«Օգնական» թիմը ճանաչվեց լավագույնը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում
Դեկտեմբերի 19-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» ծրագրավորման և նախագծերի ներկայացման լայնածավալ մրցույթի արդյուքները, և առավել հետաքրքիր նախագծերի հեղինակներն արժանացան պարգևների:
«Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Օգնական» թիմը, որն առաջարկում է ստեղծել «Ձայն» հեռախոսային հավելված` լսողության խանգարումներ ունեցողների համար: Ինչպես նշում է նախագծի հեղինակ, լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը, նախագիծն արժանացել է Երևանի քաղաքապետարանի հավանությանը, որն էլ ստանձնել է ծրագրի իրականացման հովանավորչությունը:
Նույն նախագիծն արժանացավ նաև «Լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգին, որի համար թիմը պարգևատրվեց 350 հազար դրամով:
Բացի «Օգնական» թիմից պարգևատրվեցին նաև «Open MS» թիմը` ճանապարհների խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար` 1 մլն դրամով և «BigBrain» թիմը` «Kinect Stand» տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախագծի առաջարկի համար` 500 հազ. դրամով: Մրցանակներ ստացան նաև այլ թիմեր:
Առաջին հայկական Հեքըթոնը, նորարարական ծրագրերի առաջարկներով, նվիրված էր մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Դեկտեմբերի 17-18-ը Երևանի քաղաքապետարանում ավելի քան 30 թիմեր 24 ժամ շարունակ աշխատում էին իրենց առաջարկած նախագծերի ուղղությամբ:
Մրցույթը կազմակերպել էին «Հանրային լրագրության ակումբն» ու «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը»: Միջոցառմանն աջակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը:
Read More »«Օգնական» թիմը ճանաչվեց լավագույնը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում