Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահագն Մելիքյան նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով ս.թ. հուլիսի 11-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների՝ դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու և այն լուսաբանելու իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները: Սա բացառիկ դեպք է, երբ դռնբաց դատական նիստի դահլիճից լրագրողները հեռացվում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման:
Դռնբաց դատական նիստին լրագրողների մասնակցությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ: Քրեական դատավարության լուսաբանման խնդրին անդրադարձել է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն իր R (2003) 13 հանձնարարականով, որը սահմանում է, որ հասարակությունը պետք է կարողանա ստանալ տեղեկություններ դատական իշխանության գործունեության վերաբերյալ, ուստի լրագրողները պետք է կարողանանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը:
Արձանագրում ենք, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը:
Read More »Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում

