Հրանտ Դինքի ընտանիքն աջակցել է ձերբակալված թուրք լրագրողներին
2007 թվականին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել ձերբակալված թուրք լրագրողներ Նեդիմ Շեների և Ահմեդ Շիկի պաշտպանությամբ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, լրագրողները ձերբակալվել են Էրդողանի կառավարության տապալման ուղղությամբ գործունեություն ծավալելու մեջ մեղադրվող «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը հանցակից լինելու մեղադրանքով: Դինքի այրի Ռաքել Դինքն ու եղբայր Խոսրով Օրհան Դինքն այցելել են Նեդիմ Շեների կնոջը:
Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Posta թերթում Նեդիմ Շեները գրում էր, որ իր հասցեին մշտապես սպառնալիքներ են հնչում Հրանտ Դինքի սպանությունը հետաքննելու համար: «Ինձ ասում են, որ այժմ իմ հերթն է… Սարսափելի է: Փաստորեն բանտը դարձել է ճշմարտությունն ասող և ձայն բարձրացնողների վա՞յր»,- գրել է Շեները:
«Դինքի սպանությունն ու հետախուզության սուտը» խորագրով գրքի հեղինակ` թուրք լրագրողը, մի շարք աղմկալի բացահայտումներ է կատարել, որոնք մատնանշում են անվտանգության ուժերի անգործությունը «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության կանխման հարցում:
Read More »Հրանտ Դինքի ընտանիքն աջակցել է ձերբակալված թուրք լրագրողներին