ կազմակերպությունները նման կերպ կնշեն ադրբեջանցի լրագրողի ձերբակալման չորրորդ տարելիցը: 

«Հիսուն ֆաթուլաևներ» դեսպանին կհանձնեն Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված նամակ, որում պահանջում են անմիջապես և առանց վերապահումների ազատել Ֆաթուլաևին և փոխհատուցել տույժը: Վերջին մեղադրանքը, որի համար նա գտնվում է բանտում, կապված է թմրադեղեր պահելու հետ, որը սակայն ենթադրաբար կեղծված է Ֆաթուլաևին բանտում պահելու համար՝ հակառակ 2010 թվականի ապրիլին Եվրոպական դատարանի կայացրած որոշման:

Աղբյուր: Article19.org


Read More »«50 ֆաթուլաևներ» Լոնդոնում պահանջում են ազատ արձակել լրագրողին

Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը

Ինտերնետային գրաքննությունը հեշտացնելու նպատակով Իրանը մտադիր է ստեղծել սեփական «մուսուլմանական» ինտերնետը: «Սա կօգնի պայքարել արևմտյան ազդեցության դեմ, ինչպես նաև կխթանի պարսկերենի տարածումը՝ որպես միջազգային լեզու»,- հայտարարել է Իրանի առևտրի նախարարության ներկայացուցիչը:

Wired UK-ը գրում է, սակայն, որ այս երկրում նման բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ օգտագործողները նախընտրել են ազատ ինտերնետը: 

Աղբյուր: PCNews.am


Read More »Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը

Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին

Հայաստանում գնալով աճում է ժամանցային ամսագրերի թիվը, այն դեպքում, երբ օրաթերթերի խմբագիրները բողոքում են թերթերի ընթերցանության ցածր մակարդակից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է 52 անուն ժամանցային թերթ ու ամսագիր: Եվ այս թիվը կազմում է պետռեգիստրում գրանցված ընդհանուր` 1159 անուն տպագիր լրատվամիջոցների ընդամենը 4%-ը: Սրանցից 759-ը թերթեր են, իսկ 364-ը ամսագրեր:

«Պսպղուն» ամսագրերի շուկան Հայաստանում սկսեց զարգանալ 2004 թվականից: Հենց այդ ժամանակ լույս տեսան այնպիսի ամսագրեր, ինչիպիսիք են «Աֆիշա»-ն, «Elite Life»-ը, «Երևան»-ը: Հետագայում դրանց թիվը կտրուկ կաճի և հիմնականում կքարոզեն շքեղ ապրելակերպ` թանկարժեք մեքենաներ, եվրոպական բրենդերի հագուստ և կարևորը, որ ամեն ինչ էքսկլյուզիվ` հատուկ ամսագրի ընթերցողի համար:

Մինչդեռ փոքր շուկայի հետևանքով, որը գործնականում սահմանափակվում է համահայկական մայրաքաղաքով, նմանատիպ ամսագրերից շատ քչերին է հաջողվում կայուն դիրք գրավել: «Design Delux» ամսագրի գլխավոր խմբագիր Հասմիկ Շամցյանի խոսքերով՝ ամսագրի բովանդակությունը չի սահմանափակվում անվանման թելադրած թեմայով: «Մենք փորձում ենք ընթերցողների մեծ լսարան հավաքել ինչպես դիզայնի մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների շրջանում: Այդ պատճառով էլ գրում ենք ոչ միայն ճարտարապետության և դիզայնի մասին, այլ նաև մշակութային իրադարձությունների մասին առհասարակ», – ասում է Շամցյանը:

Read More »Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին

Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

 Երևանաբնակ Ստյոպայի և գյումրեցի Լուսինեի ծանոթության պատճառը համակարգիչն էր, իսկ ավելի ճիշտ` համացանցը, որտեղ բռնկվեց այս զույգի ջերմ օնլայն զրույցը: Այսօր նման ծանոթությունը գուցե այլևս զարմանալի չթվա Երևանում, բայց Գյումրիում աղջկա և տղայի միջև համակարգչային շփումները, մեղմ ասած, լուրջ չեն ընկալվում: Այնուամենայնիվ, զգացմունքներով լի 23-ամյա Ստյոպան պատրաստ էր ապացուցել, որ ավելի, քան երբևէ լուրջ էր տրամադրված այդ շփումները խորացնելուն:

«2010 թվականի նոյեմբերն էր: Լավ հիշում եմ` պարապ էի, գրեցի ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Հետո հասկացա, որ լուրջ աղջիկ է, խոսքերը ձևական չեն,» – խոստովանում  է 23-ամյա Ստյոպան:

«Ես այդ ժամանակ խնդիրներ ունեի, սկսեցի Լուսինեի հետ կիսվել դարդ ու ցավերով: Այնքան հեշտ է խոսել անծանոթի հետ և այնպիսի անծանոթի, ով կարող է ժամերով լսել քեզ, փորձել խնդիրներիդ հարթեցման ուղիներ գտնել, անկախ հեռավորությունից` հոգեպես աջակցել քեզ ու զգացնել տալ իր ներկայությունը, իր այնքան ցանկալի ներկայությունը»:

Մի քանի ամիս ինտերնետով շփվելուց հետո երիտասարդները փոխանակվել են հեռախոսահամարներով: Ստյոպան ամեն անգամ Լուսինեի մասին խոսելիս անընդհատ պետք է շեշտի, որ իր սերը մնաց անպատասխան:

«Կյանքիս մեջ առաջին անգամ նրա համար եմ Գյումրի գնացել: Ամբողջ ճանապարհին մտածում էի` կարող է ստի, չգա, բայց եկավ: Երբ առաջին անգամ տեսա, հասկացա, որ նա է` միակս, կյանքիս իմաստը», – ասում է Ստյոպան:

Read More »Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ