Skip to content

Վրացական թերթերը թողարկվում են դատարկ՝ որպես բողոք լուսանկարիչների ձերբակալման դեմ

Վրացական որոշ առաջատար թերթեր և կայքեր իրենց առաջին էջը տպագրել են առանց որևէ լուսանկարի՝ որպես բողոք լուսանկարիչների ձերբակալման դեմ, որոնց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Associated Press-ի թղթակից Գիորգի Աբդալաձեն, Եվրոպական ֆոտոլրատվական գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի անձնական լուսանկարիչը ձերբակալվել էին հուլիսի 7-ի վաղ առավոտյան:

Բոլորն էլ մեղադրվում են լրտեսության մեջ և, ըստ հաղորդագրությունների, ընդունում են, որ լուսանկարել են գաղտնի փաստաթղթեր և վաճառել դրանք ռուսական ռազմական հետախուզությանը: Նրանց սպասվում է 12 տարվա ազատազրկում, իսկ դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 1-ից:

Աղբյուր: The Guardian

 

Read More »Վրացական թերթերը թողարկվում են դատարկ՝ որպես բողոք լուսանկարիչների ձերբակալման դեմ

Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

Հայտնի իրանցի դերասանուհի և բացահայտ ընդդիմադիր Պեգահ Ահանգարանին ձերբակալվել է Թեհրանում, երբ պատրաստվում էր ուղևորվել Գերմանիա՝ մասնակցելու ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության լուսաբանմանը:

27-ամյա դերասանուհին նախատեսում էր Գերմանիայում մասնակցել հեռուստահաղորդումների նկարահանմանը՝ նվիրված սպորտային մրցաշարին: Սակայն կիրակի օրն անվտանգության ներկայացուցիչները մտել են նրա տուն և տարել նրան անհայտ ուղղությամբ:

Ահանգարանին դեռ 2009 թվականից գտնվում էր իսլամական ռեժիմի ուշադրության կենտրոնում, երբ բացահայտ պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավիին նախագահական ընտրություններում: Սակայն մինչ այժմ նրան հաջողվում էր խուսափել բանտից` ճանաչված և սիրված լինելու շնորհիվ:

Նա արդեն երկրորդ կինն է, ով ձերբակալվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում` կապված կանանց աշխարհի առաջնության հետ: Հունիսի վերջին Թեհրանում ձերբակալվեց լուսանկարիչ և կանանց իրավունքների պաշտպան Մարյամ Մաջդը, ով պայքարում էր, որպեսզի կանանց թույլ տան այցելել մարզդաշտ՝ ֆուտբոլ դիտելու: Նա նույնպես ուղևորվում էր Գերմանիա, որտեղ պատրաստվում էր աշխատել կանանց և սպորտի մասին գրքի վրա:

Աղբյուր: The Guardian

Read More »Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

«Գրեթերթ»-ում հրատարակվել են 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ

Լրացավ «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի 5-րդ տարեդարձը: Այն տպագրվում է 2006 թվականից: «Գրեթերթի» հիմնադիրն է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը, ով նաև թերթի գլխավոր խմբագիրն է։ Գուրգեն Խանջյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

Հիմնադրելով պարբերականը Խանջյանը նպատակ դրեց համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերին` արձակագիրներին, բանաստեղծներին, թարգմանիչներին։

«Գրեթերթում» տպագրվում են բացառապես երիտասարդ ստեղծագործողների գործեր՝ բանաստեցծություններ, պատմվածքներ, արձակ, գրաքննադատական հոդվածներ, էսսեներ և այլ գրական աշխատություններ: Այն տպագրվում է 1000 օրինակով:

2006-2011թթ, «Գրեթերթի» 19 համարներում լույս են տեսել 128 հեղինակներ հետևյալ գործերով՝ 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրականագիտական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե և այլն:

Read More »«Գրեթերթ»-ում հրատարակվել են 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ

100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ

Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր կամքը:

Այսպես է բնութագրում ընտանեկան բռնությունը Հայաստանում գործող Կանանց իրավունքների կենտրոնը:

Հուլիսի 14-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց հերթական ակցիան`«Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով: Այս անգամ օդ բարձրացան 100 գունավոր փուչիկներ, որոնց միջոցով մասնակիցները և պարազպես անցորդները հնարավորություն ստացան «ոչ» ասել ընտանեկան բռնությանը` գրելով դա փուչիկի վրա:

Ըստ կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի` եթե կանայք ընտանիքի ներսում ենթարկվում են որևէ բռնության` տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական, կամ նույնիսկ սեռական, ապա կա կազմակերպություն, որը կարող է աջակցել իրենց:

«Ակցիայի նպատակն է կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում: Որպեսզի մարդիկ իրազեկվեն, որ ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում էլ կա ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ: Շատ հայ կանայք, ովքեր ենթարկվում են բռնության, պետք է պաշտպանված լինեն: Շատերն էլ իրազեկված չլինելով չեն կարողանում բռնությունը կանխարգելել ընտանիքում»,- ասում է Մարտիրոսյանը:

Այսպիսի ակցիաներ Կանանց կենտրոնը բազմիցս է կազմակերպել: Այս անգամ փուչիկներն ընտրվել են` ավելի շատ ուշադրություն գրավելու համար:

Read More »100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ

Ի՞նչ լուսանկար տեղադրել վեբ-կայքում

Լուսանկարը կարող է փոխարինել հազարավոր բառերի, եթե այն ճիշտ է ընտրված: Վեբ-կայքում նկար տեղադրելուց առաջ պետք է հստակ իմանալ, թե ինչ ենթատեքստում է օգտագործվում տվյալ պատկերը: Օրինակ՝ եթե հոդվածն այնքան էլ լուրջ չէ, Դուք սահմանափակ չեք լուսանկարների ընտրության մեջ:

Նաև կարևոր է իմանալ, թե որտեղ է տեղադրվելու լուսանկարը. գլխավոր էջո՞ւմ, թե՞ հոդվածի մեջ: Եթե նկարը լինելու է գլխավոր էջում, ապա այն չպետք է պարունակի որևէ ավելորդ տարր. յուրաքանչյուր պիքսել պետք է օգտագործվի 100%-ով: Ձեր խնդիրն է գտնել այնպիսի լուսանկար, որը տեսնելով՝ ընթերցողը անմիջապես կցանկանա կարդալ հոդվածը: Եթե նկարը տեղադրվում է հոդվածի մեջ, համոզվեք, որ այն համապատասխանում է հոդվածի բովանդակությանը:

Կարևոր է նաև ստուգել լուսանկարի իսկությունը, որպեսզի հետագայում իրավաբանական խնդիրներ չառաջանան: Կան մեդիա ընկերություններ, որոնք ունեն իրենց լուսանկարիչները կամ ստանում են լուսանկարներ այլ գործակալություններից, որոնց հետ պայմանագիր ունեն: Սակայն եթե լուսանկար եք ստանում ընթերցողներից, պարտադիր պետք է ստուգել այն: Ոմանք լուսնկարներ են ուղարկում՝ իրենց անձնական շահերից ելնելով: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ է արված լուսանկարը: Օրինակ՝ եթե Ձեզ լուսանկարներ են ուղարկել որևէ մեծ միջոցառումից, մտածեք` հնարավո՞ր էր արդյոք միայնակ անել այդքան լուսանկար, թե՞ դրանք վերցված են մեկ այլ կայքից: 

Նաև կարևոր է պահպանել հեղինակային իրավունքները և էթիկայի կանոնները: 

Read More »Ի՞նչ լուսանկար տեղադրել վեբ-կայքում

Իրանի իշխանություններն ուժեղացնում են համացանցի հսկումը

Իրանական կառավարությունը ևս մեկ քայլ է կատարել ինտերնետը վերահսկելու հարցում՝ ուժեղացնելով ֆիլտրման համակարգը, որն իսլամական ռեժիմին թույլ է տալիս արգելափակել հազարավոր կայքեր:

Այս քայլը կատարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ հայտարարեց խոսքի ազատության հետ խնդիրներ ունեցող երկրների համար ինտերնետի և բջջային հեռախոսների նոր ծառայություններ ստեղծելու իր պլանների մասին: Այս որոշումը բարկացրեց Թեհրանին և ստիպեց որոշ իրանցի պաշտոնյաների նման քայլեր ձեռնարկել:

Այսօր Իրանն արգելափակում է ավելի քան 5 միլիոն կայք, որոնց թվին են պատկանում BBC-ն, CNN-ը և Guardian-ը:

Կարճ ժամանակ առաջ կայքերի ֆիլտրացումը կանգնեցվել էր, և օգտատերերը հնարավորություն էին ստացել այցելել այնպիսի արգելված կայքեր, ինչպիսիք են Twitter-ն ու Facebook-ը: Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց, քանի որ այդ «ազատությունը» պայմանավորված էր ֆիլտրման նոր համակարգի ներդրմամբ:

Աղբյուր: The Guardian

Read More »Իրանի իշխանություններն ուժեղացնում են համացանցի հսկումը

Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Ականավոր իրանցի լրագրող Իսա Սահարխիզը, որը գտնվում է բանտում, կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` որքան հնարավոր է շտապ այցելել Իրան՝ պատմելու աշխարհին, թե ինչպիսի «սարսափելի բաներ» են տեղի ունենում երկրի բանտերում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իսա Սահարխիզը, որը Մամուլի ազատության պաշտպանության ասոցիացիայի անդամ է, գրել է Ահմեդ Շահիդին, որ «այն, ինչ կատարվում է Իրանի բանտերում, հանցագործություն է մարդկության նկատմամբ՝ նման այն արարքներին, որ տեղի էին ունենում Սիբիրի ստալինյան համակենտրոնացման ճամբարներում»:

Սահարխիզը գրում է, որ «ռեժիմի նպատակն է անձայն և աստիճանաբար սպանել ընդվզող լրագրողներին… քանի որ նրանք վախենում են, որ մենք կենդանի կմնանք նույնիսկ այս ճաղերի և պատերի հետևում»:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունի անցյալ ամիս ՄԱԿ-ի կողմից նշանակված Շահիդի այցելությունը:

Սահարխիզը ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին նախագահական ընտրություններից հետո: Նրան դատապարտել են երեք տարի ազատազրկման, արգելել են հինգ տարվա ընթացքում զբաղվել քաղաքական և լրագրողական գործունեությամբ և մեկ տարով արգելել են լքել Իրանի տարածքը ազատ արձակվելուց հետո:

Նրան մեղադրում են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորելու և «ռեժիմը հակապրոպագանդելու» մեջ:

Աղբյուր: RFE/RL

Read More »Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Վրացական թերթերն աջակցում են ձերբակալված ֆոտոլրագրողներին

«Ալիա» և «Ռեզոնանս» թերթերը արձագանքել են ձերբակալված ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեի կոչին:

Թերթերը տպագրել են բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարները՝ դեմքերի փոխարեն տեղադրելով սև քառակուսիներ, որոնց մեջ գրված է. «Այստեղ պետք է լինեին լուսանկարներ, բայց ֆոտոլրագրողները բանտարկված են»:

«Ալիա» հոլդինգը տպագրել էր Գիորգի Աբդալաձեի ուղերձը լրագրողներին և պարբերականներին. «Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին և թերթերին աջակցության համար: Ես այդ ամենի մասին իմանում եմ փաստաբաններից և ռադիոյից ու դա ինձ ուժ է տալիս պայքարելու այս անարդարության դեմ: Ես կոչ եմ անում բոլոր ֆոտոլրագրողներին և խմբագիրներին թե՛ Վրաստանում, թե՛ արտասահմանում, որոնք հավատում են մեր անմեղությանը: Փակե՛ք բարձրաստիճան պաշտոնյաների դեմքերը և գրե՛ք. «Այստեղ պետք է լիներ լուսանկար, սակայն ֆոտոլրագրողները բանտարկված են»:

Աղբյուր: Interpressnews.ge

Read More »Վրացական թերթերն աջակցում են ձերբակալված ֆոտոլրագրողներին

«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը

Հուլիսի 9-ին «Ալիա» թերթը հրապարակել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեի նամակը: Հեղինակը հայտնում է, որ պատրաստ է զոհաբերել իրեն «ճշմարտությունը բացահայտելու համար»:

«Շտապ հայտարարությունը» տպագրվել է ձեռագիր տեսքով:

Գիորգի Աբդալաձեն, ով համարվում է ԱԳՆ լուսանկարիչ և համագործակցում է «Ալիա» թերթի հետ, կոչ է արել բոլոր լրագրողներին, «որոնք հետաքրքրված են ճշմարտության բացահայտմամբ այս անարդար գործում, որը հարուցել է կառավարությունը ազատ մեդիայի նկատմամբ», չհանձնվել և թույլ չտալ «Իմեդի»-ի, «Իններորդ ալիք»-ի, «Իբերիա»-ի և շատ այլ գործերի կրկնումը:

«Ես պատրաստ եմ զոհաբերել ինքս ինձ ճշմարտությունը բացահայտելու համար, քանի որ հույսեր եմ կապում ձեզ հետ…»:

Ինչպես հայտնում է «Ալիան»՝ Գիորգի Աբդալաձեն հացադուլ է հայտարարել:

Հուլիսի 9-ին դատախազությունը մեղադրել է չորս ֆոտոլրագրողներին՝ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ Նաթիա Գեդենիձեին, Զուրաբ Կուրցիկիձեին և Գիորգի Աբդալաձեին, լրտեսության մեջ և Վրաստանի ՔՕ 314 հոդվածի առաջին մասի համաձայն քրեական գործ է հարուցել, որով նախատեսվում է 8-14 տարի ազատազրկում:

Թբիլիսիի դատարանը Նաթիա Գեդենիձեին ազատ է արձակել 10 հազար լարի գրավի դիմաց: Երեք ձերբակալվածները դատապարտված են երկամսյա նախնական ազատարկման:

Աղբյուր: Media.ge

Read More »«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների

Հայաստանում առաջին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարն առաջացավ Երևանի թեյարաններից մեկում նախորդ տարի, երբ երեք ընկերներ Արմենը, Էդուարդը և Վաղինակը երկար քննարկումներից հետո որոշեցին գործի անցնել:

«Ֆլեշմոբ մշակույթը PR տեխնոլոգիայի մի ձև է: Արևմուտքում այդ մշակույթը ակտիվ զարգանում է, և մենք էլ ցանկացանք նման մի բան նախաձեռնել Երևանում: Առաջին ֆլեշմոբը որոշեցինք կազմակերպել ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի 95-ամյակին», – ասում է մասնագիտությամբ տնտեսագետ 22-ամյա Արմեն Սուքիասյանը:

Ուղիղ պայմանավորված ժամին Աբովյան փողոցի տարբեր կողմերից Ազնավուրի հրապարակում հավաքվեցին երիտասարդների խմբեր և, ուղղանկյան ձևով շարքերով կանգնելով, վեր բարձրացրին իրենց ձեռքի թղթերը: Արդյունքում սպիտակ ֆոնի վրա ուրվագծվեց 95 թիվը’ խորհրդանշելով Մեծ Եղեռնի 95-ամյակը:

Ֆլեշմոբն առաջացել է անգլերեն flash’ կայծակ և mob’ ամբոխ բառերից: Ֆլեշմոբը (կայծակնային ամբոխ) նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ժամանակ մի խումբ մարդիկ անսպասելի հայտնվում են որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախօրոք պայմանավորված անտրամաբանական գործողություններ, իսկ հետո արագ ցրվում տարբեր կողմեր:

Ֆլեշմոբի հոգեբանական կողմն այն է, որ մասնակիցները ստեղծում են անհասկանալի, անհեթեթ իրավիճակ, սակայն պահում են իրենց այնպես, կարծես ամեն ինչ սովորական է: Ֆլեշմոբի սցենարը պետք է ունենա անհեթեթ և անտրամաբանական բնույթ, սակայն մասնակիցները պետք է լինեն լուրջ և սթափ:

Read More »Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների