Բարի ծառայություն, զինվո՜րս
Կյանքի յուրաքանչյուր փուլ բերում է փորձություններ, որոնք մենք պետք է հաղթահարենք: Դրանցից շատերը հաճախ լինում են մեր կամքից անկախ. այդպիսի դեպքերում անհրաժեշտ է պարզապես հանձնվել կյանքի հոսքին ու առաջ գնալ: Կան այնպիսիք էլ, որոնք տեղի են ունենում շատերի կյանքում. տղաների համար դա բանակն է: Մի թուղթ, ու ամեն ինչ փոխվում է:
Ամառային սովորական օր էր, շոգ, մի քիչ ալարկոտ օր, գործ չանելու և ֆիլմեր դիտելու ցանկությամբ, ինչպես հաճախ լինում է շատերի մոտ: Մեկ էլ դռան զանգ ու նախասրահից ականջիս է հասնում՝ «Դո՞ւք եք Մացոյան Աղվանի մայրը» ու մորս դողացող ձայնը՝ «այո»: Մի պահ քարացա հյուրասենյակում. հասկացա՝ ժամանակը եկել էր՝ եղբորս բանակ են տանում: «Խնդրում եմ, ստորագրեք այս թուղթը՝ մեկ օրից Ձեր տղային բանակ են տանում»: Մայրս չէր ցանկանում ստորագրել, սակայն կան դեպքեր, երբ դու չես կարող փոխել իրադրությունը, որքան էլ մեծ լինի ցանկությունդ:
Եղբայրս քաղաքում չէր, ուրախ էինք, որ վայելում է իր հանգիստն ու լիակատար ազատությունը, սակայն անհրաժեշտ էր տեղեկացնել, որ բանակ գնալուն մնացել է ընդամենը 24 ժամ:

