Պահանջում են ավելի շատ պրակտիկա.
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետներում ժուռնալիստական կրթության ճիշտ կազմակերպումն այսօր խիստ արդիական և ուշադրության արժանի խնդիր է: Փոփոխություններ են անհրաժեշտ թե բուն կրթական գործընթացի կազմակերպման, թե պրակտիկ աշխատանքների ավելի ինտենսիվ անցկացման գործում: Այս հարցում համամիտ ենԼրագրության ֆակուլտետների ուսանողները և հանրապետության փորձառու լրագրողները:
«Նախ կարևոր է, որ ուսումնական աշխատանքում գործնականին հատկացվող ժամաքանակը գերակշռի կամ գոնե հավասարվի տեսական գիտելիքին հատկացվող ժամաքանակին: Բուհերում դասագրքերի խիստ պակաս է նկատվում, եղածներն էլ չեն համընկնում մեր իրականությանը», – ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ տնօրեն Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանն ունի երիտասարդ լրագրողների կրթության կազմակերպման իր պատկերացրած մոդելը: Ըստ նրա ժուռնալիստիկայի և առհասարակ կրթական մոդելը պիտի շղթայի նման լինի, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսներից:
«Ես դեմ եմ այն տարածված կարծիքին, որ մեզ մոտ լավ ժուռնալիստիկա չկա, որովհետև մարդիկ չեն հասկանում ժուռնալիստի մասնագիտության կարևորությունը: Ամեն ինչ ժուռնալիստի պրոֆեսիոնալությունից է կախված, նույնիսկ այն, թե ինչպես նրան կընդունի հասարակությունը», – ասում է Մելիքյանը:
«Լավ լրագրողի մասին երբեք չեն ասի, թե նա պատվերով է գրում կամ խեղաթյուրում է փաստերը», – ասում է փորձագետը: