Skip to content

Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց

Հուլիսի 16-ին կավարտվի «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը, որը նախաձեռնել էր Սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:

Երեքշաբաթյա դասընթացին, որը մեկնարկեց հունիսի 26-ին, մասնակցեցին մինչև 33 տարեկան 19 լրագրողներ` աշխարհի տարբեր երկրների հայկական գաղթօջախներից: Նրանց մեծ մասը ներկայացնում էին սփյուռքի հայկական ԶԼՄ-ները:

Նման ամառային դպրոցի գաղափարն առաջարկվել էր դեռ նախորդ աշնանը Ստեփանակերտում կայացած հայ լրագրողների 5-րդ համաժողովում: Իսկ արդեն դպրոցի բացմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ նման դպրոցը կարևոր և սկզբունքային նշանակություն կունենա սփյուռք-հայրենիք գործակցությունը զարգացնելու և հզորացնելու առումով:

«Խնդիրը նրանում է, որ սփյուռքի ԶԼՄ-ներն սկսում էին ծերանալ. խմբագիրների և աշխատակիցների տարիքը գերազանցում է 40-ը: Այս դպրոցը կազմակերպվել է ոլորտը երիտասարդացնելու նպատակով»,- ասում է Սփյուռքի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և ԵՊՀ-ն մշտապես աջակցելու է դրա իրագործմանը:

Ամառային դպրոցի տեսական դասախոսություններն անցնում են ԵՊՀ-ում, իսկ գործնական դասընթացները` հայաստանյան մի քանի հեռուստաընկերություններում, «Հայաստանի Հանրապետություն» և «Առավոտ» օրաթերթերի խմբագրություններում:

Read More »Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց

Ձերբակալվել է Սաակաշվիլիի անձնական ֆոտոլրագրողը

Վրացական լրատվական գործակալությունները հայտնում են, որ ձերբակալվել են նախագահի անձնական ֆոտոլրագրող Իրակլի Գեդենիձեն և նրա կինը: Արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի լուսանկարիչ Գիա Աբդալաձեն, Եվրոպական ֆոտոլրատվական գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեն և ֆոտոթղթակից Շախ Այվազովը` Associated Press-ից նույնպես ձերբակալված են:

InterPressNews լրատվական գործակալությունը մեջբերում է Գիա Աբդալաձեի կնոջ խոսքերը, որը ենթադրում է, որ իր ամուսնուն մեղադրում են լրտեսության մեջ (հոդված 314 Վրաստանի ՔՕ):

Համաձայն Ներքին գործերի նախարարության հայտարարության՝ ձերբակալվածները մեղադրվում են օտարերկրյա կառավարություններից մեկի հովանու ներքո գործող հետախուզական կազմակերպությանը Վրաստանի շահերին վնասող տեղեկատվություն տրամադրելու մեջ:

ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել:

Ըստ վերջին տվյալների՝ Associated Press-ի ֆոտոթղթակից Շախ Այվազովին ազատ են արձակել: Այս մասին հայտնել է նրա կինը:

Աղբյուր: Media.ge

Read More »Ձերբակալվել է Սաակաշվիլիի անձնական ֆոտոլրագրողը

Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը

Այսուհետ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մի նոր սպորտաձևում, որը կոչվում է պլանկինգ:

Պլանկինգը(planking) թարգմանաբար նշանակում է տախտակացում կամ տախտականալ և այս սպորտաձևի իմաստը կայանում է նրանում, որ մարդը պետք է կարողանա պառկել հորիզոնական դիրքով անհնարին ու անհավանական տեղերում և որոշ ժամանակ պահպանել այդ դիրքը:

Այս էքստրեմալ սպորտաձևը սկիզբ է առել 1997թ-ին Բրիտանիայում, իսկ Հայաստանում այն սկսել է ձևավորվել վերջերս, բայց արդեն գործում է Հայաստանի պլանկինգի ֆեդերացիան:

Ըստ ֆեդերացիայի հիմնադիր Վարազդատ Ղազարյանի` պլանկինգը հնարավորություն է տալիս կյանքն ավելի գունավոր ու զվարճալի դարձնել:

«Մեր առօրյան շատ գորշ ու անշուք է. այս նախաձեռնությամբ փորձում ենք առօրյան ավելի հետաքրքիր դարձնել: Մեր նպատակը մարդկանց ժպտալ սովորեցնելն է»,- ասում է Ղազարյանը:

Ֆեդերացիային կարող են միանալ բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Պետք է պարզապես նկարվել հորիզոնական դիրքով որևէ անհավանական վայրում և նկարը ուղարկել ֆեդերացիա կամ տեղադրել նրանց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Խմբի ամենատարեց անդամը 50-ամյա Նաիրա Մուրադյանն է:

Ֆեդերացիան առաջացրել է և´ դրական, և´ բացասական արձագանքներ, սակայն խումբը դեմ չէ առողջ քննադատությանը:

Read More »Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը

Անվճար Wi-Fi ինտերնետի երևանյան քարտեզ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նույն ինքը անվանի բլոգեր Kornelij Glas-ը, որոշել է թեթևացնել Երևանի «ցանցառների» (ինտերնետ օգտագործողների) գործը և Google Map-ի օգնությամբ ստեղծել է Երևան քաղաքի անվճար Wi-Fi ինտերնետի քարտեզ՝ հիմնականում ընդգրկելով քաղաքի կենտրոնի հասարակական վայրերը և սրճարանները:

«Այս պահին մոտ 40 կետ եմ ավելացրել և դեռ շարունակում եմ ավելացնել, քանի որ քարտեզը ակտիվացնելուց հետո բլոգի և սոցիալական ցանցերի միջոցով դիմեցի ընկերներիս, որ հուշեն անվճար Wi-Fi-ով առկա այն վայրերի մասին, որոնք չէի նշել», – «ՋեյՆյուզին» ասաց Սամվելը:

Read More »Անվճար Wi-Fi ինտերնետի երևանյան քարտեզ

Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Քաղաքային ավտոբուսի վարորդ Գևորգ Պողոսյանի աշխատանքային պարտականություններին վերջերս ավելացել է ևս մեկը: Նա ամեն առավոտ ճանապարհ դուրս գալուց առաջ նախ պետք է իր անիվների վրա գտնվող աշխատավայրում ապահովի Wi-Fi` միացնելով ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը:

Գևորգը 22 համարի երթուղու այն միակ ավտոբուսի վարորդն է, որը հագեցվել է Wi-Fi  ապահովող սարքով: Նմանատիպ անլար ինտերնետով ապահովված են նաև 3, 15, 16 և 28 երթուղիների մեկական ավտոբուսներ:

Վարորդ Գևորգը հավանություն է տալիս այս նորամուծությանը, թեև դեռ ուղևորների ավելացում չի նկատում: Վերջինս բացատրում է նրանով, որ 22 երթուղուց օգտվում են հիմնականում երիտասարդները և քանի որ ուսումնական տարին ավարտվել է, նրանց թիվն էլ նվազել է:

Բայց Գևորգը լավ նորություն էլ ունի: Ասում է Wi-Fi-ի շնորհիվ արդեն երկու մշտական երիտասարդ հաճախորդ ունի, ովքեր վաղ առավոտյան գալիս են, սպասում են 22 համարի ավտոբուսին և մեկժամյա երթևեկության ընթացքում օգտվում են ինտերնետից:

«Մի քանի օր առաջ էլ մի մարդ նստեց: Վեց ռեյսի համար վճարեց 600 դրամ, գնաց վերջում նստեց ու իրա նոթբուքով սկսեց աշխատել: Ով որ հասկացող ա, օգտվում ա», -ասում է Գևորգը և եզրակացնում, որ եթե նա գնար որևէ ինտերնետ-ակումբ, հաստատ ավելի շատ գումար կծախսեր: «Ինքը երևի հաշվել ա, տեսել, որ 6 ռեյսի ընթացքում իրա գործը կանի, սենց իրա համար ձեռնտու ա, ու եկել նստել, իրա համար հանգիստ աշխատել ա»:

Read More »Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Թուրքական մեդիա ընկերությունները քննադատում են դատախազի պահանջն, ըստ որի թերթերը պետք է հանձնեն մայիսի 31-ին Հոփա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների` իրենց բոլոր լուսանկարենրը կամ կանգնեն դատարանի առջև:

«Կառավարությանը տեղեկատվություն տրամադրելը լրագրողի գործը չէ», – ասում են Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ լրագրողների ասոցիացիան: 

Մայիսի 31-ին սևծովյան Հոփա շրջանում տեղացիները բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Սակայն ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով 54-ամյա ցուցարար Մեթին Լոկումչուն սրտի կաթված է ստացել և մահացել: Նրա մահը զայրացրել է ցույցի մասնակիցներին, որոնք սկսել են քարկոծել Էրդողանի կողմնակիցներին:

Հինգշաբթի օրը Հոփայի դատախազությունը հաղորդագրություն է ուղարկել մամուլին՝ տալով լրագրողներին 10 օր, որպեսզի նրանք հանձնեն այդ իրադարձություններից առաջ, ընթացքում կամ հետո արված բոլոր լուսանկարները: Զգուշացվել է նաև, որ ցանկացած լրագրող, որը կհրաժարվի հանձնել իր լուսանկարները, կենթարկվի քրեական պատասխանատվության համաձայն Թուրքիայի ՔՕ 257-րդ հոդվածի՝ «պարտականությունները չկատարելու համար»:

Այս պահանջը զայրացրել է լրագրողական միություններին և քննադատվել մտավորականության կողմից:

«Լրագրողները անվտանգության աշխատակիցներ չեն, որպեսզի տեղեկություն տան իշխանություններին տեղի ունեցած իրադարձությունների մասին», – ասում է Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:

Read More »Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը

21-ամյա Արման Ղազարյանի և նրա հասակակից Ինեսսա Սաղեյանի նախաձեռնությամբ Երևանում սկսում է ակտիվանալ BookCrossing շարժումը: Կասկադի այգում կիրակի կայացավ Հայաստանում առաջին BookCrossing-ը, որի ընթացքում մասնակիցները իրենց հետ բերած գրքերը փոխանակում էին միմյանց հետ:

Ընթերցանության նման շարժումը իրականում 10-ամյա պատմություն ունի, իսկ 2007թ-ին BookCrossing-ի առաջին պաշտոնական երկիր դարձավ Սինգապուրը: BookCrossing-ի մայր կանոնի համաձայն կարդացած գիրքը պետք է թողնել հասարակական վայրում, որտեղ մեկ այլ ընթերցող կարող է գտնել այն, կարդալ և իր հերթին նույն կերպ «մոռանալ» գիրքը մեկ այլ վայրում: Այսպիսի շարժման արդյունքում BookCrossing-ի նախահայր, ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերկի պատկերացմամբ աշխարհը կվերածվի մի հսկա գրադարանի:

«Մենք ուզում ենք BookCrossing-ը Հայաստանում ակտիվացնել: Այն սկսվում է փոքր քաղաքներում և վերածվում գլոբալ շարժման»,- ասում է Արմանը:

16-ամյա Սյունե Սարգսյանը երևանյան շարժման մասնակիցներից է: Կասկադի այգի նա իր հետ բերել էր «Գոնչարով» և փոխանակեց այն «Ֆեդերիկո Ֆելինի»-ի հետ:

Read More »Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը

Ի՞նչ է Google+-ը

Որոնողական համակարգերի հսկա Google ընկերությունը հայտարարել է Google+ սոցիալական ցանցի ստեղծման մասին, որը պետք է մրցակցի Facebook-ի հետ: Ամեն դեպքում այդպես է նախատեսված: Google+-ը իրականում սոցիալական ցանց ստեղծելու Google-ի հերթական փորձերից վերջինն է:

«Սովորական, մարդկային առցանց շփումը շատ թերություններ ունի: Եվ մենք պատրաստվում ենք դա ուղղել», – ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:

Ընկերությունն, իհարկե, շատ գործիքներ ունի, որոնք կարելի է օգտագործել՝ ներառյալ Picasa-ն, Gmail-ը և Google Maps-ը, և այս բոլոր գործիքների տեղեկությունները և գործառույթները կհամախմբվեն Google+-ի մեջ: Սա նշանակում է, որ մարդիկ ստիպված չեն լինի տարբեր ծառայությունների համար անընդհատ գրանցվել, որպեսզի հրապարակեն իրենց նկարները կամ շփվեն ընկերների հետ:

Յուրաքանչյուր Google+-ի օգտատեր կտեսնի լրահոս, որը հիմնականում նմանվում է Facebook-ի լրահոսին, որտեղ անընդհատ թարմացվում են օգտատիրոջ և նրա ընկերների վերջին գործողությունները: Կան նաև չորս հիմնական տարրեր՝ Circles, Hangouts, Huddle և Sparks: Google-ն ակնարկում է, որ այս չորս գործառույթները ապագայում դեռ կհամալրվեն նորերով:

Circles-ը թույլ է տալիս խմբավորել ընկերներին տարբեր շրջանների մեջ: Օրինակ, եթե ուզում եք խոսել այն մասին, թե ինչպես եք անցկացրել ձեր հանգստյան օրերը, բայց չեք ուզում, որ ձեր ծնողներն էլ իմանան այդ մասին, կարող եք առանձին շրջանի մեջ խմբավորել ձեր մտերիմ ընկերներին:

Read More »Ի՞նչ է Google+-ը

Մետրոյի ուղեվարձը միևնույնն է թանկացավ

Հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձի թանկացման մասին լուրը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես ուսանողների շրջանում:

Այն օրը, երբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ուղեվարձի կրկնակի թանկացման մասին, «Facebook» սոցիալական ցանցում անմիջապես ստեղծվեց «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնությունը, որի մասնակիցները 8 օր անց` հունիսի 29-ին, բաց նամակներով դիմեցին Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին` մետրոյի հուլիսի 1-ին որոշված թանկացումը հետաձգելու և փորձաքննություն անցկացնելու պահանջով:

Ուղեվարձը 50-ից 100 դրամ դարձնելով` քաղաքապետարանը մտադիր է այդ գումարներն ուղղել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը։ Մինչդեռ ուղևորները հակառակ կարծիքի են:

20-ամյա Վահան Ղազարյանը մետրոյից հաճախ է օգտվում: Մետրոյի ուղեվարձի թանկացման մասին լուրը նրան շատ է վրդովեցրել:

«Մետրոն երթևեկության միակ միջոցն է, որից ես հաճույքով եմ օգտվում ու աշխատում էի հնարավորինս շատ օգտվել: Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց մետրոպոլիտենը կզգա, որ արդյունքում նրանք կորցնում են իրենց ուղևորների մեծ մասին ու այդ որոշումը չեղյալ կհամարվի»:

Read More »Մետրոյի ուղեվարձը միևնույնն է թանկացավ

Ինչպես գրել վեբ-կայքի համար

Ինչպիսի՞ն պետք է լինի վեբ-կայքի տեքստը: Ինչպիսի՞ն է առցանց տեքստի կառուցվածքը: Քանի՞ բառ պետք է լինի հոդվածում: Ինչո՞ւ շրջել բուրգը:

Ինտերնետային կայքի համար գրված ակնարկը նույն բանը չէ, ինչ թերթի հոդվածը: Վեբ-ընթերցողը քմահաճ է. աչքի տակով անցկացնում է տեքստը իրեն հետաքրքրող տեղեկատվություն գտնելու ակնկալիքով, և եթե արագ արդյունքի չհասնի, ամենայն հավանականությամբ կլքի կայքը:

Այդ պատճառով տվե՛ք նրանց այն, ինչ ուզւոմ են:

Պատկերացրեք՝ ինչպես կպատմեիք Ձեր նորությունը մարդաշատ և աղմկոտ վայրում: Ինչի՞ց կսկսեիք: Շատ դեպքերում հենց այդպիսին պետք է լինի առցանց հոդվածի առաջին պարբերությունը:

Ընթերցողն առաջին հերթին ուշադրություն է դարձնում կայքում զետեղված վերնագրերին: Հաջողված վերնագիրը արտահայտում է այն, ինչի մասին խոսվելու է հոդվածում: Համոզվեք, որ Ձեր վերնագիրը լսարանին թյուրիմացության մեջ չի գցում:

Առցանց հոդվածները պետք է լինեն համեմատաբար կարճ, քանի որ  էկրանից ավելի բարդ է տեղեկատվությունն ընկալել քան թղթից: Որպես կանոն կարիք չկա մանրամասն նախապատմություն գրել, քանի որ կարելի է պարզապես հղում տալ Ձեր կայքում նախկինում հրապարակված նյութերի վրա:

Եթե Ձեր հոդվածը բաղկացած է մի քանի իմաստային մասից, կարող եք այն բաժանել հատվածների՝ վերնագրելով դրանցից յուրաքանչյուրը հեշտ ընկալելու համար:

Read More »Ինչպես գրել վեբ-կայքի համար